«Ժառանգության» ամբիոնում այսօր էլ կան մարդիկ, որոնք որպես անձ Արմեն Մարտիրոսյանի համար անընդունելի են
Այն, որ ընտրություններից առաջ Կոնգրեսը մեղադրում էր Րաֆֆի Հովհաննիսյանին Սերժ Սարգսյանի իշխանությունը լեգիտիմացնելու մեջ եւ հիմա միավորվի նրա հետ՝ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դրա մեջ խնդիր չի տեսնում. «Իրենց դիրքորոշումն է եղել ընտրություններից առաջ: Իրենք այդպես են նպատակահարմար գտել: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքնուրույն է կայացնում իր որոշումը, խնդիր չեմ տեսնում: Եթե իրենք այս պահին արդեն ցանկանում են աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ ամենակարեւորը՝ ժողովրդին իր իրավունքն իրացնելու մեջ, դա մենք միայն ողջունելու ենք: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը ինքը եւս ասել է, որ այս ամբիոնը բաց է բոլորի համար հավասարաչափ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Կարծիք կա, որ ՀԱԿ-ը, օգտվելով ստեղծված իրավիճակից, կդառնա դրության տերը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի տաքացրած, արթնացրած ընդդիմադիր ընտրազանգվածի գլխին կկանգնի: Արմեն Մարտիրոսյանին այս սցենարը սարսափելի չի թվում. «Ժառանգությունը» երբեւիցե չի եղել, որ նեղ կուսակցական շահերով առաջնորդված լինի: Մեզ համար միշտ կարեւոր է եղել խնդրի լուծումը: Հիմա եթե Կոնգրեսի մեր գործընկերները կցանկանան միանալ այս պայքարին, մենք որեւէ խնդիր չենք տեսնում: Իմիջիայլոց, կան մարդիկ Կոնգրեսից, որոնք միացել են՝ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը՝ Մանուել Գասպարյանի գլխավորությամբ: Այնպես որ, որեւէ խնդիր այստեղ չեմ տեսնում: Իսկ ինչ վերաբերում է ղեկավարությանը, պարզ է, որ ղեկավարն այստեղ ժողովուրդն է՝ իր քվեով: Ժողովուրդն ինքն իր ներկայացուցչին արդեն ընտրել է»:
Մեր դիտարկմանը, որ «Ժառանգության» եւ Կոնգրեսի նպատակները, տարածած գաղափարները տարբեր են եւ այսօր դժվար է պատկերացնել Զարուհի Փոստանջյանին եւ, ասենք, Գագիկ Ջհանգիրյանին՝ իրար կողք կողքի՝ նա պատասխանեց. «Ժառանգությունը» շատ ժամանակ միավորել է անպատկառներին, տարբեր ուղղության թերթերի՝ «Ժառանգության» նկատմամբ հարվածներով, վերջացած նրանով, որ «Ժառանգության» սեղանի շուրջ նստել են հակամարտող կողմեր: Այսօր էլ ամբիոնում կան մարդիկ, որոնց ես որպես մարդ, անհատականություն, անձ չեմ ընդունում: Բայց սա քաղաքական պայքար է, եւ ոչ թե անձնական: Ուստի մեզ համար, ինչպես ասել ենք, կարեւորը միասնությունն է այդ պայքարի մեջ եւ ոչ թե մեր անձնական ամբիցիաները»:
Կարդացեք նաև
Մենք ճշտեցինք, այսինքն, այս պայքարում, նույնիսկ, եթե Գագիկ Ջհանգիրյանին Զարուհի Փոստանջյանը համարում է մարդասպան, նրա հետ կարող է լինել նույն թիմի անդա՞մ՝ նա պատասխանեց. «Բերեք ես այդ հարցին չպատասխանեմ, որովհետեւ դեռեւս Գագիկ Ջհանգիրյանը թիմի մեջ չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ