Լրահոս
Անդին (պատմվածք)
Օրվա լրահոսը

Հանրությանը, առավել եւս Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված 540 հազար հոգուն, պետք չէր ինֆորմացիոն արտահոսք՝ կռահելու համար, թե ինչ կարող էր առաջարկել Սերժ Սարգսյանը

Փետրվար 22,2013 11:04

Բոլորի ուշադրության կենտրոնում այսօր Ազատության հրապարակն է, որտեղ ժամը 17-ին տեղի է ունենալու Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հանրահավաքը։ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը այս հանրահավաքում չափազանց կարեւոր է։ Այդ խոսքին սպասում է ողջ Հայաստանը, Սփյուռքը, Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրողները, նրան չընտրողները, նրա հակառակորդները, միջազգային հանրությունը, բոլորը։ Այս խոսքը վերոնշյալ խմբերից յուրաքանչյուրը սպասում է տարբեր ակնկալիքներով, իր մոտիվացիաներով։ Սակայն դրա ամենակարևոր հասցեատերը այն շուրջ 540 հազար քաղաքացիներն են, ովքեր իրենց ձայնն ու վստահության քվեն տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին։ Այսօրվա խոսքից է կախված՝ 540 հազար ՀՀ քաղաքացիները հպարտ կլինե՞ն իրենց ընտրության համար, թե՞ ոչ։

Երեկ, ինչպես հայտնի է, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, շուրջ մեկուկես ժամանոց զրույց ունեցավ, եւ ահա այսօր Ազատության հրապարակում պետք է ներկայացնի այդ զրույցն ու դրա հանգուցալուծումը։ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Հովհաննիսյանը հանդիպեց ՀՅԴ ղեկավարության հետ, եւ մոտ մեկուկես ժամ էլ այնտեղ զրույց ունեցավ։ Այս երկու զրույցների տեւողությունն արդեն հուշում է, որ խոսակցությունը լուրջ է եղել, դետալներ է պարունակել։ Ու թեեւ կողմերից ոչ ոք պաշտոնապես չհրապարակեց զրույցի բովանդակությունը, այնուամենայնիվ օրվա վերջում Սերժ Սարգսյանի թեւից եղան ինֆորմացիոն «ուտկաներ»։ Դրանց ամբողջ իմաստն այն էր, որ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել է կոալիցիոն կառավարություն ձեւավորել։ Ավելի գունագեղ՝ առաջարկը ներկայացված էր ՀՀԿ խորհրդի՝ քաղաքական կյանքում ոչ ակտիվ դերակատարում ունեցող ներկայացուցիչներից մեկի գրառման մեջ, որտեղ ասվում էր, որ պետք է երկրում արմատական փոփոխություններ իրականացնել, ինչն անհնար է հեղինակազրկված կադրերով, օլիգարխներով եւ միայն ՀՀԿ-ական ռեսուրսներով։ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է նոր կոալիցիա ստեղծեն, ինչի արդյունքում էլ կկերտվի «Ապահով Հայաստանը», մոտավորապես գրել է ՀՀԿ-ականը։ Մեկ այլ լրատվության մեջ էլ ՀՀԿ-ական աղբյուրներն էին հայտնել, որ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին կոալիցիա կազմելու առաջարկություն է արել։ Սակայն հանրությանը, առավելեւս Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված 540 հազար հոգուն, պետք չէր ինֆորմացիոն արտահոսք՝ կռահելու համար, թե ինչ կարող էր առաջարկել Սերժ Սարգսյանը նրան։ Այն ժամանակ, երբ նախագահական նստավայրում ընթանում էր Րաֆֆի-Սերժ հանդիպումը, Ազատության հրապարակում շուրջբոլորը լսվում էր մի հարց. «Րաֆֆին էլ է՞ ծախվելու»։ Խնդիրն այստեղ Րաֆ¬ֆի Հովհաննիսյանի ծախվել-չծախվելը չէ, այլ այն, որ նժարին դրված է ՀՀ քաղաքացու վստահության քվեն, ու այդ քաղաքացին մտավախություն ունի, որ իր քվեն հերթական անգամ կդառնա առեւտրի առարկա։

Եվ այնուամենայնիվ, ՀՀԿ-ի կողմից կոալիցիա կազմելու հրապարակային-անուղղակի առաջարկին երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը անուղղակի պատասխանեց։ Վերոնշյալ հրապարակումներից հետո, նրա շտաբը հայտարարություն տարածեց, որտեղ այսօրվա հանրահավաքի

հիմնական նպատակը նշվում է Սերժ Աարգսյանին «ցտեսություն» ասելը։ Սակայն սա անուղղակի առաջարկին անուղղակի պատասխան է։ Մարդիկ իրենց մտահոգող հարցի պատասխանը կգտնեն այսօր, ժամը 17-ին, Ազատության հրապարակում։

Աննա Վ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728