Արմեն Մարտիրոսյանը մեկնաբանում է Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոններ տալու քայլը
«Երեկ հանդիպել են հանրապետության 3-րդ եւ 4-րդ նախագահները»,- այսօր «Հենարան» ակումբի վարողին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսպես ուղղեց, երբ վերջինս իր ներածական խոսքում նշեց, որ երեկ հանդիպել են ՀՀ արդեն ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:
Արմեն Մարտիրոսյանի առջեւ դրված էր ջրով լի բաժակ՝ «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով: Նա ջուրը խմեց եւ ասց. «Այս ապահով Հայաստանը մենք միայն կարող ենք ազատ, արդար աշխատանքի արդյունքում եւ միասնականության շրջանակում ունենալ, որը հնարավոր է: Իսկ որ հնարավոր է, Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն մեկ անգամ ապացուցեց փետրվարի 18-ին:
Շատ դրական երեւույթ կլինի ոչ միայն այն, որ իրապես պարտված թեկնածուն շնորհավորի նրան, այլ որ իշխանությունն ընդունի իր մեջ իր պարտությունը: Ցավոք սրտի, այս տարիներին որեւէ իշխանություն ուժ չունեցավ իր մեջ ընդունելու իր պարտոււթյունը»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կտանի հաղթանակի, ինչ վերաբերում է հարցին, թե կլինի՞ իշխանափոխություն, Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ իշխանափոխությունն արդեն եղել է ժողովրդի քվեարկության արդյունքում. «Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահ լինելու պարագայում այս խորհրդարանը կինքնալուծարվի: Նոր խորհրարանական ընտրություններից հետո կլինի նոր կոալիցիա, ժողովրդի կողմից վստահված եւ կոալիցիան կղեկավարի Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ վարչապետը բնականաբար ուրիշը կլինի: Եթե մենք կոալիցիա ենք մտնելու ինքնանպատակ, դա քաղաքական ինքնասպանություն է: Եթե որեւէ մեկը պատկերացնում է, որ հնարավոր է այսպիսի ԱԺ-ով բարեփոխումներ իրականացնել, ես չեմ կարող նրա հետ վիճել էլ արդեն»:
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Ըստ Արմեն Մարտիրոսյանի, այդ հանդիպման արդյունքը կարող ենք տեսնել այսօր:
Հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը երբ ասում է, որ Սերժ Սարգսյանը իշխանությունը պետք է հանձնի ինձ, իդեալիստական չի՞ սա՝ նա պատասխանեց. «Ավելի լավ է նման իդեալիստական մոտեցումը կյանքի կոչվի, քան հնարավոր ռեալիստական մոտեցումները: Մենք ոչ թե ընդդեմ պայքար ենք տանում, այլ Հայաստանի քաղաքացու համար պայքար: Մենք փորձելու ենք ձգտել այդ իդեալիստական մոտեցմանը որքան հնարավոր է: Եվ հետո կյանքը միշտ փոխել են իդեալիստները»:
Քննադատություններ կան, որ այս հանրահավաքների օրերին զուտ հետեւելով Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթներին, դրանք չունեն կուռ կառուցվածք, որտեղից կարելի է հասկանալ, թե ինչ կա նրա մտքում եւ ուր է նա տանելու ժողովրդին:Մեր այս դիտարկմանը Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Այն , որ շատերը չեն ուզում հասկանալ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերը, տասնամյակներ են ապացուցվել, Բայց իր խոսքը միշտ հստակ է եղել եւ պետք չի անհստակություն փնտրել: Նա միշտ նշել է, որ ինքը կողմ է երկխոսությանը եւ պատրաստ է եղել հանդիպել»: Մեր հարցին՝ թե ի՞նչ մեթոդներով եւ արդյոք գոնե իր մտքում Րաֆֆի Հովհաննիսյանը, մտնելով այսպիսի պատասխանատվության տակ, պատկերացնո՞ւմ է, թե ուր է տանելու ժողովրդին՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Մեթոդներից մեկն այն է, որ մեր քաղաքացիները այսօր կանգնած փորձում են իրենց ձայնին տեր կանգնել: Եթե սա չեն ուզում հասկանալ, տեսնել՝ մի բան է: Րաֆֆի Հովհաննիսյանը պատկերացնում է, թե ուր է տանում քաղաքացիներին. տանում է դեպի հաղթանակ»:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր վերջին հանրահավաքներից մեկում պաշտոններ էր բաժանում իր թիմակիցներին, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանին ակնարկում դրա մասին: Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել այդ քայլի իմաստը: Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Հենց այդ չակերտավոր վերլուծաբանների եւ պայքարողների համար է սա անհասկանալի: Այդ քայլով է, որ ակնհայտ է դառնում, թե Րաֆֆի Հովհաննիսյնաի պատկերացրած իշխանությունը եւ կառավարման համակարգը որն է»: Մեր դիտարկմանը, որ ասում են՝ փոսը չթռած՝ հոպ է ասում՝ նա պատասխանեց. «Մենք փոսն էլ ենք թռել, լիճն էլ ենք թռել: Էդ փոսը չտեսնողները մինչեւ փետրվարի 18-ն էլ չէին տեսնում փոսը եւ չէին մտածում, որ հնարավոր է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ