Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա քաղաքական նոր մշակույթը Ազատության հրապարակում

Փետրվար 22,2013 11:14

Արտաքուստ ամեն ինչ նույնն է. կրկնվում է այն, ինչ տեղի է ունեցել մեր պատմության վերջին 20-25 տարիների ընթացքում, երբ կատարել ենք հերթական համապետական ընտրությունները: Վերջիններս կեղծվել են, մադիկ դուրս են եկել փողոց, ու սկսվել է առաջնորդների հռետորաբանությունն ու ժողովրդի` մինչև վերջ կանգնելու-գնալու վճռականության խոսքը: Սակայն բանն այն է, որ այս անգամ, երբ նախագահական ընտրություններից հետո բողոքական զանգվածը լցվել է հրապարակ ու հայտարարում է, որ ինքը ընտրել է իր նախագահին` Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ իշխող ուժերը, իրենց սովորության համաձայն, կեղծել են տվյալներն ու բռնազավթել իշխանությունը, այլ կերպ է հնչում խոսքը` հոգևոր-բարոյական այլ մեկնակետից են տրվում գնահատականները:

Սա՛ է նորությունը: Հետո է պարզվելու, թե մնացյալն ի՞նչ հունով է ընթանալու և հրապարակում տեղի ունեցող քաղաքական այս զարգացումները ի՞նչ հանգրվանի են հասնելու:

Նախ խոնարհում է անհատի` հաղթող թեկնածուի անձը. Րաֆֆին չի հաղթել, հաղթել է ժողովո՛ւրդը: Ընդ որում, այս մասին հայտարարում է ինքը` տվյալ անհատը` Րաֆֆի Հովհաննիսյանը: Հենց սկզբից, երբ ժողովուրդը սկսեց վանկարկել նրա անունը, կանխեց դա` ո՛չ մի Րաֆֆի, ո՛չ մի Լևոն, ո՛չ մի Ռոբերտ, ո՛չ մի Սերժ. միայն` Հայաստա՛ն: Ու ժողովուրդը, ականջալուր, սկսեց` Հա-յաս-տան:

Սա դետալ է ընդհանուրի մեջ, որը կարող էր կորել-դառնալ աննշմարելի, եթե հանրահավաքի ընթացքը ևս նույն տարամաբանությամբ չլիներ, իրողությունների գնահատականներն ու, ընդհանրապես, շեշտադրումները նույն տրամաբանության մեջ չարվեին: Կրկին հնչում է խոսքը` ո՛չ մի կուսակցություն` Ժառանգություն, Դաշնակցություն, ՀԱԿ, Բարգավաճ, բոլորս մեկ ենք, բոլորս հայ ժողովուրդն ենք. պետք է իջեցվեն կուսակացական դրոշներն ու պարզվի միայն մեկը` Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Ապա ավելացվում է` հրապարակը բաց է` կարող են գալ ու միանալ բոլոր կուսակցությունների մարդիկ, մեծ թե փոքր` իրենց դերակատարությամբ, ներկա, թե անցյալ կուսակցությունների մարդիկ: Եվ կուսակցական պատկանելիությունը բնավ էական չէ, որովհետև բոլորս հայ ենք, և հայ ժողովուրդն ենք:

Ընդունեք, վաղուց այսպիսի շեշտադրումներով խոսք չէր հնչել այս հրապարակում: Ո՛չ միայն այս հրապարակում, նաև մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում ընդհանրապես:

Հավանաբար կառարկեք` խոսք է` հնչում է, ու` վերջ. ավելի ճիշտ քաղաքական մանիպուլյացիաներ են, որ արվում են ի հավանություն ժողովրդի: Հնարավոր է: Բայց դրանով այնուամենայնիվ մարդիկ «դաստիարակվում են», ուզես, թե չուզես խոսքը նստում է մարդկանց գիտակցության, ու առավել` ենթագիտակցության մեջ: Համենայն դեպս չոր, տապորային քաղաքականությունից անցնում ենք ավելի մարդկային, ու ավելի քաղաքակիրթ քաղաքական-հասարակական հարաբերությունների:

Սերն է

Վերևում խոսեցինք հոգևոր մեկնակետի մասին. Րաֆֆին «գալիս է» քրիստոնեական խոնարհումով. ամեն մեկս, ինչպես և ինքը, մահկանացու ենք ու մեղսաշատ ենք: Մեղքեր ենք գործել մեր մերձավորի, մեր դիմացինի, ինչպես նաև մեր ժողովրդի ու պետության հանդեպ: Ու նա ներողություն է խնդրում` սկսած իր կողակցից` Արմինեից: Ապա` մեղավոր է ժողովրդի առջև, այն ժողովրդի, որ հավաքված է հրապարակում` իր դիմաց են: Ապա, ողջ հայ ժողովուրդի ընդհանրապես: Ապա մեր պետության` Հայաստանի Հանրապետության: Ընդհանրապես Րաֆֆին զերծ է անսխալականի սինդրոմից, և դա մի քանի անգամ, մի քանի առիթներով կրկնում է իր խոսքի մեջ: Նո՛ւյն տրամաբանության մեջ է, ինչպես քարոզարշավը կազմակերպեց. ինքն էլ հազարներից մեկն է: Եվ գնաց ու կանգնեց այդ հազարների առջև, նրանց ձեռքը սեղմեց ու զրուցեց հավասարը հավասարի պես: Նույն կերպ են և հրապարակում հնչող իր խոսքն ու իր պահվածքը: Գուցե հենց սա՞ է Րաֆֆու հաղթանակի հենքը, այստե՞ղ պետք է փնտրել այդ հաղթանակի բանալին:

Ցանկացած մարդ կայանում է որպես այդպիսին, հոգևոր տերմինով ասած` դառնում է ամբողջական և ավարտուն, եթե բարձրանում է ինքն իրենից, այսինքն` հաղթահարում է սեփական անձը: Ու հրապարակում գլխավոր բանախոսի խոսքում հնչում է հենց այդ մասին` ես էլ, ինչպես հայ ժողովրդի մի մասնիկ, հաղթահարել եմ իմ վախը, իմ չարությունը, իմ փոքրոգությունը, որը կա ամեն մեկիս մեջ` նստած: Եվ ամենամեծ նվաճումը սեփական այդ վախի հաղթահարումն է:

Եթե հաղթահարում ես ինքդ քեզ, ապա բարձրանում ես հոգևոր-բարոյական մի այլ աստիճանի, որտեղ տեր ու տնօրենը սերն է: Եվ բնական է բնութագրումը` «Սա սիրո պայքար է»: Ապա` «Ես սա ասում եմ բարությամբ, ժպիտով, սիրով: Վաղը նույնը կասեմ Սերժին` այս հրապարակում, և իշխանության փոխանցումը կկատարենք»:

Ծնունդ

Սակայն քաղաքականությունն այլ բան է և այլ կատեգորիաներ է պահանջում: Առանց իրավունքի և պարտականության համարժեքության գիտակցության ամեն մի քայլ ու գործողություն, առավել ևս` խոսք, բումերանգ է այն կիրառողի ձեռքին; Եվ Րաֆֆու` այս խնդրի վերաբերյալ գնահատականն էլ է տեղավորվում իր կոնցեպտի մեջ: Սուրբ գիրքը պատգամում է` որքան բարի, նույնքան էլ` արդար: Եվ` «բոլորը պետք է պատասխան տան օրենքը խախտելու և գործած հանցագործության համար: Անկախ պաշտոնից` հանրապետության նախագահ է, թե շարքային քաղաքացի»: Եվ սրանք որպես ապրիօրի խոսքեր չի հնչեցնում: Կոնկրետ ներկա ընտրությունների վրայով է «ձևում»` բոլոր ընտրակեղծարարները հանցագործություն են արել պետության ու ժողովրդի հանդեպ և պետք է պատժվեն համապատասխան երկրի սահմանադրության:

Ավելին` ընտրակեղծարարները այլ մեղքի մեջ էլ են մեղադրվում. նրանք պառակտում են ազգն իրենց գործողություններով: Իսկ մեր ժողովուրդն իր էությամբ միասնական է, հատկապես եթե դա վերաբերում է շարքային քաղաքացուն, ով երկրի ճակատագրի համար ինչ-ինչ կարևորության քայլեր է անում: Խնդրեմ` ընտրությունների ժամանակ հանձնաժողովի` ընդդիմադիր կուսակցությունների շատ անդամներ մոռացան, թե ինչ կուսակցության են պատկանում` ՀԱԿ, դաշնակցություն և այլ, ու կանգնեցին ժառանգության անդամների կողքին, ու, հաճախ նրանցից առավել նախանձախնդիր լինելով, փորձեցին բռնել ընտրակեղծարարի ձեռքը: Այնպես որ, եթե կռվում են, կռվում են լիդերները, քաղաքացիները համերաշխ են միմյանց հետ:

Եթե ամփոփելու լինենք մեր այս թռուցիկ գնահատականը, ապա կարող ենք մի բան ասել, որը, կարծում եմ, անզեն աչքով էլ է նկատելի: Ժողովուրդը, քաղաքագետների, փորձագետների, տարատեսակ այլ «գետ»-երի պրոգնոզներին ու դիտողականությանը հակառակ, արթնացավ: Հավանաբար նա արթուն էլ էր, քնածը մեր «գետ»-երն էին ու քաղաքական էլիտան էր: Նաև մտավոր էլիտան էր: Հիմա նրան այլ չափանիշով պետք է մոտենանք: Եվ չի բացառվում, որ հենց այսօրվա հրապարակներում տեղի ունենա ժողովրդի քաղաքական-հասարակական տարբեր հատվածների կոնսոլիդացիան: Պատահական չէ, որ այս հրապարակում ներկա էին նաև հասարակական տարբեր շարժումների ու նախաձեռնությունների ներկայացուցիչներ: Սա մի բան է նշանակում` գուցե ժողովրդի հաջորդ արթնացումը լինի նրա` որպես քաղաքացու արթնացում:

 

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728