Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ջուրը կեղծ չէ

Փետրվար 22,2013 13:49

Վերահաս գարնան այսօրյա մառախլապատ գիշերների մեջ եւ ցերեկների մեջ ցրտավիրավոր, անվերջ հայտարարախառն եւ շառաչով թերթահեռուստապաստ, ես տեսնում եմ դեպի գարուն գնացող օրերի տեսանելի պատկերը, որ պսակվել է արդեն ընտրությամբ: Ուր վստահ եմ, որ ընտրվողներից շատերը կասեն.

– Ես հրաշալի լողորդ էի, կամ կասեն՝ ես միակ լողորդն էի եւ մրցակից չունեի, բայց… Բայց ջուրը կեղծ էր, կամ ինչպես Աղթամարի ճանապարհ՝ ես սիրով գալիս էի դեպի ձեզ, բայց նպատակին տանող լույսը, այսինքն թե՝ կրակը հանգած էր, կամ հանգցրել էին, որ ես տեղ չհասնեմ: Այո, ցավոք, ձեզանից շատերը կասեն կամ մեկը հաստատ կասի, որ լողորդի իմ ճանապարհին լույս կար, բայց հանգցրել էին:

Այնինչ, ոչ միայն մեր ու մեր երկրի կյանքը հուշում է, որ, այո, մեզ կանչող լույսը ճանապարհ ընկնելուց առաջ մենք պիտի վառենք, որպեսզի իմանանք՝ ո՞ւր եւ ինչո՞ւ ենք գնում, եւ վերջապես ո՞ւմ մոտ ենք գնում եւ ո՞վ է մեզ կանչողը…

Տրտում է, բայց անվերապահ հստակ, որ մեր ապրած կյանքի ու գործի սկզբնային սխալները ներվում են, բայց հասունության տարիքում վրիպումները չեն ներվում: Երբ որ հատկապես հակառակորդի գութը շարժելով ուզում ես տեղավորվել քո իսկ տան մեջ ու ղեկավարել տունն այդ, առանց անդրադառնալու, որ քո արժանապատվությունը զիջելով հակառակորդիդ բարի չես դարձնի, այլ կավելացնես նրա պահանջները…

Հայաստանից հեռու, Ջավախքի մեր Գոման գյուղում, երբ ես եւ իմ սերունդը աշակերտ էինք, մեր գյուղացի Կիմիկը դարձել էր գիտությունների թեկնածու եւ մեզ՝ աշակերտներիս, բեռնատար մեքենայով տարան շրջկենտրոն, որ դիմավորենք Երեւանից փառքով վերադարձող մեր գյուղի գիտնականին:

Ժամերով ավտոկայանում սպասում էինք նրան՝ ուշադիր հետեւելով Երեւանից եկող տաքսիներին, հետո ավելի ուշ՝ ավտոբուսներին, բայց Կիմիկը չկար: Նրա եղբայրները, որ մեր ուսուցիչներն էին, մեզ հորդորում էին, որ ուր որ է՝ կգա, նա անպայման կգա: Եվ երբ արդեն բոլորս հուսահատված էինք, հուսաատված էին նաեւ Կիմիկի եղբայրները, հայտնվեց փոշու մեջ կորած մի բեռնատար, որի թափքից իջավ մեր գյուղի առաջին գիտնականը՝ ձեռքին մի ցանցազամբյուղ. մեջը կանաչի, բոքոն հաց եւ մի շիշ մածուն: Ով արդեն եղել էր ամերիկաներում եւ եվրոպաներում, բայց նրա ձեռքի ցանցը երկար ճանապարհից ու փոշուց խամրել էին:

Հետո, երբ մենք մեր միակ գիտնականի հետ վերադառնում էինք գյուղ, բոլորս մի տեսակ տխուր էինք, անհարմար էինք զգում իրար աչքերի նայել, չգիտեմ ինչ էր կատարվել, բայց առասպելանման մի գեղեցիկ պատմություն, որն ապրում էր մեր մեջ, կարծես թե այլեւս կորել էր մեր կյանքից:

Իսկ գյուղը, որ դեռեւս չէր տեսել նրան, սպասում էր, որ նա կգա: Կգա ու կանի մի բան, որ մինչ նրա գալը ոչ ոք չէր արել: Իսկ մենք տեսնում էինք նրա ձեռքի փոշոտված հացն ու կանաչին եւ տխրում էինք, որովհետեւ մենք արդեն տեսել էինք, իսկ գյուղը չէր տեսել:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինձ ամեն անգամ խիստ զայրացնում է, այս ,,մտավորական,, կոչվողի անբացատրելի երևակայութ-յան արդյունքում ծնված անհեթեթությունները: Մի՞ թե հնարավոր չէ գոնե մեկ անգամ գրել մի խելացի բան, որից հնարավոր լիներ հետևություններ անել:
    Մեկնաբանելով նրա ճոռոմ ստեղծագործության վերջին երեք տողը՝ կասեմ հետևյալը,՝ որ գյուղում
    մինչ օրս, քիչ բան արվել, քանի որ քեզ նման թե՛ մտավորականի և թե՛ պաշտոնյաի մտահորիզոնը գյուղի մակարդակից դուրս չի եկել: Ձեզ բնորոշ արտաքին հատկանիշները,՝ շլյապան, փողկապը, կամ ծխախոտի ծխի քուլաների ֆանտաստիկ օղակները, ոչ մի կապ չունի խելքի հետ, այ հենց այդ պատճառով քեզ հիասթափեցրել է ձեր գյուղի առաջին գիտնականը, քանի որ քեզ նման մարդկանց հետաքրքրում է արտաքին ատրիբուտները, իսկ գիտնականը իջել է բեռնատար ավտոմեքենայի թափքից, փոշու մեջ կորած, և այդքանը դեռ բավական չէ,՝ ձեռքի ցանցազամբյուղում, կանաչի, բոքոն հաց, և մի շիշ մածուն: Մեզանից յուրաքանչյուրս, եթե գյուղում չենք ծնված, ապա մեր ծնողները, պապերը, տատերը գյուղից են և ես ունեմ իմ համոզմունքը թե՛ ինչու՞ են գյուղի բնա- կիչները ավելի վստահ կանգնած հողի վրա՝, քանի որ նրանք զգում են հողի արժեքը: Ես շատ լավ
    գիտեմ նաև, որ մեր ազգի իսկական մեծերը ունեն գյուղի ծագում, բայց գիտեմ նաև թե՛ ,,ոնցա
    ըլնում, որ խիյարը թարս ա բուսնում,, և ընկնում ժողովրդի ջանին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728