ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը օրերս անդրադառնալով «Ժառանգության» կուսակցոււթյան փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի` ծիրանագույն հեղափոխության մասին կանխատեսումներին, հումոր էր արել, թե՝ «Արմենը ապարանցի տղա ա, ի՞նչ գիտի ծիրանագույնն ինչ ա»:
Այսօր «Հենարան» ակումբում Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց իր գործընկերոջ հումորին՝ ասելով «Հովհաննես Սահակյանը մի լավ ռեպլիկ է արել: Ցավոք, իշխանությունը հետ է մնում բոլոր պրոցեսներից, զարգացումներից համամարդկային: Ինքը չգիտի, որ գլոբալ տաքացում է սկսել եւ չի ուզում հիշել, որ իմ մայրական կողմը Լոռվա մարզից է եւ այնտեղ միանշանակ ծիրանը ոչ միայն աճում է, այլեւ լավ բերք է տալիս: Պապս մեծ բաղ է ունեցել Ալավերդի քաղաքում: Ես այս ամառ խոսք եմ տալիս իմ գործընկերոջը տանել Ապարանի Ձորագլուխ գյուղ, որը մոտ 1900 մետր բարձր է ծովի մակերեւույթից, եւ այնտեղ ցույց տալ Խոհրդային ժամանակների սովխոզի դիրեկտոր Սերյոժա Գալստյանի այգին, որտեղ հրաշալի ծիրան է աճում եւ շատ համեղ բերք է տալիս: Այնպես որ, ինքը եւս, ինչպես շատ հաճախ պատահում է, ետ է մնացել իրադարձություններից եւ չգիտի, փաստորեն տեղյակ չի, որ Ապարանում եւս ծիրան է աճում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ