2013 թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրություններում ձայների զգալի առավելությամբ հաղթանակ տոնեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ում թեկնածությունը պաշտպանել եւ սատարել էր նաեւ աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցությունը:
ՌԱԿ-ը շնորհավորում է նորընտիր նախագահին եւ մաղթում նրան հետագա աշխատանքային նոր ձեռքբերումներ ու հաջողություններ: Ռամկավար Ազատական կուսակցությունը, հավատարիմ իր որդեգրած բացառապես հայրենանպաստ դիրքորոշմանը եւ իրատեսորեն գնահատելով միջազգային իրավիճակն ու մեր պետության շուրջն ստեղծված ներկա կացությունը, գտնում է, որ ժողովուրդն իր մեծամասնությամբ կատարել է ճիշտ ընտրություն եւ հետագա հինգ տարիների ընթացքում կլինի վերընտիր նախագահի կողքին, որպեսզի միասին հաղթահարենք ներքին ու արտաքին բազմաթիվ ու բազմապիսի խոչընդոտներն ու գնանք դեպի իրապես ապահով ապագա:
ՌԱԿ-ը, ուսումնասիրելով նախագահական ընտրությունների արդյունքների թվապատկերը, հանգել է եզրակացության, որ այն արտացոլում է երկրում ստեղծված ռեալ իրավիճակը, հասարակության տարբեր շերտերի դժգոհությունը, գերազանցապես համակարգային բնույթի թերությունները, որոնց հաղթահարման համար նորընտիր նախագահից կպահանջվեն ուժերի գերագույն լարում, հետեւողական ջանքեր եւ նորովի, իրատեսական մոտեցումներ առկա խնդիրների լուծման համար:
Ռամկավար Ազատական կուսակցությունը, որն իր ակտիվ գործունեությամբ թե՛ Սփյուռքում, եւ թե՛ Մայր հայրենիքում նույնպես նպաստեց գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակին, եւ այս օրերին ողջույնի բազմաթիվ նամակներ է ստանում կուսակցության տարբեր կառույցների, ինչպես նաեւ համակիր կազմակերպությունների ղեկավարներից, հաղթանակի կապակցությամբ ողջունում է Սերժ Սարգսյանին եւ հաջողություններ մաղթում:
Կարդացեք նաև
ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ