Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ եթերում ճմրթված վադալազկայով նորաոճ ու հայեցի են երեւում». Անդրանիկ Հակոբյան

Փետրվար 22,2013 14:44

«Լեզուն միշտ էլ արտակարգ իրավիճակում է եղել: Ժողովուրդն է լեզվի պատվիրատուն, այն մեր ինքնապահպանության գլխավոր գործոնն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մայրենիի միջազգային օրվա շրջանակներում, հայերենի արդի խնդիրների մասին նշեց հրապարակախոս, բանաստեղծ, հասարակագետ, Արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը:

Բանաստեղծի պնդմամբ, լեզվի պահպանությունը մեր պետության խնդիրն է, փոքրաթիվ ժողովուրդների համար լեզվի պահպանումը առավել կարեւոր է: Երեկ նշվեց մայրենի լեզվի ճանաչման օրը, սակայն, այն ոչ թե մեկ օր, այլ ամեն օր պետք է նշել.

«Երիտասարդությունն ու մարդկանց մեծամասնությունը գրում եւ կարդում է լատինատառ: Մեր տառերը, բառերը կարող են պատիվ բերել ցանկացած ժողովրդի, մենք օտարանում ենք եւ կգա ժամանակ, որ կփնտրենք, սակայն չենք գտնի մեր լեզուն»:

Հրապարակախոսի համոզմամբ, լրագրողը դարձել է լեզվի եւ մշակույթի պատվիրատուն, ռադիոյի եւ հեռուստատեսության համար չի կարելի դա ասել, սակայն թերթերը գոնե մի փոքր պահվել են.

«Մարդիկ եթերում ճմրթված վադալազկայով նորաոճ ու հայեցի են երեւում: Մեզ համատարած պակասում է համեստությունը: Լեզուն ամբողջական օրգանիզմ է: Պետությունը սկսվում եւ ավարտվում է լեզվով»:

Պրն. Հակոբյանը չի կարող մեղադրել այն երիտասարդներին, ովքեր հեռացել են մաշտոցյան լեզվից. «Մենք լցնում ենք օրը տարբեր մանր խնդիրներով՝ թողնելով ամենամեծ խնդիրը: Լեզուն ուխտ է, որը անընդհատ մաքրագործման կարիք ունի: Երեւան քաղաքը լցված է այլալեզու անվանումներով, սեփական ինքնագնահատականի պակաս կա»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728