Քիչ առաջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երեւանյան գրասենյակի առջեւ ավարտվեց քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների բողոքի ակցիան:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նրանք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին հրաժեշտ տալու եւ նախագահական ընտրություններում աշխատելու համար նրանց «շնորհակալություն» հայտնելու համար էին գնացել: Երկար բանակցություններից ու քաշքշուկից հետո ակտիվիստներին ոստիկանները թույլատրեցին բարձրանալ գրասենյակի առջեւ:
Ակտիվիստները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի ներկայացուցիչ Ռոբին Սիվորդին հանձնեցին 2 պարկ աղբ եւ արձանագրված ընտրակեղծիքների տեսանյութ եւ գրավոր այլ փաստարկներ:
«Մենք ձեզ համար նվեր ունենք: Այս այն ծրարներն են պատառոտված, որոնք տեղի են ունեցել ընտրությունների ժամանակ: Սրանք էլ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներն են, թե ինչ ընտրություններ են եղել: Խնդրում եմ ծանոթացեք եւ եզրակացրեք, արդյոք այս ընտրությունները մի քայլ առաջ էին, թե քանի քայլ հետ: Սպասում ենք ձեր արձագանքին եւ խնդրում ենք՝ այսուհետեւ չգալ Հայաստան, որ ձեր իրականությանը չհամապատասխանող եզրակացություններով էլ ավելի չծանրացնեք այստեղ եղած վիճակը: Փոխանակ Հայաստանի քաղաքացուն օժանդակեք, որ երկրում անցկացվեն իրական ազատ ընտրություններ եւ հաստատվի սահմանադրական իրավակարգը, դուք օժանդակում եք իշխանություններին կատարել ապօրինություններ: Երբ պատրաստ լինեք վերջ տալ այդ ապօրինությունների լեգիտիմացմանը, նոր կարող եք գալ Հայաստան: Այլ պարագայում դուք Հայաստանում տեղ չունեք, գնացեք Սոմալիում զբաղվեք»,- նվերները պարոն Սիվորդին հանձնեց ու մատը թափ տալով հորդորեց ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը:
Կարդացեք նաև
Պարոն Սիվորդն էլ շնորհակալություն հայտնեց ու ասաց՝ դուք ունեք ձեր դիրքորոշումը հայտնելու իրավունք:
Նվերները հանձնելուց հետո ակտիվիստները պարեցին ու հեռացան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ