Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն հաղթանակ են ակնկալում

Փետրվար 22,2013 15:18

21-ամյա Տիգրան Կիրակոսյանն 2012-ի տարեվերջին ճանաչվեց Վանաձորի լավագույն երիտասարդ մարզիկ: Անցած տարի մեծահասակների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նա զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը: Ինքը` մարզիկը, թեև ուրախ է լավագույնը ճանաչվելու համար, սակայն այնքան էլ գոհ չէ ունեցած արդյունքներից:

Սամբո ըմբշամարտով սկսել է զբաղվել 12 տարեկանից. «Դասընկերս պարապում էր: Գալիս էր դպրոց, կրած մեդալները բերում-ցույց տալիս: Մենք էլ նայում, ոգևորվում էինք: Սկսեցինք դասարանի տղաներով պարապել: «Գագիկ Ղազարյան» մարզակումբում էինք մարզվում:

Մարզիչս այն ժամանակվանից Աղասի Գալստյանն է: Սկզբում փոքր մրցաշարերի էինք մասնակցում, տեղ գրավում, ուրախանում…»,- հիշում է մարզիկը:

Առաջին փոքրիկ, բայց ամենատպավորիչ հաղթանակը գրանցում է 2-3 ամիս մարզվելուց հետո. «Քաղաքի առաջնությունում 3-րդ տեղ էի ընկել, շատ էի ուրախացել»:

Ընտանիքում դեմ էին այդ մարզաձևով զբաղվելուն. «Ավելի շատ մայրս էր անհանգստանում: Ասում էր` գնա այնպիսի սպորտի, որ վտանգավոր չլինի. թեթև աթլետիկայի, թենիսի… Բայց ես այս սպորտաձևն էի սիրում:  Թիվ 12 դպրոցում էի սովորում, դասերին չէի նստում, գնում էի պարապմունքի: Հետո հայրս իմացավ այդ մասին ու ասաց. որ այդքան սիրում ես, գնա»:

Այժմ Տիգրանը սովորում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտության 2-րդ կուրսում:

2009թ-ին պատանիների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալ, 2010թ-ին պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն, 2009-2012թթ-ին Հայաստանի առաջնության հաղթող: Այսքանով, սակայն, մարզիկի հաջողությունները չեն սահմանափակվում: Առջևում մեծահասակների աշխարհի և Եվրոպայի առաջնություններն են: Ինչպես ինքն է նշում, ամեն ինչ անելու է, որ հաղթի:

 

«Մրցաշարերից առաջ միայն մի բան եմ մտածում. ով է ինքը, որ ինձ հաղթի: Մարտական եմ տրամադրվում, որ հաղթեմ»,- ասում է Տիգրանը:

Մարզիկի կարծիքով Վանաձորում սամբո ըմբշամարտը մեծ հեռանկար ունի, կան նաև մարզվելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները. «Միայն թե լավ կլիներ, որ տեղ տային մարզիկներին: Այդ ժամանակ նրանք ավելի լավ կպարապեին,- ասում է Տիգրանը,- շատ մարզիկների գիտեմ, որ գնահատված չզգալու պատճառով թողել-գնացել են այլ երկրներ»:

Տիգրանը կյանքն առանց սպորտի չի պատկերացնում. «Երբ տոներին մի քանի օր արձակուրդ են տալիս, չեմ իմանում ինչով զբաղվեմ»:

 

Առաջիկայում  պատրաստվում է մասնակցել աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: «Պետք է, որ հաղթի: Մենք ամեն ինչ արել ենք դրա համար»,-ասում է մարզիչ Աղասի Գալստյանը:

Գայանե Սարգսյան՝  (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728