Ստեփանակերտցի Խաչատրյանների ընտանիքի երեք սենյակից բաղկացած համեստ բնակարանում իրար կողքի ապրում են միանգամից 4 տարբեր սերունդների ներկայացուցիչներ. 61-ամյա Յուրա Խաչատրյանը տիկնոջ՝ 54-ամյա Սմելա Սարուխանյանի, միջնեկ որդու, հարսի, թոռան և փոքր որդու հետ միասին:
«Մեծ ընտանիք ունենալն առանձնակի երջանկություն է, իհարկե, դժվար է այսքանով մեկ հարկի տակ ապրելը, բայց մենք սովորել ենք, կարևորը խաղաղություն լինի, մնացածն արդեն մենք ինքներս կստեղծենք»,-ասում է Սմելա Սարուխանյանը:
Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանագրի կնքումից 18 տարի անց էլ ամեն բան հիշեցնում է պատերազմական գործողությունների մասին, և դեռևս չեն դադարում խոսակցությունները պատերազմից ու խաղաղությունից, քանի որ այստեղ բոլորն էլ, անկախ տարիքից ու սեռից, պատերազմի խորը ցավի ու անբուժելի վերքերի կրողներն են:
«Երկու եղբայրով մեշոկով ցորենը կիլոմետրերով կրում էին, տանում աղացում աղում, սև ալյուր սարքում, բերում, որ հաց թխենք, ականները վերցնում էին, մեջի պահոցը հանում ու վառարանում վառում, որ տաքանան, հիմիկվա ո՞ր երեխան էդպիսի բան կանի»,- ասում է Սարուխանյանն ու հիմա արդեն հուզմունքով հիշում, թե ինչպես էին իր 11-12 տարեկան երեխաները ցուրտ ձմռանը գնում անտառից փայտ բերելու և կիսասառած հետ վերադառնում:
«Պատերազմի տարիներին ես ընդամենը 10-11 տարեկան էի, բայց մինչև այսօր ականջներումս հնչում է ամեն օր մեր տան 4 կողմը պայթող արկերի ձայնը, այն ժամանակ, թեև արդեն սովորել էինք այդ վիճակին ու չէինք վախենում, ինքնաթիռը, որ գալիս էր հերթական արկերը քաղաքի վրա գցելու, դուրս էինք գալիս ու ոգևորված նայում էինք, բայց այդ ցնցումներն ազդում էին մեր հոգեբանության վրա»,-ասում է Արամ Խաչատրյանն ու հավելում, որ եթե նույնիսկ պատերազմից անմիջական չեն տուժել, ապա ժառանգել են մի շարք հիվանդություններ, քանի որ մութ, ցուրտ ու խոնավ նկուղներում տարիներով ապրելն, իհարկե, անհետևանք չեն մնացել:
Այսօր Արամը պատերազմի դառը հիշողությունները մի անկյունում պահած շարունակում է ապրել Ստեփանակերտում, աշխատում է իրավաբանական ծառայություններ մատուցող գրասենյակում, զբաղվում է նաև նկարչությամբ և դուդուկ նվագում:
Իսկ 2008-ի հոկտեմբերի 16-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զանգվածային հարսանիքին մասնակցած արցախցի 674 զույգերից մեկն էլ հենց Արամ Խաչատրյանն էր:
«Մենք ապագա ամուսնուս հետ սովորում էինք նույն համալսարանում, մեկ տարի ընկերություն անելուց հետո նշանվեցինք և երբ իմացանք այդ մեծ հարասնիքի մասին, որոշեցինք մենք էլ մասնկացել և ապրենք այդ ուրախ պահերը մեզ պես հարյուրավոր զուգերի հետ»,-ասում է Արամի կինը՝ 23-ամյա Էլինա Բաբաջանյանը:
Արամ Խաչատրյանն ասում է, որ այդպիսի աննախադեպ միջոցառում Արցախում երբեք չէր եղել, մինչդեռ դա շատ կարևոր է Արցախի երիտասարդ ընտանիքների համար:
«Այդ միջոցառումը խրախուսեց ամուսնությունները, քանի որ հենց հարսանիքի օրը յուրաքանչյուր զույգ պարգևատրվեց 2000 դոլարով, իսկ բարերարները խոստացան, որ յուրաքանչյուր երեխային ծնունդին ևս կօգնեն: Իսկ այդ օգնության կարիքն ունի յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք»,-ասում է Արամ Խաչատրյանը:
Արամի և Էլինայի առաջնեկն արդեն երկու տարեկան է և իր խաղաղ ու անհոգ մանկությունն անցկացնում է հենց այն նույն տանը, որը տարիներ առաջ ցնցվում էր ականների պայթյուններից:
Երեք որդիների մայր Սմելա Սարուխանյանը թախիծով նայում է թոռնուհու անհոգ խաղին ու հիշում 1991-ին ծնված իր կրտսեր որդուն՝ Սևակին, որն իր մանկության հեքիաթն այդպես էլ չունեցավ:
«Երեխաներից մեկն արվեստի դպրոցն ա կիսատ թողել, մյուսը՝ պարի, նկարչության, իրենց մանկությունը կիսատ մնաց: Իրենց մանկությունն անցավ մութ նկուղներում առանց աչք փակելու, մեծերի հետ հավասար տանջվելով, էտ արդեն մանկություն չէր»,-ասում է մանկավարժ Սմելա Սարուխանյանն ու կարդում մանկապարտեզը ռմբակոծության հետևանքով փակելուց հետո գրած իր բանաստեղծությունը:
Բաժանման պահին ես ձեզ ասացի
Նորից կհնչեն զանգերը անուշ
Նորից ես կգամ, ձեր գիրկը կգամ
Ի՞նչ փույթ, թե վառվեց դպրոցի շենքը, մանկապարտեղը և տունը անգամ,
Ի՞նչ փույթ, ընդհատվեց մեր խոսքն ու երգը,
Ամեն ինչ դարձավ երդում ու պատգամ
Ես հավատում եմ՝ հեռու չէ օրը մեծ հաղթանակի,
Երբ զենք է առել հայոց զինվորը,
Նա պիտի միշտ էլ փառքով դառնա տուն:
Գոհար Աբրահամյան՝ (mynews.am)