Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ր. Հովհաննիսյանը չասաց, թե ի՞նչ է խոսել Ս. Սարգսյանի հետ

Փետրվար 22,2013 13:47

Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ արկածախնդրությունը ընտրակեղծարարներին եւ ընտրակեղծարարությունը ներելու ՀՀԿ-ի կոչերն են:

– Ինչո՞ւ էր Րաֆֆի Հովհաննիսյանը երկու օր շարունակ ժամկետներ փոփոխելով Ազատության հրապարակ հրավիրում Սերժ Սարգսյանին, եթե, ի վերջո, պետք է ականջալուր լիներ Սարգսյանի մամուլի խոսնակի հայտարարությանը, որ Ս. Սարգսյանը պատրաստ է ցանկացած օր եւ ժամի ընդունել Ր. Հովհաննիսյանին: Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը դա միանգամից չարեց:

– Ես երեւույթին չեմ նայում այդպես: Առաջին հրավերն արեց Սերժ Սարգսյանին Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ, ցավոք, այն մերժվեց: Մերժման պատճառների մասին ես չեմ կարող խոսել: Թե ինչո՞ւ Ս. Սարգսյանը խուսափեց գալ եւ նաեւ այսօր որոշեց հետաձգել իր միջոցառումն այդ նույն հրապարակում, որտեղ կարող էին հավաքվել Ր. Հովհաննիսյանին ընտրած եւ իրեն ընտրած մարդիկ, հենց նրանց առջեւ ունենալ զրույց՝ հրապարակում, հասարակության աչքի առջեւ… Բայց քանի որ, այո, իրավացի եք, չնայած այս ամենին, որ Հովհաննիսյանը Սարգսյանին առաջարկել էր ժողովրդի իշխանությունը ժողովրդին հենց հրապարակում հանձնել, ժողովուրդը եւ Ր. Հովհաննիսյանը որոշեցին շարժվել նախագահական նստավայր, որտեղ էլ տեղի ունեցավ հանդիպումը: Թե ի՞նչ են խոսել եւ ի՞նչ զարգացումներ կլինեն, կարող ենք գնահատականներ տալ միայն այն բանից հետո, երբ Ր. Հովհաննիսյանը ներկայացնի հանդիպման արդյունքները, ինչը խոստացել է:

– Ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ առաջարկներ է արել, ենթադրաբար՝ իշխանության որոշակի ոլորտում պատասխանատու դերակատարում ստանձնելու մասին: Կա՞ն այնպիսի առաջարկներ, որոնք կարող են Րաֆֆի Հովհաննիսյանի «սրտով» լինել: Ինչո՞ւ հանդիպումից հետո նա միանգամից հայտարարություններ չարեց:

– Ես տեղեկություններ չունեմ՝ կա՞ որեւէ առաջարկ, թե՞ ոչ, կամ՝ ո՞րն է եղել այդ հանդիպման ընթացքում ստեղծված իրավիճակից երկու կողմերի՝ Սարգսյանի եւ Հովհաննիսյանի առաջարկած լուծումները: Այսօր 17.00-ին Ազատության հրապարակում սկսվում են զանգվածային հանրահավաքները, ինչն ինձ հիմք է տալիս մտածելու, որ ժողովրդի արձանագրած հաղթանակի իրավական ամրագրումը տեղի է ունենալու այդ միջոցառումների միջոցով:

– Իսկ ի՞նչ «դիվանագիտական հանդիպումների» գնաց Րաֆֆի Հովհաննիսյանը. Դուք տեղյա՞կ եք:

– Ես տեղեկություններ չունեմ: Ենթադրություններ կարելի է անել. դիտորդներն են այստեղ, ովքեր հետեւում են բողոքարկման հարցերին: Նրանք նախնական գնահատականներում պոզիտիվ են եղել, բայց վստահ եմ, որ վերջնական զեկույցը, որը անդրադառնալու է նաեւ բողոքարկման հարցերին, չի կարող ստվեր չգցել արդեն ամբողջ ընտրության վրա, որովհետեւ համատարած, բոլոր տեղամասերում մերժում են վերահաշվարկների իրականացումը: Այս կապակցությամբ շարունակվում են շփումները թե դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, թե դիտորդների հետ: Հետեւաբար, այդ հանդիպումները ես այս հարթության մեջ եմ դիտարկում:

– Տարբեր ժամանակաշրջաններում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր որոշակի գործողություններ կոորդինացնում էր ԱՄՆ դեսպանատան բարձրաստիճան ներկայացուցիչների հետ. արդյոք պարոն Հովհաննիսյանը հանդիպում ունե՞ր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ:

– Եթե նկատել եք, արեւմտյան ամբողջ կորպուսը «փայլուն» ճանաչեց Սերժ Սարգսյանի ընտրությունները: Ես կարծում եմ՝ դիվանագիտական կորպուսի հետ հանդիպում է իշխանությունը, եւ դրա արդյունքները տեսանելի են: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը լիներ դեսպանատների սիրելին, ապա այսօր մենք այս պատկերը չէինք ունենա, եւ մեր միակ հույսը չէին լինի սեփական ժողովրդի աջակցությունն ու զորակցությունը:

– «Ցանկություն չունենալով ակամա մասնակիցը դառնալու հակասահմանադրական կոչերով լի արկածախնդրություններին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրաժարվում է Ազատության հրապարակում վաղօրոք նախատեսված իր միջոցառումից»՝ ասված է ՀՀԿ մամուլի խոսնակի հայտարարության մեջ: Գալուստ Սահակյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Արկածախնդիրները ամեն ինչ ուզում են հանգեցնել նրան, որ ժողովրդի երկու բեւեռները առճակատման գնան»:

– Ժողովրդի երկու հատվածին բաժանել են ընտրակեղծիքը եւ ընտրակեղծարարները: Այս ընթացքում ես դեռեւս որեւէ արկածախնդիր հայտարարություն չեմ լսել, արկածախնդիր քայլ չեմ տեսել: Ժողովուրդը չափազանց զուսպ է, հռետորաբանությունը, որքան էլ քննադատական, այնուամենայնիվ՝ զերծ պիտակավորումներից եւ վիրավորանքներից, թշնամանքի խորացումից: Բայց, ներեցեք, ինչ իրենք հասկանում են՝ ասելով հրաժարվեք արկածախնդրությունից, նշանակում է համակերպվել «ընտրությունների» արդյունքների եւ կեղծիքի հետ: Կներեք, ամենամեծ արկածախնդրությունը ես համարում եմ այն, որ կարող են կոչ անել ներել ընտրակեղծարարներին եւ ընտրակեղծարարությունը:

Ի դեպ, բողոքարկելու հետ կապված՝ մենք չենք ասում, որ բոլոր այն տեղամասերում, որտեղ Սերժ Սարգսյանը հաղթել է, անվավեր ճանաչեք: Մենք ներկայացնում ենք անոմալ արդյունքներ ունեցող ընտրատարածքների բողոքարկումը: Եվ ՀՀԿ-ն եթե իսկապես ուզում է այս վիհը եւ արկածախնդրությունը վերացնել, ապա լավագուն ճանապարհն այդ տեղամասերը բացելն է եւ ընտրակեղծարարներին պատասխանատվության կանչելը, եթե հարկ կա՝ դրանց արդյունքներն անվավեր ճանաչելը: Մնացածը, իմ տպավորությամբ, կոչ է՝ համակերպվել այս իրականության հետ:

– Ո՞ր պարագայում Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգությունն» իշխանության հետ համաձայնության կգնա:

– Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, իր թիմակիցները, համախոհները քննարկումներից հետո առաջարկեն բավականին լուրջ պայմաններ, որոնք ընդունվեն, միայն այդ պարագայում: Բայց դա շատ տեսական եմ ասում:

– Կոնկրետ բաներ չկա՞ն…

– Ոչ, նման հարց չի քննարկվել երբեք. շտաբի նիստ կլինի, թե հրապարակ, երբեք դա քննարկման առարկա չի դարձել: Չգիտեմ, կարող է որոշում լինի՝ պատժել բոլոր ԸԸՀ նախագահներին կամ ԿԸՀ նախագահին, ազատվել բոլոր օլիգարխներից… Տեսականորեն հազար պահանջ կարող է լինել, որին Սարգսյանն ընդառաջ գնա, եւ հասարակությունն էլ ասի՝ Րաֆֆի, այս պայմաններում արժե, որ դու ընդունես առաջարկներ:

– Խորհրդարանի ցրումը կարո՞ղ է լինել այդ շարքում:

– Ոչ կարող եմ բացառել, ոչ հաստատել: Րաֆֆին իր որոշումները մշտապես համաձայնեցնում է ժողովրդի հետ, եւ, իհարկե, նաեւ ժողովուրդը պետք է իր հավանությունը տա: Առանց այդ հավանության, առանց լուրջ քննարկումների՝ պատասխանը «ոչ»-ն է:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Այ ժողովուրդ, էս քոլը, ձեր տեսած քոլերից չէ,ոչ ինքն է թմբիրից զարթնելու, ոչ էլ ձեզ է թողելու զարթնեք;
    Սերժապետություն, ավազակապետություն, խարդախապետություն,գողապետություն, զարթնիր թմբիրից, վերադարձրու մեզ մեզնից թալանածը, որ կարողանանք հեռանալ;Սպասում եմ;Հետո չհուզվեք, որ Գյուլից ու մնացածից խնդրեմ;Յա~, բա ինչպես փրկվեմ վամպիրահայից;
    Պահածոացված բթությամբ սպանեցիք էլի,այ հանրապետասերժեր;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728