Նա հավաստիացնում է, որ ձեւական չի դիմել ՀՀՌԽ անդամի թափուր պաշտոնի համար
Փետրվարի 1-ին ավարտվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանի լիազորությունները, եւ հայտարարվել է մրցույթ՝ թափուր պաշտոնի համար: Մրցույթին մասնակցելու դիմում են ներկայացրել «Շարմ» հոլդինգի տնօրեն, շոու-ոլորտում հայտնի Ռուբեն Ջաղինյանը եւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու., 2008 – 2011թթ. ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնական, գիտական չորս գրքերի հեղինակ, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հ/կ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Ավետիսյանը նշեց. «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի գործառույթները մինչ այսօր հասարակությանը հայտնի չեն: Ըստ էության, օրենքը նախատեսում է գործողությունների համակարգ, որոնց իրականացումը ենթադրում է հրապարակային գործունեություն, իսկ նիստերն էլ՝ դռնբաց: Այն փաստաթղթերը, որոնք ներկայացրել եմ մրցութային հանձնաժողովին, կարծում եմ, լիովին բավարարում են խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար ներկայացվող պահանջները»:
Իսկ ինչու որոշեց դիմել այդ պաշտոնի համար: «Դիմել եմ, որովհետեւ, կարծում եմ՝ ասելիք ունեմ, իսկ մասնագիտական եւ աշխատանքային փորձս բավարար է հանրությանը պատշաճ ներկայանալու համար: Ուզում եմ նոր մոտեցումներ ու նոր խոսք բերել այս ոլորտ: Հարգում եմ իմ մրցակցին, իսկ ընտրության հնարավորությունը թողնում եմ մրցութային հանձնաժողովի որոշմանը»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Ավելի վաղ, Facebook-ի իր էջում Աստղիկ Ավետիսյանը հակադարձել էր այն մարդկանց, ովքեր կարծիք էին հայտնել, թե իր մասնակցությունը ձեւական բնույթ է կրում. «Այն մարդիկ, ովքեր տարածում են, թե իմ մասնակցությունը ձեւական բնույթ է կրում, չարաչար սխալվում են, գոնե ես գիտեմ՝ ովքեր են, խոսեք միայն ձեր անունից, ես հայտարարում եմ, որ իմ հնարավորություններն ավելի շատ են՝ թե մասնագիտական, թե փորձի առումով: Եվ այն մարդիկ, ովքեր ստանալով պատվեր, լուրիկներ են տպում ձեւական թեկնածության կամ ֆեյք լինելու մասին, ուրիշի ջրաղացին են ջուր լցնում: Զբաղվեք ձեր գործով… Ես կսպասեմ արդյունքներին»:
Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 27-ին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ