Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ուզում «Ժառանգություն»-ը. Ս. Սաֆարյանը բացում է փակագծերը

Փետրվար 22,2013 13:10

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ընտրություններից հետո վարած քաղաքականությունը հաճախ ընդդիմադիր տարբեր ուժեր բնորոշում են որպես ոչ հստակ: Մասնավորապես, նրանց հիմնական կռվանն այն է, որ Ր. Հովհաննիսյանը հստակ չի ձևակերպում իր պահանջները:

Պարզաբանումների համար Aravot.am-ը դիմեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանին:

Նրա հետ զրույցում հետաքրքրվեցինք՝ այդպես էլ ոչ մի բացատրություն չտրվեց, թե ինչու է Հովհաննիսյանի շտաբը, ըստ պաշտոնական տեղեկատվության, ԿԸՀ դիմել ընդամենը 10 ընտրատեղամաս բացելու և քվեաթերթիկների վերահաշվարկ կատարելու պահանջով, այն դեպքում, երբ թե′ նրանք, թե’ Ազատության հրապարակում հավաքվածները համոզված են, որ ամենամեծ ընտրակեղծիքները կատարվել են հենց ձայների հաշվարկի ժամանակ: Այս կապակցությամբ պարոն Սաֆարյանը պարզաբանեց. «Մեզ համար ակնհայտ է, որ ընտրությունները կեղծվել են, կեղծվել են բազմաթիվ տեղամասերում: Եվ այս կտրվածքով, քանի որ չեն բացել և ոչ մի տեղամաս, մենք ներկայացրել ենք տասը ամենավիճահարույց տեղամասերը, ապացուցելու համար, որ ընտրությունները կեղծվել են: Ընտրվել են ամենաակնհայտ ու ճչացող տեղամասերը, որտեղ խախտումներ, լցոնումներ են եղել, իսկ դրանց մեջ հաստատ կան տեղամասեր, որտեղ լցոնումներ են եղել և դրա համար պահանջում ենք ոչ միայն վերահաշվարկ, այլև՝ անվավեր ճանաչել: Ի՞նչ տարբերություն քանի տեղամաս է ներկայացված: Միևնույն է, հույսն էլ քիչ է, որ այդ տեղամասերը բացելու են: Չեմ բացառում նաև այն, որ իրենք արդեն պարկերը դասավորել են: Եթե նրանք բացող էին, կբացեին մի քանի օր առաջ, երբ ամեն մեկս մեր ընտրատեղամասերի մասով դիմել էինք: Մինչև այդ տասը էլի էինք ներկայացրել, մենակ տասը ես եմ ներկայացրել և երեկ տասը մերժման որոշում եմ ստացել»:

Մեր մյուս հարցին՝ այն է, թե Ր. Հովհաննիսյանը դեռ չի պարզաբանել` ուզում է հասնել քվեարկության արդյունքների վերանայմանը ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելո՞ւ համար, թե՞ ուղղակի պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, Ս. Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը կասի, թե ինչ է ինքը պահանջել Սերժ Սարգսյանից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728