Լրահոս
Օրվա լրահոսը

Չենք հիշում, որ երկրի գործող ղեկավարն ու նրա պաշտոնավարումը վիճարկող ընդդիմադիր գործիչը նման իրավիճակներում մարդավարի բարեւեն իրար

Փետրվար 22,2013 12:15

Համաձայնեք, որ երեկվա թե՛ բուն հանդիպումը, թե՛ հանդիպման այդ արտաքին կամ «արարողակարգային» խորապատկերը Հայաստանի քաղաքական մշակույթում ինչ-որ նոր երեւույթ են։
Հայաստանում, նախքան այս վերջինը, հինգ անգամ նախագահական ընտրություններ են տեղի ունեցել։ Եվ բոլոր դեպքերում այդ ընտրություններին հաջորդել են որոշակի հետընտրական զարգացումներ՝ լարվածության առավել կամ նվազ դրսեւորումներով, իսկ երկու դեպքում էլ բանը հասել է բախումների եւ արյունահեղության։
Եվ նախորդ բոլոր ընտրություններին հաջորդած լարվածության պայմաններում եւ հետընտրական զարգացումների դեպքում չի եղել նման դեպք, որ երկրի գործող ղեկավարը դրական վերաբերմունք ունենա հիմնական մրցակցի հետ հանդիպման գաղափարին, ավելին՝ ընդունի եւ առանձնազրույց ունենա իր պաշտոնավարումը վիճարկող ընդդիմադիր թեկնածուի հետ։
Առավել եւս, չենք հիշում, որ երկրի գործող ղեկավարն ու նրա պաշտոնավարումը վիճարկող ընդդիմադիր գործիչը նման իրավիճակներում մարդավարի բարեւեն իրար ու դեռ մի բան էլ այդպես լիաթոք ժպտան միմյանց։ Ժպիտները եւ ձեռքսեղմումները, ինքնին հասկանալի է, տակտի ու քաղաքավարության հարց են, բայց միեւնույն է, մեր պարագայում դա էլ չի եղել։
Չէր եղել մինչեւ երեկվա հանդիպումը։
Եվ մեկմեկու դեմ նստած ժպտացող Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի խաղաղ ու պոզիտիվ լուսանկարը, կարծում ենք, շատ բանի մասին է խոսում։ Ամենից առաջ դա այն է, որ մեր պետական ու քաղաքական գործիչների պահվածքում եւ ընկալումներում, այնուամենայնիվ, որոշակի դրական փոփոխություն տեղի է ունեցել։
Ոչ բոլորի, իհարկե։ Բայց ցանկալի է, որ Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակին շատերը հետեւեն։ Որքան շատ, այնքան ավելի քաղաքակիրթ ու փոխհանդուրժողական միջավայր կձեւավորվի մեր ներքին քաղաքական հարաբերություններում ու այդ հարաբերությունների մշակույթում։
Նկատենք, ի դեպ, որ նախագահ Սերժ Սարգսյանն իր աշխատավայրում նման բարյացակամ վերաբերմունքով ընդունեց այն գործչին, որ անցած ընտրություններում իր հիմնական մրցակիցն էր, ավելին՝ ընտրություններից անմիջապես հետո հայտարարել էր, թե ինքն է հաղթանակ տարել ու էլի նման բաներ։
Ինչ վերաբերում է հանդիպման բուն փաստին, ապա այն ինքնըստինքյան կարեւոր դրվագ է։ Ամենից առաջ կարեւորությունն այն է, որ նման հանդիպումները թույլ են տալիս որոշակիորեն թոթափել բնականորեն առկա ներհասարակական, ներքաղաքական հետընտրական լարվածությունը, գնալ ոչ թե կրքերի շիկացման ու առճակատման փակուղային ճանապարհով, այլ միասին քննարկել խնդիրները։
Այնպես չէ, իհարկե, որ ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը սարսափելի լարված է, չենք կարող ասել նաեւ, թե երկրում տրամադրությունների բեւեռացված ու սուր դրսեւորումներ են։ Բայց, ամեն դեպքում, քաղաքակիրթ հարաբերությունները, երկխոսությունը, նմանօրինակ շփումները միանշանակ նախընտրելի են, քան հասարակության մեջ երկփեղկում մտցնելն ու մարդկանց բախումների եւ արկածախնդրական դրսեւորումների տանելուն նպատակաուղղված գործողությունները։
Հատկանշական է եւ այն, որ հանդիրման մասին տեղեկանալուց հետո ՀԱԿ-ամերձ որոշակի շրջանակներ, հակաիշխանական տրամադրություններով աչքի ընկնող առանձին գործիչներ ու կլոնավորվող բջիջների նման բազմացված մի շարք մարդ-կազմակերպություններ վայրկենապես հարձակվեցին… Րաֆֆի Հովհաննիսյանի վրա՝ սոցցանցերում, իրենց ենթակա կամ հարող կայքերում ուղղակի լուտանքներ ու վիրավորական արտահայտությունների հեղեղ թափելով նրա հասցեին։
Ենթադրելի է, որ այդ շրջանակներին ամենեւին ձեռնտու չէ, որ Հայաստանում իրադարձություններն ընթանան բնականոն հունով, հարաբերությունները զարգանան քաղաքակիրթ ու հանդուրժողական միջավայրում եւ այդպես շարունակ։ Նրանց, երեւի, պետք է, որ բոլորն իրար ուտեն, խփեն, ջարդեն, մի խոսքով՝ երկիրը խառնեն իրար՝ ինչքան հնարավոր է, ինչը երեւի մի քիչ կմեղմի այդ դժբախտ մարդկանց համակած ատելությունն ու ոխակալությունը։
Թեպետ նրանց այդ վայրիվերո մաղձանետումը կարող է նաեւ զուտ պրագմատիկ հանգամանքներով պայմանավորված լինել։ Նրանք, ովքեր ամենայն լրջությամբ ակնկալում էին Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրան սատարած ավելի քան կես միլիոն մարդկանց տրամադրություններն օգտագործել իրենց քաղաքական որոշակի հավակնություններն իրագործելու համար, հասկանալի է, երեկվա հանդիպումից պետք է գրեթե կաթվածահարության հասնեին, քանզի դա ոչ միայն իրենց բախումնային նկրտումների ու հաշվարկների մեջ չի մտնում, այլեւ գրեթե խաչ է քաշում այդ նկրտումների վրա։
Մեսրոպ ՍԱՀԱԿՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728