Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահն իր վերաբերմունքը չի փոխի շիրակցիների հանդեպ»

Փետրվար 22,2013 13:40

Վստահեցնում է ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը

Հետընտրական Գյումրիում համառ լուրեր են տարածվել այն մասին, որ Շիրակի մարզում կրած պարտությունից հետո նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է պաշտոնաթող անել մարզի մի քանի պաշտոնյաների: Որքանո՞վ են իրական այս խոսակցությունները, եւ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը պարտություն կրեց Գյումրիում, որն էլ իր զգալի ազդեցությունն ունեցավ ՀՀԿ թեկնածուի՝ Շիրակի մարզում հավաքած ձայների ընդհանուր պատկերի վրա: Ի վերջո՝ ո՞վ է այս ամենի մեղավորը՝ նախագա՞հը, որի վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը ըմբոստացրել է այս մարզի բնակիչներին, այլեւս չեն հանդուրժում գործազրկությունը, արտագաղթ, թշվառությունը ու իրենց նկատմամբ ցուցաբերած արհամարհանքը, ՀՀԿ կառույցի պատասխանատունե՞րը , թե՞ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով աշխատանքից հեռացնելով ու գործազուրկ դարձնելով Վարդանի ՀՀԿ-ական կադրերին՝ նրանց հանեց սեփական կուսակցության դեմ:

Այս հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց ՀՀԿ Շիրակի կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի հետ: Մեր զրուցակիցը նախեւառաջ համոզմունք հայտնեց, որ ընտրությունները անցել են բարձր մակարդակով, արժանավայել ու պատվախնդիր, իսկ Շիրակի մարզում որեւէ լուրջ ընտրախախտում չի արձանագրվել: Նա աբսուրդ համարեց Շիրակի մարզի որեւէ պաշտոնյայի պաշտոնանկման մասին լուրերը: Իսկ նախագահի պարտության հարցում, բացարձակապես չմեղադրելով աշխատատեղեր ակնկալող գյումրեցիներին, պարոն Մինասյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը դեմ է իրավիճակային լուծումներին, նախագահը սոցիալական բարեփոխումները կատարում է հեռանկարային ու հիմնարար ծրագրերով, որը տեւական է, արդյունքը անմիջապես նկատելի չէ: Աշխատատեղեր ակնկալող գյումրեցին էլ անհամբեր է: Բացի այդ, մեր զրուցակիցը հիշեցնում է, որ Գյումրին Հայաստանի «ամենաքաղաքակենցաղ» քաղաքն է: «Մենք ամբողջ երկրում ունենք սոցիալական խնդիր, զբաղվածության խնդիր, տարբեր հատվածներում ու տարբեր մարզերում այն ունի տարբեր պատկեր: Համոզված եղեք, որ եթե, ասենք, Արմավիրում ու Գյումրիում սոցիալական լարվածությունը լինի նույն մակարդակի, չնայած գիտեք, որ նույնը չէ, գյումրեցին էլի ավելի հարաճուն պահանջ է ներկայացնելու: Սա ասածիս հաստատումն է, որ Գյումրին ավելի քաղաքակիրթ, ավելի մշակութային, եւ միշտ սիրում եմ ասել՝ մտավորական հատվածն է մեր ազգաբնակչության»,- ասում է մեր զրուցակիցը: Իսկ Գյումրու քաղաքապետարանից ՀՀԿ-ական իշխանավորներին վռնդելը արդյոք չունեցա՞վ իր բացասական ազդեցությունը նախագահի հավաքած ձայների վրա, չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրը բավականին հարուստ թիմ կամ ազգուբարեկամ ունի իր հետեւում: «Հարցը ինձ հուշում է հետեւյալը, որ գործող եւ միաժամանակ նորընտիր նախագահը երբեք առանձին հովանավորչական մոտեցումներ չի ունեցել կուսակցության այս կամ այն անդամի նկատմամբ: Այսինքն՝ Հանրապետականի թիկնոցը չի եղել պաշտպանիչ զրահ՝ որեւէ բնագավառում աշխատանք կորցնելու կամ չկորցնելու մասով կամ ինչ-որ աստիճանական առաջխաղացման: Սա առաջին հայացքից քաղաքականության մի հատված է, որը ի վերջո ազդում է համապատասխան ընտրազանգվածի վրա՝ քվեների մասով, բայց չէ՞ որ երկրի նախագահը հիմնարար բարեփոխումների կողմնակից է եւ, ասենք, առանձին լոկալ խնդիրներով լրացուցիչ հեղինակության հարց չի լուծելու: Բայց, այդուհանդերձ, նեղացած հանրապետականներ ասվածը, ես հասկացա, որ ձեր հարցը վերաբերում է քաղաքապետարանի աշխատակազմին: Հստակ ասեմ, որ խնդիրը դեռեւս փակված չէ, մարզային իշխանությունները քննարկել են խնդիրը քաղաքապետի հետ, եւ հաստատ կունենանք լրացուցիչ քննարկումներ այդ հարցի վերաբերյալ»: Ի՞նչ եք կարծում՝ եթե Շիրակին բաժին հասներ ոչ թե գեներալ մարզպետ, որը բնակիչներին լսելու, նրանց հետ շփվելու կուլտուրա ունի, այլ, ասենք, Սյունիքի մարզպետի աշխատաոճն ունեցող մեկը, որից երբեմն սարսափահար են լինում տեղի բնակիչները, նման վախը կփոխե՞ր գյումրեցիների վերաբերմունքը ՀՀԿ թեկնածուի նկատմամբ: «Ես համեմատություններ չեմ ուզում անել, չեմ ուզում խնդիրը անձնավորել, միայն ուզում եմ հստակ ասել, որ Շիրակի մարզպետի մոտ գյուղատնտեսությամբ զբաղվող շինականը, բանվորը, մտավորականը ոչ պակաս օպերատիվ կարող են հարց քննարկել, քան ցանկացած որեւէ պաշտոնյա»,- ասում է Սահակ Մինասյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ ցածր ցուցանիշը ոչ թե գյումրեցու՝ գործող նախագահի նկատմամբ գնահատականն է, այլ պահանջի առավելագույն դրսեւորումն է: «Տասնամյակներ շարունակ Շիրակը հայտնի է իր ընդդիմադիր կեցվածքով, Գյումրին՝ հատկապես, եւ սա առաջին հայացքից թվացող բարդույթ չէ, ես կրկնում եմ՝ գյումրեցիները ամեն ինչ սիրում են կատարյալ: Եվ բարեփոխումների ընթացքը, երբ տեսանելի չէ արդյունքը, գյումրեցուն չի բավարարում»:

Մեր այն հարցին էլ, թե այս ընտրություններից հետո նախագահն իրեն ավելի պարտավորված կզգա՞ շիրակցու հանդեպ, թե՞ կնեղանա ու այլեւս ոչինչ չի անի, մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ դա բացարձակապես չի ազդի Սերժ Սարգսյանի պես պետական ու քաղաքական գործչի գործելաոճի վրա, նրա համար նշանակություն չունի, թե այս մարզում, այն գյուղում կամ մյուս քաղաքում ինչ ձայներ է տարել, քանի որ նա հայոց պետականության կայացման գործընթացի ամենաառանցքային դերակատարներից է:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Շիրակցիներին մասոնների տեղ է դնելու ու ռազբոյի է ենթարկելու, ինչպես ինձնից անկախ ինձ հետ վարվեց;Անհրաժեշտ էր նախագահի թեկնածությունները գրանցել միայն հոգեկան առողջության մասին տեղեկանք ներկայացնելուց հետո:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728