Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության մե՞ջ է հայտնվել սպանության համար հետախուզվող ոստիկանը

Փետրվար 22,2013 13:27

Օրեր առաջ լրատվամիջոցներով տարածվեց մի տեղեկություն, թե Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի շնորհիվ ազատ է արձակվել սպանության համար հետախուզվողը:

Քանի որ թե առաջին ատյանի դատարանում, թե վերաքննիչ դատարանում ճանաչված փաստաբան Գեղամ Հակոբյանն է իրականացրել հետախուզվողի՝ Մկրտիչ Սարգսյանի պաշտպանությունը, դիմեցինք նրան:

«Նախ պետք է նշեմ, որ սա այն մթնոլորտի արդյունքն է, որ այսօր տիրում է դատաիրավական համակարգում: Այն, որ դատարանների նկատմամբ տարաբնույթ ճնշումները հանգեցնում են բազմաթիվ մարդկանց անհիմն կալանավորումներին ու դատապարտումներին, դա հասարակության համար գաղտնիք չէ և մերօրյա իրականությունն է: Իսկ դատարանների կողմից հազվադեպ հանդիպող օբյեկտիվ և օրինական դատական ակտերը, որոնք վերջին շրջանում աճի միտում ունեն, ընդունվում են սվիններով ու դեռ ծնունդ չառած՝ մահանում են, որպիսի հանգամանքն էլ անուղղակի սպառնալիք է դառնում դատական համակարգի ստորին օղակներին` օբյեկտիվ և օրինական դատական ակտեր կայացնելու առումով»,- ասաց Գ. Հակոբյանը:

Փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գործի հետ կապված հրապարակումներ են եղել  մամուլում, այն դեպքում, երբ «Միջնորդության և  վերաքննիչ բողոքի քննարկումը  երկու դատարաններում էլ տեղի է ունեցել դռնփակ դատական նիստով, չեն մասնակցել լրագրողներ և բացի դատավարության կողմերից, որևէ անձի չէր կարող հայտնի դառնալ այս գործի մանրամասները»:

Ըստ Գ. Հակոբյանի. «Սա հերթական ճնշումն է դատական համակարգի նկատմամբ, ընդ որում՝ անթույլատրելի ենթատեքստերով: Իհարկե, այստեղ առկա է նույն դատական համակարգի մեծագույն մեղքը, քանի որ վերադաս ատյանները հիմնականում պատրաստ լինելով բավարարելու դատախազության բողոքները, դրանով կաշկանդում են նույն դատական համակարգի ստորին օղակների կողմից օբյեկտիվ և օրինական դատական ակտերի կայացումը: Եվ մի արասցե, եթե այդ ակտը կլինի մեղադրյալի կամ ամբաստանյալի օգտին, կամ որից դժգոհ կմնա մեղադրանքի կողմը և բողոք կբերի, ուրեմն դրա կենսունակությունը դատապարտված է` անկախ դատական ակտի հիմնավորվածությունից»:

Այնուամենայնիվ, ինչ է տեղի ունեցել դռնփակ դատարաններում:

«Թեեւ ես չէի ցանկանա հրապարակային անդրադառնալ միջնորդությանը, վերաքննիչ բողոքին և վերաքննիչ դատարանի որոշմանը, սակայն նկատի ունենալով, որ արդեն իսկ հրապարակված նյութով հանրությանը այլ լույսի ներքո ներկայացվել են թե բողոքը, թե վերաքննիչ դատարանի որոշումը, ուստի ես ստիպված եմ անդրադառնալ դրանց և իմ դիրքորոշումը հայտնել այդ կապակցությամբ»,-մեզ հետ զրույցի ժամանակ ասաց Գ. Հակոբյանը:

Ըստ նրա, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետի կողմից 29.01.2013թ. միջնորդություն է ներկայացվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու խնդրանքով: Պաշտպանն ասում է, որ միջնորդությունը պատճառաբանվել է նրանով, որ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիայի 56-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է հանձնել Կոնվենցիայի դրույթների և պայմանների համաձայն հանձնման ենթակա բոլոր այն անձանց, ում դեմ հայցող կողմի իրավասու մարմինները գործ են հարուցել, կամ որոնք հետախուզվում են վերոհիշյալ մարմինների կողմից` դատավճիռն ի կատար ածման կամ կալանավորման նպատակով, նույն Կոնվենցիայի 60 և 61-րդ հոդվածների համաձայն՝ պահանջն ստանալուն պես հարցվող պայմանավորվող կողմը անհապաղ միջոցներ է ձեռնարկում այն անձին կալանքի վերցնելու ուղղությամբ, ում հանձնումը պահանջվում է, և անձը կարող է կալանքի վերցվել նախքան միջնորդություն ստանալը»:

Գ. Հակոբյանը հայտնեց, որ առաջին ատյանի դատարանում միջնորդություն ներկայացնող անձը հայտնել է, որ «պարզվել է, որ Մկրտիչ Սարգսյանը ՀՀ քաղաքացի լինելու հիմքով չի կարող հանձնվել Ռուսաստանի Դաշնությանը»:

Ի դեպ, Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2013թ. որոշմամբ միջնորդությունը մերժվել էր:

Իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 11.02.2013թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է ու որոշվել է Մկրտիչ Համլետի Սարգսյանի նկատմամբ կիրառվել ժամանակավոր կալանավորում 40 օր ժամկետով. «Տվյալ դեպքում հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին գործող օրենսդրության շրջանակներում պետք է ընձեռել հնարավորություն՝ լուծելու նաեւ մեղադրյալ Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդում հարուցելու եւ իրականացնելու հարցը, ինչպես նաեւ այն, որ ներկայացված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալ Մկրտիչ Սարգսյանը ունի առնչություն իրեն վրագրվող հանցավոր արարքի հետ եւ մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, դրանով իսկ խոչընդոտել գործի քննությանը, վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործի շրջանակներում մեղադրյալ Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ պետք է կիրառել ժամանակավոր կալանավորում» պատճառաբանությամբ:

Գ. Հակոբյանն ասաց, որ ոչ առաջին ատյանի դատարանում, ոչ էլ վերաքննիչ դատարանում միջնորդություն ներկայացրած անձի կողմից դատարանին չի ներկայացվել որեւէ ապացույց, որ Ռուսաստանի Դաշնության կողմից որեւէ պահանջ կամ միջնորդություն է ներկայացվել Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդում իրականացնելու առումով:

Պաշտպանի կարծիքով՝ մեզանում ձեւավորվում է նախադեպ, երբ ինչ-որ նկատառումներով ՌԴ-ի կողմից շինծու մեղադրանքով ՀՀ քաղաքացու նկատմամբ հայտարարվում է հետախուզում, ապա ՀՀ իրավապահ մարմինները, չունենալով հարուցված քրեական վարույթ, չտիրապետելով որեւէ օբյեկտիվ ապացույցի, խախտելով թե միջազգային-իրավական, թե ներպետական օրենսդրության պահանջները, անձին ցանկանում են զրկել ազատությունից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728