Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. Րաֆֆի Հովհաննիսյանն այլընտրանքային քաղաքական մշակույթ է ներմուծում

Փետրվար 22,2013 11:56

Հատվածներ ԽՍՀՄ քաղբանտարկյալ ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ հարցազրույցից:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ ինքն է հաղթող թեկնածուն, և հաղթանակը պետք է տրվի ժողովրդին։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ զարգացումներ են սպասվում։ Ձեր կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կարո՞ղ է դառնալ ընդդիմությանը համախմբող լիդեր։

– Ես համարում եմ, որ ընտրություններն ավարտվեցին։ Այդ մասին հայտարարել են համապատասխան մարմինները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր նախնական տվյալներն է հրապարակել։ Իրենց նախնական կարծիքներն են հրապարակել ընտրություններին հետևող և վերահսկող կազմակերպությունները։ Ես դրանց բոլորին ծանոթ եմ։ Այսինքն՝ խաղի ավարտի սուլիչը հնչել է, խաղն ավարտվել է, և այն ավարտվել է որոշակի արդյունքներով։

Առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության կարգավիճակին հարիր անձնավորությունը (Հայաստանի Հանրապետությունը ես համարում եմ քաղաքակրթական դիրքապահ երկիր, որը ոչ թե սահմաններ ունի հարևանների հետ, այլ խրամատներով է բաժանված մյուս երկրներից, իսկ խրամատներում գտնվող երկիրը պետք է ունենար ուժեղ մարտիկ նախագահ և հրամանատար): Այսինքն՝ ժողովուրդն ընտրեց հրամանատար, որը համապատասխանում է մեր երկրի կարգավիճակին։

Երկրորդ տեղը զբաղեցրեց հաճելի և բարի մարդը (ես դրանով նույնիսկ հպարտանում եմ): Իսկ դրանով մենք աշխարհին ուղերձ հղեցինք, որ ոչ միայն մարտիկ ու զինվոր ենք, այլև ունենք ընտանիք, հարգում ենք մեր ծնողներին, ինքներս հոգատար ծնող ենք մեր երեխաների նկատմամբ, ճիշտ ժամանակին գնում ենք աշխատանքի, սափրվում ենք, հարդարվում, հետևում մեր քաշին, բարևում անծանոթ մարդկանց։

Ընդհանուր առմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ուղերձ հղեց մեր դաշնակիցներին, որ մենք ուզում ենք լավ ապրել, և մենք խաղաղասեր ժողովուրդ ենք։ Ես կարծում եմ, որ բարության և բարեկեցության մրցանակը ստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Երրորդ տեղը, իմ կարծիքով, զբաղեցրին մյուս թեկնածուները, ինչը ցույց տվեց, որ մենք նաև հումորի զգացում ունենք, գիտենք զվարճանալ։ Եվ ես շատ գոհ եմ, շնորհակալ եմ նրանց, որ ինքս մասնակցեցի այս հանդեսին։ Բացի Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից, որի համար ցավում եմ, շատ հաճելի ընտրարշավ էր։

Այնուամենայնիվ կա հասարակության մի ստվար շերտ, որն ամեն ընտրության ժամանակ սպասելիքներ ունի ընդդիմության լիդերից։ Րաֆֆի Հովհաննիսյանը թե՛ գործադիր իշխանության մեջ, թե՛ Ազգային ժողովում միշտ չէ, որ հասկանալի և հստակ դիրքորոշում է արտահայտել քաղաքական ընթացիկ գործընթացների մասին։ Նա կարո՞ղ է այս անգամ դիմել որոշակի քայլերի։

– Ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանին իրենց քվեն տված քաղաքացիները համամիտ են նրա այսօրվա դիրքորոշմանը։ Նա տարբերվում է մյուս քաղաքական գործիչներից և ներկայանում է որպես այլընտրանքային քաղաքացի։ Նա այլընտրանքային քաղաքական մշակույթ է ներմուծում՝ ներկայանալով որպես բարի մարդ։ Իսկ մեր հասարակության մեջ կա այդպիսի վերաբերմունքի կարոտ։ Անհանդուրժող, մարտական, բարիկադային կռվի պատրաստ քաղաքական գործիչների կողքին ներկայանում է Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ես նրան չեմ պատկերացնում բարիկադների վրա, չեմ պատկերացնում նաև Զարուհի Փոստանջյանին,

Ստեփան Սաֆարյանին բարիկադների վրա, արյան ծարավով, չեմ պատկերացնում Արմեն Մարտիրոսյանին բուլիժնիկը (մայթի սալահատակի քարը) ձեռքին։ Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքսեղմումը խորհրդանշական է, և նրան տրված 36 տոկոսից ավելի քվեները մեր խաղաղասեր քաղաքացիների դիրքորոշման մասին են վկայում։ Ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն ճիշտ է պահում, որ չի հրահրում քաղաքական անհանդուրժողականություն։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Նույնիսկ մոնոտոն նվազող ֆունկցիան կարող է ժամանակային տարբեր փուլեր ունենալ, օրինակ՝
    Հերոսական անցյալ, անփառունակ ներկա և մշուշոտ ապագա…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728