Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախյան. «Այլիսլին խայտառակությունից փրկում է «սաֆարովյան ադրբեջանցիներին» (Տեսանյութ)

Փետրվար 22,2013 15:12

Այսօր «Հայելի» ակումբում ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը և գրող Լևոն Ջավախյանն անդրադարձան ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի շուրջ ստեղծված իրավիճակին: Հիշեցնենք, որ «Քարե երազներ» գրքում նա դրական դիրքորոշում էր ցուցաբերել հայերին եւ ճնշումների ենթարկվել:

Հացպանյանը հայտնեց, որ նրա հանդեպ ճնշումների ժամանակ Երեւանում էր թուրք գրող Ռագըփ Զարաքոլուն, ով մասնակցում էր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած հանդիպմանը https://www.aravot.am/2013/01/22/152431/ . «Զրույցների ընթացքում Զարաքոլուն ասաց, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների միջեւ հանդուրժողականության հաստատման ուղղությամբ: Ռագըփն առաջարկեց Ջավախյանի եւ Այլիսլիի գործերը տպագրել մեկ գրքում»:

Գրողն այս գաղափարը զետեղել է Ջավախյանին եւ Այլիսլիին ուղղված բաց նամակում, որում մասնավորապես ասվում է. «Որպես մի հրատարակիչ, ով իր կյանքի զգալի մասը նվիրել է պատմական ճշմարտությունը հասարակությունից վարպետորեն քողարկելու նպատակ հետապնդող եւ մեր կամքից անկախ ձեւավորված «տաբուները» կոտրելու եւ մարդկանց հուզող հարցերի պատասխանները գտնելու գործին, եւ ով շատ թանկ է վճարել՝ կորցնելով այս ճանապարհին իր կյանքի ուղեկցուհուն եւ մարտական ընկերներին, որոշեցի մեկ գրքով հրատարակել ձեր ստեղծագործությունների թուրքերեն տարբերակը եւ ակնկալում եմ ձեր հավանությունը: Թանկագին գրող Էքրեմ Էյլիսլին ներկայումս ծայրահեղ ազգայնականների հարձակումների թիրախ է դարձել, տունը գտնվում է շրջապատման մեջ, սակայն՝ անտեսելով իրեն շրջապատող «դժոխային կրակը», իսկական մտավորականին հարիր կեցվածքով շարունակում է պնդել, որ ինքը խաղաղության խոսնակն է: Ես պատրաստ եմ գործադրել ինձանից կախված բոլոր ջանքերը նրա խոսքը ընթերցողների ամենալայն զանգվածներին հասցնելու համար»:

Հացպանյանն ասաց, որ ադրբեջանցի գրող Սունա Արասը, ով, ըստ Հացպանյանի, կարգին դիրքորոշում ունի հայկական հարցի եւ ղարաբաղյան խնդրի շուրջ, Թուրքիայի գրողների արհմիության անունից հայտարարություն արեց` ի պաշտպանություն Այլիսլիի. «Արասի եւ Զարաքոլուի նախաձեռնությամբ փետրվարի 13-ին Ստամբուլի համալսարանում տեղի ունեցավ ասուլիս, որին ներկա էին լուրջ մտավորականներ, գրողներ եւ լրագրողներ: Շուրջ 20 հոգի համամարդկային արժեքների պահպանության եւ հումանիզմի կոչ արեց: Իսկ թուրքական երեք կուսակցություն հարցը բարձրացրեցին, արդյունքում մշակվեց նոր կարգախոս` «Ոչ դիկտատոր Ալիեւին»: Մարդիկ ստորագրեցին այդ կարգախոսի տակ եւ ասացին, որ Ալիեւը չի կարողանում իր ազգի պարծանքի` Այլիսլիի կյանքն ապահովել»:

Հացպանյանի խոսքով. «Եթե հայերը քայլ ձեռնարկեն ի պաշտպանություն Այլիսլիի, նրա վիճակը կվատանա: Նրա համար վտանգավոր է Բաքվում գտնվելը, կարող են խփել: Անգամ ասում են, որ նա հայ է եւ հատուկ հայկական ծրագիր է իրականացնում»:

Իսկ Ջավախյանը ուղերձ հղեց` խնդրելով, որ թուրք մտավորականները զորակցեն նրան: Ուղերձը տարածվեց թուրքական եւ ադրբեջանական կայքերում»:

Ջավախյանի համոզմամբ. «Որպես մտավորականներ` մենք կանգնած ենք Այլիսլիի կողքին, ով կիսում է մեր դարդն ու ցավը: Նա հումանիզմ է տարածում, մինչդեռ նրան փորձում են զատել ադրբեջանցիներից: Նույն կերպ, երբ ես եմ նրա մասին լավ գրում, մեր մտավորականները ինձ այլ կերպ են նայում: Ես, իհարկե, տարբերում «սաֆարովյան ադրբեջանցիներին»: Հումանիզմը ամեն ինչից վեր պետք է կանգնած լինի: Իսկ Այլիսլին «սաֆարովյան ադրբեջանցիներին» փորձում է փրկել խայտառակությունից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728