Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաչատրյանական տրիոն Խաչատրյան կքարոզի

Փետրվար 22,2013 13:54

Մինչդեռ ԱՄՆ-ում Խաչատրյանական փառատոնը տապալվել է

Տեղեկացրել էինք, որ Արամ Խաչատրյանի հոբելյանի առիթով ամերիկյան «Competitions and Festivals»-ի գործադիր տնօրեն Սթիվեն Դայերը փետրվարի 6-ին հայաստանյան լրատվամիջոցներով SOS էր հնչեցրել, նշելով, թե 2013թ. ԱՄՆ-ում Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյա հոբելյանի կապակցությամբ կայանալիք փառատոնը վտանգված է: Գրել էր նաեւ, թե փառատոնն անցկացվում է իր տնօրինած կազմակերպության եւ ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ: «Առավոտում» փետրվարի 8-ին տպագրված «Խաչատրյանական փառատոն՝ առանց Հայաստանի՞» հոդվածում մեջբերված էր պարոն Դայերի հետեւյալ միտքը. «Իմ ղեկավարած կազմակերպությունը 2012թ. հոկտեմբերից բազմիցս դիմել է Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոս պարոն Գրիգոր Հովհաննիսյանին, սակայն նրա կողմից զարմանալիորեն ոչ մի արձագանք չի եղել մինչ օրս: Նույնիսկ համայնքի ոգեւորված մի շարք ներկայացուցիչներին խրախուսելու փոխարեն, հյուպատոսն իր կեցվածքով հուսահատեցրել է փառատոնի գաղափարով հետաքրքրված անձերին եւ հնարավոր հովանավորներին»: Այս առիթով «Առավոտին» իրենց կարծիքն էին հայտնել մեր ճանաչված արվեստագետներից մի քանիսը:

Մեր հարցմանն ի պատասխան՝ երեկ ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից ստացվեց հետեւյալ գրությունը. «2012թ. հոկտեմբերին ամերիկյան «Մրցույթներ եւ փառատոներ» կազմակերպությունը դիմել էր ՀՀ մշակույթի նախարարությանը՝ Ա. Խաչատրյանի 110-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում 2013 թ. Լոս Անջելեսում իր կողմից կազմակերպվող հայկական կամերային երաժշտության փառատոնին աջակցելու խնդրանքով: Կարեւորելով մեծ կոմպոզիտորի հոբելյանը աշխարհում հավուր պատշաճի ներկայացնելու խնդիրը, նախարարության կողմից նշանակված ներկայացուցիչը հանդիպել է ամերիկյան համակազմակերպիչներին եւ փոխանցել նախարարության առաջարկությունը, այն է՝ հստակեցնել կողմերի պարտավորությունները եւ ներկայացնել փառատոնի կոնկրետ ծրագիր: Մինչ օրս «Մրցույթներ եւ փառատոներ» կազմակերպությունից պատասխան չի ստացվել»: Խաչատրյանական տարում, կապվեցինք նաեւ կոմպոզիտորի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի արտիստ Արմինե Գրիգորյանի հետ: Տիկին Գրիգորյանը «Առավոտին» ասաց, որ կոմպոզիտորի հոբելյանին նվիրված առաջին համերգով տրիոն հանդես կգա մարտի 30-ին՝ Չինաստանում: Հետագա ծրագրերի մասի էլ հայտնեց. «Ապրիլի վերջին Կրասնոդարի Կուբանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ես, տրիոյի իմ գործընկերներ Կարեն Շահգալդյանը եւ Կարեն Քոչարյանը մեկ երեկոյի ընթացքում հանդես կգանք Խաչատրյանի դաշնամուրի, ջութակի եւ թավջութակի կոնցերտների կատարմամբ: Ռուսաստանյան համերգաշարը կշարունակենք նաեւ աշնանը: Խաչատրյանի տուն-թանգարանում հունիսին կկատարվեն կոմպոզիտորի ստեղծագործությունները տրիոյի եւ հրավիրված ճանաչված ալտահար Մաքսիմ Նովիկովի մեկնաբանմամբ: Մեզ մոտ կկազմակերպվի նաեւ Խաչատրյանի լավագույն ուսանողներից լատվիացի կոմպոզիտոր Գեորգիս Պելեցիսի հեղինակային երեկոն, իսկ սեպտեմբերին պլանավորել ենք անցկացնել գիտաժողով: Տրիոն համերգներ կունենա Էջմիածնում, Չարենցավանում… Կարճ ասած՝ այս պահին բանակցություններ ենք վարում արեւմտյան մեր գործընկերների հետ»: Արմինե Գրիգորյանը հայտնեց նաեւ, որ հեղինակավոր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հուլիսին փառատոնի շրջանակներում ցուցադրել այն ֆիլմերը, որոնց երաժշտությունը գրել է Արամ Խաչատրյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728