Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիա Քեոշկերյանը մնացել է առանց տանիքի

Փետրվար 22,2013 13:51

Եղիա Քեոշկերյանի համար տանիք է դարձել շենքերի շքամուտքերը, որտեղ էլ գիշերում է՝ կիսաքաղցած եւ ծարավ: Եղիան 1994 թվականին վերցրել է Սիրիայի քաղաքացիության անձնագիրն ու փախուստի է դիմել Հայաստան: Միակ ապահով տեղը գտնելով Հայաստանում՝ որպես փախստական որոշակի ժամանակաշրջան բնակվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Հատուկ կացարանում»: Հարկ ենք համարում նշել, որ «Հատուկ կացարանում» հանգրվանում են նրանք, ովքեր ապաստանի հարցով դիմել են պետությանը, տվյալ պարագայում՝ Հայաստանի Հանրապետությանը: Տեղեկացնենք նաեւ, որ «Առավոտն» անդրադարձել էր Եղիայի ճակատագրական պատմությանը:

Հիշեցնենք, որ նա «Հատուկ կացարանում» անընդհատ ենթարկվել է արհամարհանքի եւ քաղցած ապրել այդ նույն կացարանում: Բոլորովին վերջերը, Եղիան որոշում է վերադառնալ Սիրիա, որպեսզի կարողանա գոյատեւումն այնտեղ փնտրել: Դուրս է գալիս Հայաստանի սահմանից, հասնում է Վրաստան, որտեղից էլ հասնում է մինչեւ Թուրքիա: Թուրքիայում իրեն չի հաջողվում անցնել սահմանը, քանի որ այնտեղ իրեն հայտնում են, թե փախստականի ճամփորդական փաստաթղթով չի կարող սահմանն անցնել, որի համար պետք է հրավեր- վիզա ստանա: Թուրքիայից կրկին աքսորում են Հայաստան: Գալով Հայաստան՝ Եղիան փորձում է կրկին հանգրվանել Նորքի «Հատուկ կացարանում», սակայն տեղեկանում է, որ իրեն արդեն հաշվառումից հանել են: Տեղեկացնենք, որ մինչեւ Հայաստանից դուրս գալը նա դիմում է գրել կացարանի վարչակազմի տնօրեն Զամանյանին, առ այն, որ նա մեկ ամսով բացակայելու է Հայաստանից ու խնդրել է, որ իրեն հաշվառումից չհանեն: «Ետ վերադարձա, ինձ ասացին, որ ես այլեւս իրավունք չունեմ կացարանում բնակվելու: Ես ասացի, որ պիտի բողոքեմ նախագահին, ինձ էլ պատասխանեցին, որ ում ուզում եմ բողոքեմ, բայց ես նաեւ գիտեմ, որ եթե ինձ հանել են «Հատուկ կացարանից», ապա պիտի հատկացնեն մեկ այլ կացարան՝ որպես փախստական, որի համար էլ ես ունեմ փախստականի ճամփորդական փաստաթուղթ»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ պատմեց Եղիան: Նա հիմա հայտնվել է այն վիճակում, որ ամբողջ ժամանակ այս ու այն կողմ է գնում, որպեսզի կարողանա վերականգնել իրավունքները: Փաստացի, Եղիան գիշերելու տեղ չունի, չի աշխատում, զուրկ է ապրելու տարրական նորմերից: Հանրակացարանում բնակվելու հարցով Եղիան դիմել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Այդտեղից տեղեկացրել են, որ կօգնեն վերականգնել Եղիայի իրավունքները, եւ նա կկարողանա ապրել որեւէ հանրակացարանում, սակայն մինչ օրս էլ նա այդ հանրակացարանի մասին երազելով է ապրում: Եղիան «Հատուկ կացարանի» տնօրինությունից խնդրել է, որ իրեն տրամադրեն գրավոր տեղեկանք այն մասին, թե իրեն դուրս են արել կացարանի հաշվառումից, սակայն այդ տեղեկանքն իրեն չեն հատկացրել: Ընդգծենք, որ Եղիայի անձնագրում որպես հաշվառման վայր գրանցվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Հատուկ կացարանի» 29/1- 9 սենյակը: Այն հարցին, թե ինչո՞ւ ՀՀ քաղաքացիություն չի փորձում ստանալ, Եղիան պատասխանեց. «Չեմ կարող, սակայն կցանկանայի: Ես ծննդական չունեմ, դա մնացել է Սիրիայում, իսկ առանց դրա ես չեմ կարող ստանալ քաղաքացիություն»: Ստեղծվում է վիճակ, որ Եղիան ո՛չ ապրելու տանիք ունի, ո՛չ կարող է դուրս գալ Հայաստանից, քանի որ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով դուրս գալու համար հարկավոր է հրավեր-վիզա եւ չի կարող ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն: Այդ ամբողջ ժամանակահատվածում նրա միակ ձեռքբերումն եղավ ճամփորդական փաստաթուղթը, որը ձեռք է բերել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության որոշմամբ, սակայն նույն միգրացիոն ծառայության որոշմամբ էլ Եղիան դուրս է հանվել «Հատուկ կացարանի» հաշվառումից, եւ դա միայն այն պատճառով, որ 10 օր բացակայել է կացարանից՝ փորձելով վերադառնալ Սիրիա:

Հիշեցնենք, որ Եղիան այն անձնավորությունն էր, որ «Հատուկ կացարանում» սնունդ չստանալու հետեւանքով ստիպված էր լինում շան միս ուտել եւ պահպանել գոյությունը: Նա այժմ հնարավոր եւ անհնարին միջոցներ է ձեռնարկում, որպեսզի կարողանա տանիք ունենալ եւ այդ հարցով պարզապես խնդրում է աջակցել իրեն, հատկացնել հանրակացարան: «Ես պարզապես ուզում եմ հասկանալ, թե արդյո՞ք ինձ կհատկացնեն հանրակացարան, եթե չեն հատկացնի, ապա ես որտե՞ղ պիտի ապրեմ… դրսո՞ւմ: Ես խնդրում եմ, որ ինձ մի փոքր ուշադրություն դարձնեն եւ հնարավորինս աջակցեն»,- սրտնեղում է Եղիան: Նշենք նաեւ, որ Եղիան երկու վիրահատություն է տարել, որի համար աջակցել է Միջազգային ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փախստականների հայաստանյան գրասենյակը: Նա դեռ վիրահատվելու կարիք էլ ունի:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728