«Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս եկավ նախագահականից և հավաքված հանրությանը ոչինչ չասաց հանդիպման մասին, կարծում եմ՝ ճիշտ չէր»,-Aravot.am-ի հետ զրույցում Ր. Հովհաննիսյանի քայլերն այսպես գնահատեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Այնուհետև հավելեց. «Հանրությունը սպասում էր նրան, թե ինչ ավարտ ունեցավ այդ հանդիպումը: Գոնե կարճ պիտի ներկայացներ, թե ինչ է քննարկվել: Ի վերջո՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ռեսուրսը հասարակության վստահությունն է: Գոնե ինքը մեկ-երկու նախադասությամբ ներկայացներ հանրությանը և ասեր, թե ինչու է ուզում մեկ օր անց իր տեսակետը հայտնել: Զուտ տակտիկական տեսակետից, Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ չվարվեց: Փաստորեն դռնփակ պայմաններում հանդիպումը, անդրկուլիսային բանակցություններն ավելի շահավետ են իշխանությանը: Տակտիկական տեսակետից իշխանությունն ավելի շատ աչոկներ հավաքեց, քան Րաֆֆի Հովհաննիսյանը»:
Քաղաքագետը վատ բան չի տեսնում նրանում, որ Ր. Հովհաննիսյանը գնում է բանակցությունների: Սակայն նկատում է. «Նախ հրապարակավ չարժեր նման բան ասել: Հասկանում ենք Ր. Հովհաննիսյանը անկեղծ մարդ է, բայց ամեն ինչ չարժե այդպես անկեղծ ներկայացնել: Եթե երեք-չորս հոգու հետ վարվեր այդպես, կհասկանայի, բայց խոսքը վերաբերում է հսկայական հանրությանը, որ իր ձայնը տվել է Րաֆֆիին: Կարծում եմ Ր. Հովհաննիսյանը փորձ չունի օպերատիվ գործելու առումով, և փորձը ոտքի վրա է ձեռք բերում: Իրոք, վրիպումներ անում է և ամեն ինչ պիտի անի, որ ապագայում վրիպումները չլինեն»:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Ր. Հովհաննիսյանի քայլերը ճիշտ է գնահատում և նշում. «Կարծում եմ լավ բան է: Եթե նկատել եք, ինքը բավականին զգուշավոր է: Պահի տակ մարդը զգացմունքների ներքո կարող է ամեն ինչ խոսել, իսկ Ր. Հովհաննիսյանը հավասարակաշռված ու մտածված էր: Գուցե կխորհրդակցի միջավայրի հետ, պարտադիր չէ, որ մենք ամեն ինչ լսենք: Պրոցեսը դրական է: Ընդդիմադիր առաջնորդը, որն աննախադեպ ձայներ է ստացել , երբ երկխոսում է նախագահի հետ, դա միայն բարիք կարող է բերել մեր հանրապետությանն ու ժողովրդին: Մեր ժողովուրդը 1990-ականներից սկսած սովորել է ամբոխավարությանը: Այնինչ այս գործելաոճը ավելի լավ է, քան «Ղարաբաղ» կոմիտեի ճղճղան անդամներինը, որոնք գալիս հիստերիա էին սարքում: Ինչ է եղել, կարելի է նստել, հանգիստ խոսել ու հարցը լուծել: Րաֆֆիի հաջողություններով և անհաջողություններով տասնյակ հազարավոր մարդիկ են շահագրգռված: Մի բան ակնհայտ է. խանդ կա քաղաքական էլիտա կոչվածի մեջ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ