Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ

Փետրվար 22,2013 16:41

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ քսանհինգերորդ

ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ

Եվ Ռուբոն ժպտալով Շերենցին հարցրեց՝ «որ Խորոզն ուզում ա Վարպետին պատիվ տա, ինչի՞ ես խանգարում» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «քեզ ա՞ հյուրասիրում, որ մերժում ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինքը որ Վարպետ ա ասում, ոչ թե քեզ նկատի ունի, այլ՝ Շիրազին», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես էլ ի՛մ գծով եմ վարպետ», եւ Ռուբոն Շերենցին հարցրեց՝ «քո գիծը ո՞րն ա», եւ Շերենցը նայեց պաղպաղակի դատարկ պնակին ու փռթկացնելով ասաց՝ «պաղպաղակը», եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «դու համ էլ բարբառների գծով ես վարպետ», եւ Շերենցը փռթկացնելով ասաց՝ «այո», եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «բայց ոնց որ Ռուբոյից նեղացածությունդ անցավ», եւ Շերենցը բավական երկար մտածեց ու ասաց՝ «ըդիկ իմ հիմնական թերությունս է», եւ  Արայիկը հարցրեց՝ «ո՞րը», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ կրնա երկար ժամանակով մարդկանց հետ խռով պահեմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ՝ սիրածս մարդկանց հետ», եւ Ներսիսյանը խոսեց ու ասաց՝ «դա ոչ թե թերություն է, այլ՝ առավելություն» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «երանի բոլորն այդ  հատկությունն ունենային», եւ Ներսիսյանի  խոսքի վրա Խորոզը  խռմփացրեց, եւ Արայիկը փռթկացնելով ասաց՝ «Խորոզն ու Մարգունին էլ քնելու գծով են վարպետ», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «Խորոզը համ էլ խմելու գծով ա վարպետ», եւ Շիրազը խոսեց ու ասաց՝ «Մարգունին դերասանության  մեջ էլ է վարպետ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «փոքր դերեր կխաղա, բայց վարպետորեն կխաղա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «թատրոնի մեր դասականներից ինքն է մնացել», եւ Շերենցն ասաց՝ «դերի մեծությունը հեչ կապ չունի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կարեւորը դերասանի տաղանդն է», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «մեռնեմ թատերագետ ջանիդ», եւ Շերենցն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «մեկ էլ դերասանի վարպետությունն է կարեւոր», եւ Արայիկը Շերենցին ասաց՝ «դու էլ ես  փոքր դերեր խաղում, բայց վարպետորեն ես խաղում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, դու էլ ես վարպետ», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով Արայիկին ասաց՝ «ինձնից ի՜նչ վարպետ, այ բալա», եւ Ռուբոն ծիծաղելով ասաց՝ «մի քառակուսի մետրի վրա էղած վարպետների քանակով մեր սեղանն աշխարհում առաջին տեղը կգրավի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էս պահի դրությամբ, փաստորեն, հինգ հատ վարպետ ունենք», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ումո՞վ  ես հինգ հաշվում», եւ Ռուբոն մի քիչ  մտածեց ու ժպտալով Շերենցին ասաց՝ «Շիրազը, Լեւոնն ու Արայիկը նաղդ կային, հիմի էլ Մարգունին ու դու ավելացաք», եւ Շերենցը նայեց Մարգունուն ու փռթկացնելով  հարցրեց՝ «քնածներն էլ ե՞ն հաշիվ», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «վարպետներն էլ քնելու իրավունք ունեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իրանք էլ են մարդ», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քնածներին օր կհաշվես, ինչի՞ Խորոզին չես հաշվի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Ֆրունզին ընպես է քանդակել՝ ինչըղ ժիվոյ Ֆրունզն էղնի», եւ Ռուբոն  ժպտալով Շերենցին հարցրեց՝ «Ֆրունզին ֆոտոյից ա՞ քանդակել», եւ Շերենցը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «չէ՝ իրականից», եւ Ռուբոն հիացած բացականչեց՝ «մալադե՛ց Խորոզ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես էլ եմ միշտ ուզել Ֆրունզին քանդակեմ, բայց չեմ կարացել իրան համոզեմ, որ մի քանի ժամ նստի», եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «Խորոզի արվեստանոցում  Ֆրունզն ընդամենը մի ժամ է նստել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ամենաշատը՝ ժամուկես», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու Շերենցին հարցրեց՝ «Խորոզն ա՞ ասել, որ Ֆրունզին ժամուկեսում ա քանդակել», եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «էդ օրը ես էլ էի հետները» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մինչեւ Ֆրունզի հետ մի քանի բաժակ բան խմեցինք, Խորոզը քանդակեց պրծավ», եւ Արայիկը Շերենցին հարցրեց՝ «ի՞նչ էիք խմում», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես պիվա, Ֆրունզը՝ րախի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Խորոզը համ կքանդակեր, համ էլ մեզի համահավասար կխմեր» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «անխիղճը  շատ տաղանդավոր է» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրա խմելն օր չէղներ, վայ թե շատ մեծ հաջողությունների հասներ», եւ Ներսիսյանը ժպտալով ասաց՝ «եթե Խորոզը չխմի, երեւի ընդհանրապես չկարողանա քանդակել», եւ Արայիկը ժպտալով ասաց՝ «եթե Խորոզը չխմեր, Ֆրունզին ոչ թե ժամուկեսում կքանդակեր, այլ՝  տարիուկեսում», եւ Ներսիսյանը ժպտալով ասաց՝ «եթե Խորոզը չխմեր, ոչ թե Ֆրունզին կքանդակեր, այլ՝ Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւին» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինչպես որ շատերն են անում», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մարդ էլ կա՝ համ Բրեժնեւ կքանդակի, համ էլ խմի գը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «անունը չտամ», եւ Ռուբոն ասաց՝ «հեռի սեղանից», եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «էդ կլյաուզնիկի անունը  որ տաս, ձեռից չես պրծնի», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու  ժպտալով Արայիկին հարցրեց՝ «ինքը  դերասանների վրա էլ կլյավուզա կգրե՞», եւ Արայիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ պետք ըլնի՝ սապոժնիկների վրա էլ կգրի», եւ Շերենցը  մի քիչ մտածեց ու ասաց՝ «զարմանալի է», եւ Արայիկը հարցրեց՝ «ի՞նչն ա զարմանալի», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «խմող մարդն ի՞նչըղ կլյավուզա կգրե», եւ Արայիկն ասաց՝ «խմող մարդը որ Բրեժնեւ ա քանդակում, ամեն ինչ էլ կարա անի», եւ Ռուբոն ժպտալով հարցրեց՝ «Բրեժնեւին ժամուկեսում ա՞ քանդակում», եւ Շերենցը փռթկացնելով ասաց՝ «ժամուկեսում կլյավուզան կգրե», եւ Շիրազը Շերենցին հարցրեց՝ «էդիկ վո՞վ է», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարեւոր  չէ, Վարպետ», եւ Շիրազը զարմացած նայեց Շերենցին ու ասաց՝ «ի՞նչըղ թե՝ կարեւոր չէ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «օր կարեւոր չէ, ինչի՞ էդ մարդու մասին էսքան կխոսեք», եւ Շերենցը հարցրեց՝ «ինչքա՞ն ենք խոսել», եւ Շիրազը մի քիչ  մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ժամուկես», եւ Ռուբոն Շերենցին ասաց՝ «չեմ հավատում, որ Խորոզը Ֆրունզին ժամուկեսում  քանդակած ըլնի», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու նեղսրտած հարցրեց՝ «երդվե՞մ», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «երդվես էլ, մեկ ա՝ չեմ հավատա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ժամուկեսում հնարավոր չի պորտրետ քանդակել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «տեխնիկապես հնարավոր չի», եւ Շերենցը  մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «լավ էլ տեխնիկապես քանդակեց», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հնարավոր չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «նույնիսկ Խորոզը չի կարա», եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «լավ էլ կարեցավ», եւ Արայիկը ժպտալով Ռուբոյին ասաց՝ «դրա համար էլ Խորոզին են վարպետ ասում, ոչ թե՝ քեզ», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ժպտալով Արայիկին հարցրեց՝ «կարող ա՞ դու էլ ես ժամուկեսում քանդակել», եւ Արայիկը զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ եմ ժամուկեսում քանդակել», եւ Ռուբոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Մյասնիկովին», եւ Արայիկը մի քիչ մտածեց ու Ռուբոյին ասաց՝ «դու ինձնից լավ գիտես, որ Մյասնիկյանինը տարիուկեսից ավել ա տեւել», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «տարիուկես մենակ համոզում էին, որ խեղճի բոյը մի քանի սանտի ավելացնես», եւ Շերենցն ասաց՝ «ճիշտն օր կուզեք իմանաք, Խորոզի Ֆրունզին քանդակելը ժամուկեսից էլ պակաս տեւեց», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ խմելով եք ընկել, ժամանակն արագ ա անցել», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ընդամենը մի շիշ պիվա եմ խմել», եւ Ռուբոն Շերենցին հարցրեց՝ «բա իրա՞նք ինչ էին խմում», եւ Շերենցը պատասխանեց ու ասաց՝ «րախի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ պիվա», եւ Ռուբոն ժպտալով հարցրեց՝ «բա դու արաղ չխմեցի՞ր», եւ Շերենցը մի քիչ  մտածեց ու ասաց՝ «մի հադըմ հիցուն», եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «փաստորեն, պիվեն ու արաղը խառնել եք», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ իրանք», եւ  Մարգունին, որ նորից զարթնել էր, Շերենցին ասաց՝ «պիվեն ու արաղը չի կարելի խառնել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ քո տարիքում», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «պիվեն ու արաղը որ խառնում ես, ժամանակը շատ արագ ա անցնում» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «մանավանդ քո տարիքում» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «հինգ  ժամը կարող ա ժամուկես թվա» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ասաց՝ «չնայած հինգ ժամում էլ ա անհնարին պորտրետ քանդակել», եւ Մարգունին խոսեց ու ասաց՝ «Շերենցի տարիքում մարդիկ ժամանակի զգացողությունը լրիվ կորցնում են», եւ Շերենցը զարմացած նայեց Մարգունուն ու հարցրեց՝ «որտեղի՞ց գիտես», եւ Մարգունին պատասխանեց ու ասաց՝ «կարդացել եմ», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով Մարգունուն հարցրեց՝ «էդ կարդացածդ քեզ էլ կվերաբերվի՞», եւ Մարգունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «բնականաբար», եւ Շերենցը փռթկացնելով Մարգունուն  հարցրեց՝ «սամալյոտների վիճակը ո՞նց է, ընկեր Մարգունի», եւ Մարգունին ապշահար նայեց Շերենցին ու հարցրեց՝ «ի՞նչ սամալյոտներ», եւ Շերենցը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «ռազմական», եւ Մարգունին ապշահար նայեց Շերենցին ու ասաց՝ «փաստորեն, էդ գրքի մեջ լրիվ ճիշտ էր գրված» եւ խղճահարությամբ Շերենցին նայելով ավելացրեց՝ «ժամանակի զգացողությունդ լրիվ կորցրել ես, Ազատ տղա», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «տարիքի հետ կապված բան է, Վաղինակ եղբայր», եւ Մարգունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «ժամանակ առ ժամանակ իմ հետ էլ ա պատահում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ժամանակ առ ժամանակ ինձ թվում ա թե՝ պատերազմը չի ավարտվել», եւ Շերենցը փռթկացնելով ասաց՝ «սամալյոտները՞», եւ Ռուբոն Մարգունուն ասաց՝ «պատերազմն իսկականից էլ չի ավարտվել», եւ Շերենցը փռթկացնելով Ռուբոյին ասաց՝ «ձեռ կառնի՞ս, այ Ռուբեն» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հորդ թայ մարդիկ ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով Ռուբոյին հարցրեց՝ «պատերազմն ի՞նչըղ չի ավարտվել», եւ Ռուբոն միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «տաքն  ավարտվել ա, բայց սառը շարունակվում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էս պահի դրությամբ՝ մենք սառը պատերազմի մեջ ենք գտնվում», եւ Շերենցը զարմացած նայեց Ռուբոյին, հետո նայեց Մարգունուն ու հարցրեց՝ «էս ի՞նչ ա ասում», եւ Մարգունին Շերենցին ասաց՝ «շատ ճիշտ բան ա ասում», եւ Շերենցը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Մարգունին ասաց՝ «սառը պատերազմի իմաստով լրիվ ճիշտ ա ասում» եւ Շերենցը զարմացած հարցրեց՝ «պատերազմի սառն ու տաքը ո՞րն է», եւ Մարգունին մի քիչ մտածեց ու Շերենցին ասաց՝ «հետո քեզ առանձին կբացատրեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «երկար պատմություն ա», եւ Ներսիսյանը ժպտալով խոսեց ու ասաց՝ «հումորի առումով Ռուբոն հավասարը չունի», եւ Շերենցը փռթկացնելով Ռուբոյին ասաց՝ «դու էլ հումորի գծով ես վարպետ», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «զգացված  եմ, Ազատ եղբայր»:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել