Ի՞նչ պետք է անի սթափ գործիչը. եթե անգամ ենթադրենք, որ գործող նախագահի օգտին կեղծվել է, ասենք, 100 հազար ձայն, ու 2 առավել ձայն ստացած թեկնածուների տոկոսները կարող էին պարզապես մոտենալ: Մեր կարծիքով` ստեղծված քաղաքական նոր քարտեզի պարագայում իրատեսականն ու օպտիմալը կլինի այն, ինչ գուցե մասամբ արդեն եղել է երեկվա հանդիպմամբ (չգիտենք, այսօր կիմանանք): Որ երկու թեկածուները նստեն ու քննարկեն քաղաքական պատկերին համարժեք ելքերի որոնումը, քանի որ հանրահավաքային պրակտիկան երբեք սովորաբար լավ բանի չի կարող բերել երկրին` միգուցե թշնամի ու բարեկամ շատ շրջանակներ ու հարեւաններ Հայաստանում ներքաղաքական լարում են երազում: Եթե ժողովուրդը Րաֆֆու կարգախոսներին գոռում էՙ այո՜, սա դեռ չի նշանակում, որ քաղաքական սթափ գործիչը այդ «այո»-ի տակտով պետք է որոշում կայացնի:
Ելքի որոնման խոսակցությունը (քանի որ 500 հազար դժգոհ քաղաքացիների ձայնն իսկապես հնարավոր չէ անտեսել) կարող է գնալ մի շարք հնարավորությունների շուրջը` ապագա կառավարությունում զգալի դերակատարման ստանձնման, Ազգային ժողովի նոր ընտրությունների հնարավորության:
Այս երկու թեմայով երկխոսությունից դուրս Ր. Հովհաննիսյանը պետք է փորձի մյուս ընդդիմադիր միավորների հետ բանակցելով ինչ-որ միասնական ֆորմատ ձեւավորել, եթե չի ուզում նախագահ Սարգսյանի հետ վերը նշված հնարավորությունների շուրջը բանակցել: Երբ նա կարողանա միասնական ճակատ ձեւավորել, ուրեմն եւ իրավունք կստանա տնօրինելու այն 37 տոկոսը, որը ստանալը ստացել է, բայց, վերջին օրերի նրա պահվածքը վկա, տնօրինելու ձեւը չգիտի: Երեկ նախագահի թեկնածուներից Հրանտ Բագրատյանը եւս այս կարգի կոչ էր ուղղել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Սերժ Սարգսյանին երկխոսելու` այդպիսի ցանկություն նկատելով նրանց մեջ, այլապես հետագա էսկալացիայից եւ բախումներից խուսափելն անհնար կլինի: Ուրիշ բան, որ միգուցե մեր ընդդիմադիր քաղաքական շրջանակները չեն ցանկանա իրենց ձայների հաշվին իրեն ընդդիմադիր լիդեր համարող Րաֆֆի Հովհաննիսյանի լիդերությունը լեգիտիմացնել: Սա երեւում է ՀԱԿ-ամետ գործիչների առաջին գնահատականներից (օրինակ` Լյուդմիլա Սարգսյանն ասում է, թե իր համար ինտրիգն ավարտվեց, երբ Րաֆֆին իր ոտքով գնաց նախագահի նստավայր):
Դե իսկ Րաֆֆու հանրահավաքներին երեւացած ընդդիմադիր գործիչների մեծ մասը մայր կուսակցություններին հակադրված ու նրանցից հեռացած կամ հեռացող մարդիկ են, որոնք բուն ընդդիմադիր արիալը չեն ընդգրկում: Ու նրանցից Նիկոլ Փաշինյանն, օրինակ, նույնպես կոչ էր անում միավորվելու: Իսկ ընդհանրապես` շատերն են խոսում այն մասին, որ եթե տեսնենՙ լուրջ պայքար է գնալու, Րաֆֆից լուրջ լիդեր դուրս գա, կմիանան, այսինքն` սպասողական վիճակում են: Այս իմաստով Րաֆֆու արժեզրկումը կամ, ընդհակառակը, արժեւորումը կարող է տեղի ունենալ ժամ առ ժամ: Ու դա նրանից է կախված:
Կարդացեք նաև
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ազգ»