Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, ես Վեհափառի համագյուղացին եմ»

Փետրվար 22,2013 14:08

Ըստ Արթիկի թեմի առաջնորդ տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, դրանից իր պատասխանատվության չափն ավելացել է:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի կոնդակով անցյալ տարեվերջից Արթիկն ունի առանձին թեմ, թեմակալ առաջնորդն էլ գերաշնորհ տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն է: Անցել է շուրջ երկու ամիս, եւ Հովակիմ սրբազանն առաջին անգամ խոսում է թեմում կատարված եւ կատարվելիք գործողությունների մասին:

– Ինչպե՞ս որոշվեց, որ Արթիկի թեմը պետք է առանձնանա Շիրակի թեմից:

– Սա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի ծրագիրն է, ըստ որի՝ մեծ թեմերը մասնատվելու են եւ ստեղծվելու են ավելի փոքր՝ տարածաշրջանային թեմեր: Եվ քանի որ Արթիկի եկեղեցական միավորումներն ավելի հասունացած էին, իսկ տեղի ժողովուրդը՝ ամենապատրաստվածը նոր թեմ ունենալու գաղափարին, հետեւաբար Հայ առաքելական եկեղեցու գերագույն խորհուրդը որոշեց առաջին տարածաշրջանային թեմ հռչակել Արթիկինը: Կարծում եմ, որ այդպես թեմի աշխատանքները կլինեն ավելի համակարգված ու արդյունավետ: Օրինակ՝ Արթիկ քաղաքն իր շրջակա 23 գյուղերով մի անկախ թեմ է, հետեւաբար ժողովրդի հետ աշխատելը, նրանց հոգսերին ու խնդիրներին ծանոթանալը շատ ավելի անմիջական ու հեշտ կլինի:

– Ներկայումս Արթիկի թեմում քանի՞ գործող եկեղեցի կա:

– Գործող եկեղեցիների թիվը 15-ն է, որոնց սպասարկում է 3 քահանա: Բայց ամեն մի համայնք ունի իր եկեղեցին, որոնք հիմնականում խոնարհված են, ինչի պատճառով էլ չեն գործում:

– Արդեն 2 ամիս է, ինչ դուք Արթիկի թեմի առաջնորդն ենք: Ի՞նչ եք հասցրել անել այս ընթացքում:

– Ներկայումս զբաղված ենք գրասենյակային ու կազմակերպչական հարցերի ճշգրտմամբ: Ստեղծվել է քարոզչական խումբ, որն իր գործունեությունն է ծավալում, ինչի արդյունքում էլ արդեն իսկ ստեղծել ենք «Եկեղեցասեր երիտասարդների միությունը»: Աշխատանքներ են տարվում նաեւ ծխական եկեղեցական խորհուրդներ ստեղծելու ուղղությամբ: Շարունակվում են խոնարհված եկեղեցիների վերականգնողական աշխատանքները: Արդեն այս տարի երկու եկեղեցիների վերանորոգումն ամբողջությամբ ավարտին կհասցնենք:

– Իսկ ինչպե՞ս կարձագանքեք մամուլի այն հրապարակումներին, թե Ձեզ թեմակալ առաջնորդ նշանակելու պատճառն այն էր, որ Վեհափառ հայրապետի համագյուղացին եք:

– Այո, ես իսկապես Ամենայն հայոց կաթողիկոսի համագյուղեցին եմ եւ սովորել եմ Վազգենյան դպրանոցում, որը հիմնադրել է հենց Վեհափառ հայրապետը: Բացի այդ՝ ես նրա աշակերտն եմ: Թեմի առաջնորդ դառնալու արդյունքում կաթողիկոսը ոչ թե ինձ լավություն է արել, այլ մի բան էլ շատացրել է ինձ վրա դրված պարտականությունների եւ պատասխանատվության չափը: Արդեն մշակվել է սոցիալական ծրագիր, որը գյուղացիներին թույլ կտա կտավատից ստացվող ձեթի արդյունաբերությամբ զբաղվել: Օժանդակելու ենք գյուղերում նոր ջրամատակարարման ցանցի անցկացման աշխատանքներին: Ուշադրություն ենք դարձնելու եկեղեցաշինությանը: Ակտիվացնելու ենք կիրակնօրյա դպրոցների աշխատանքը, փորձելու ենք քաղաքում հոգեւոր գրախանութ ու գրադարան բացել:

– Երկու ամսվա մեջ Արթիկի տարածաշրջանում հանդիպե՞լ եք աղանդավոր խմբերի:

– Ինքս դեռ չեմ հանդիպել: Արթիկցիները մեծամասամբ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են, ավելի բարյացակամ են, համախմբված են եկեղեցու եւ հոգեւորականի շուրջ:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728