Փետրվարի 22-ին ԱԻ նախարարությունն էր այցելել հատուկ կարիքավոր մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագրի մասնակիցների 19-հոգանոց խումբը:
Վերոնշյալ ծրագրով «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և «Human Dignity and Peace» հիմնադրամի աշխատակիցների համար անցկացվում է «Աշխատատեղի հարմարեցում» թեմայով դասընթաց: Այն վարում է Նիդեռլանդներից ժամանած փորձագետ Յան Հոսթինգը։
Դասընթացի շրջանակներում, «Ունիսոն» ՀԿ խնդրանքով, կազմակերպվել էր այցելություն ԱԻ նախարարություն` ծանոթանալու համակարգում փորձաշրջան անցնող հաշմանդամների աշխատանքային պայմաններին:
Խոսելով ԱԻՆ համակարգում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորելու նախաձեռնության մասին` ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Ն. Գրիգորյանը մասնավորապես ասաց.
Կարդացեք նաև
– ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ` «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամում ստեղծվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խումբ, որն աշխատում է հաշմանդամներին ԱԻՆ համակարգում աշխատանքի տեղավորման եւ աշխատանքային պայմանների ստեղծման ուղղությամբ: Խմբում ընդգրկված են ՀՀ արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ԱՌՆԱՊ հիմնադրամի, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկայումս այդ ծրագրի շնորհիվ ԱԻՆ համակարգում աշխատանքի է անցել հաշմանդամություն ունեցող 10 քաղաքացի: Ընդհանուր առմամբ` մեր համակարգում հաշմանդամներին հատկացված է 30 աշխատատեղ։ Կա քաղաքական կամք և այն թիմը, որը կյանքի է կոչում այս նախաձեռնությունը: Մենք արդեն մոտ 150 դիմում ենք ստացել, բայց առաջին փուլում նախապատվություն է տրվել ամենախոցելի` սայլակավոր հաշմանդամներին: Ծրագիրը շարունակական է լինելու և կիրականացվի նաեւ մարզերում:
Հյուրերը շրջեցին նախարարության մասնաշենքերում, ծանոթացան ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի և «911» արագ արձագանքման ծառայության աշխատանքներին, նախարարության մյուս ձեռքբերումներին և հաշմանդամություն ունեցող աշխատակիցների աշխատանքային պայմաններին:
Հյուրերը հնարավորություն ունեցան նաեւ անձամբ զրուցելու հաշմանդամների հետ։ Դասընթացի մասնակիցները չէին թաքցնում իրենց հիացմունքը, շնորհակալություն հայտնում հաշմանդամներին ընդառաջ գնալու և նման հնարավորություն ստեղծելու համար` հուսալով, որ սա օրինակ կծառայի նաև մյուս գերատեսչությունների համար։
Շրջայցի ավարտին հոլանդացի փորձագետ Յան Հոսթինգը մասնավորապես ասաց.
– Այս ամենը հրաշալի էր: Ես անգամ խոսքեր չեմ գտնում տպավորություններովս կիսվելու համար: Ահռելի աշխատանք է կատարվել, ընդ որում` շատ բարձր մակարդակի վրա: ԱԻ նախարարության պարտականությունների մեջ չէր մտնում աշխատանքի ընդունել հաշմանդամներին, սակայն նախարարությունը գնացել է այդ քայլին, ինչը շատ գովելի է: Նման փորձ շատ քիչ երկրներում է կիրառվում: Հաշվի առնելով նաև այն, որ իմ երկրորդ մասնագիտությունը հրշեջ է` ես ավելի քան հիացած եմ իմ տեսածով։
ԱԻՆ