«Ուզում եմ լինել հարգված, ճանաչված և հարուստ մարդ, ունենալ իմ բիզնեսը, նորաձևության սրահները ամբողջ աշխարհում: Ուզում եմ, որ իմ բրենդը պահանջարկ ունենա: Այդպիսով՝ ես ազատ, անկախ և երջանիկ կհամարեմ ինձ»,-ասում է 21-ամյա Լիլիթ Ավագյանը:
Հաջողակ մարդկանց մասին կարելի է բազում պատմություններ պատմել ու զմայլվել, պատկերացնլ, թե ինչ ճոխ կյանք են վարում նրանք: Իրականում, այդպիսի հեղինակություն հաջողակները ձեռք են բերում տարիների տքնաջան աշխատանքի միջոցով՝ սովորաբար դպրոցական հասակից սկսած: Ոմանց համար սա միֆ է, ոմանց համար՝ օրինակ: Սակայն, շատերը կխոստովանեն, որ իրենք ևս ցանկացել կամ դեռևս ցանկանում են հասնել այդպիսի փառքի: «Առավոտ երիտասարդականը» փորձեց պարզել հաջղության հասնելու գաղտնիքը:
«Եթե մարդ ցանկանում է հաջողակ դառնալ, նախևառաջ պետք է ունենա գերագույն նպատակ, որպեսզի իր ցանկությունները ցաք ու ցրիվ չլինեն: Այդպես ավելի հեշտ է կառավարել գործողություններն ու հասնել նպատակին: Անհրաժեշտ է նաև պլանավորել քայլերը»,-ասում է հոգեբան Նաիրա Մարիտիրոսյանը: Նրա խոսքով՝ մարդ պետք է իսկապես գիտակցի կյանքի իմաստը. օգտվի բոլոր հնարավորություններից, անհրաժեշտ դեպքում ռիսկի դիմի: «Համարձակությունը, ռիսկը երբեմն պարտադիր են: Հաջողակ մարդիկ սովորաբար լավատես են, սակայն դա չի նշանակում, որ նրանց ճամփան հարթ է ընթանում, պարզապես այնքան կամքի ուժ է պետք, որ նա չընկճվի անգամ մեծ դժվարություններից»: Հոգեբանը նաև հավելում է ՝ հարկավոր է շփվել հետաքրքիր մարդկանց հետ, իսկ ամենից առաջ պետք է հավատալ ինքդ քեզ:
Ամերիկացի գրող ու բիզնեսի մասնագետ Ժյուլիեն Սմիթը մի քանի խորհուրդ է տվել այն երիտասարդներին, ովքեր ձգտում են հաջողության հասնել:
. Կարդացե՛ք, որքան հնարավոր է շատ:
. Շփվե՛ք ձեզանից մեծ մարդկանց հետ:
.Խնայողություններ արե՛ք:
. Մի՛ջանացեք հաճույք ստանալ առարկաների միջոցով՝ նոր զգեստ կամ մեքենա գնելով, այլ կոնկերտ հեռանկարային գործողությունների միջոցով:
Ժյուլիեն Սմիթի խորհուրդները շատ են: Նրա խոսքով՝ պետք է պլանավորել ամեն քայլ՝ զարգացնելով հիշողությունը: Անհրաժեշտ է նաև քնել ժամանակին, քանի որ այլ բաներով զբաղվելու համար քունը խաթարելով ՝ հնարավոր չէ արդյունավետ աշխատել:
Նազենի Բաղդասարյան