Ինչքան ավելի են սրվում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները, այնքան Հայաստանի ներքաղաքական կյանքում ավելի շատ ու ավելի հաճախ են շոշափվում արևմտամետության և ռուսամետության թեմաները:
Հայաստանում դեռևս որևէ քաղաքական գործիչ բաց ճակատով չի կանգնել և չի ասել` ես արևմտամետ եմ, կամ ընդհակառակը` ես ռուսամետ եմ: Բացի, թերևս, կոմունիստներից: Մեզանում սովորաբար ընդունված է ասել` ես հայամետ եմ: Վատագույն դեպքում ասում են` ես կոմպլեմենտար եմ:
Ճիշտ այնպես, ինչպես Օսկանյանն էր ասում: Ընդ որում` Օսկանյանն իր ու մեր կոմպլեմենտարիզմը նշում ու շեշտում էր իր իշխանության տարիներին, ավելի ճիշտ` Ռոբերտ Քոչարյանի իշխանավարության տարիներին, երբ Հայաստանն ավելի ռուսամետ էր, քան արևմտամետ, բայց Քոչարյանի արտգործնախարարն ազատորեն խոսում էր կոմպլեմենտարությունից, որովհետև Քոչարյանի իշխանության տարիներին Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն անհամեմատ փափուկ էին, քան հիմա: Եթե նույնիսկ մեզ է էդպես թվում, դա նշանակում է, որ գոնե առերևույթ էդպես է եղել:
Դա նշանակում է, որ մեր կոմպլեմենտարիզմն ուղղակիորեն կախված է Ռուսաստանի և Արևմուտքի փոխհարաբերություններից, չնայած այսօր Արևմուտք հասկացությունը հարաբերական բնույթ է կրում, որովհետև հընթացս ուրվագծվում են նաև ԱՄՆ-ի ու Եվրոպայի շահերի ու նպատակների տարբերություններն ու հակասությունները:
Կարդացեք նաև
Այսուհանդերձ, քաղաքական աշխարհն ու մանավանդ քաղաքականացված հայերն Արևմուտք ասելով` հենց ԱՄՆ-ն ու Եվրոպան նկատի ունեն, և Ռուսաստան ասելով էլ` քաղաքականացվածներս նաև Չինաստանն ու Իրանը նկատի ունենք, և քաղաքականացվածներս արևմտամետությունից ու ռուսամետությունից խոսում ենք հատկապես ու առանձնապես էն ժամանակ, երբ Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները սովորականից ավելի են սրվում, և հայոց կոմպլեմենտարիզմն սկսում է ակնհայտորեն երերալ, և արևմտամետությունից ու ռուսամետությունից խոսում են ոչ միայն իշխանավորները, կուսակցականներն ու գործարարները, որոնց մի մասն Արևմուտքի շահերն է սպասարկում, մյուս մասը` Ռուսաստանինը, այլև շարքային ու սովորական քաղաքացիներս էլ: Եվ հիմա հենց էդ պահն է, և Սիրիայում ու այլուր ամերիկացիների ու ռուսների շահերն իրար են դեմ առել, և, դրանից էլ բացի, մեր ռուսամետների տեսադաշտում Եվրասիական միության տեսլականն է շողշողում, և էդ կապակցությամբ Գեղամյանն արդեն գիրք էլ է գրել: Եվ մեզանում շատերն են Եվրասիական էդ տեսլականով ոգևորված ու ոգեշնչված, ու երևի մեզանում էդ տեսլականով ոգևորվածներն ավելի շատ են, քան նույնիսկ Ռուսաստանում, և դա էլ իր բացատրությունն ունի, և դրա բացատրությունն այն է, որ Հայաստանն անցյալ դարավերջին անկախանալով` ավելի ու ավելի կախվածության մեջ հայտնվեց աշխարհի զանազան երկրներից: Եվ փաստն արձանագրելով` կարելի է պնդել, որ մեր ժողովուրդն, իր տարբեր խավերով հանդերձ, ընդհանուր առմամբ այսօր ավելի ռուսամետ է, քան նույնիսկ խորհրդային տարիներին. Ճիշտ է, խորհրդային տարիներին կոնկրետ Մոսկվայից ավելի էինք կախված, քան հիմա, բայց աշխարհի այլ երկրներից հիմա ավելի ենք կախված, քան խորհրդային տարիներին:
Ասվածը չի նշանակում, որ մենք պետք է փոշմանենք մեր անկախանալու համար, և խորհրդային կարոտախտով տառապողներին էլ եմ խորհուրդ տալիս չփոշմանել, հիշեցնելով, որ, մեծ հաշվով, թե՛ Հայաստանի խորհրդայնացումը և թե՛ Հայաստանի անկախացումը Ռուսաստանի ու Մոսկվայի կամքով են եղել ու տեղի ունեցել:
Միքայել Նալբանդյանն ու գրեթե բոլոր հայ մտավորականները հայերին եվրոպացի են համարել: Հիմա էլ ենք մեզ եվրոպացի համարում: Մինչդեռ եվրոպացիք ոչ միշտ են մեր եվրոպացի լինելն ընդունում ու ընկալում, և եթե ընկալում են, ապա հիմնականում` մեր մշակույթի որոշ արժեքների և մեր քրիստոնյա լինելու շնորհիվ:
Այսուհանդերձ, մենք Եվրոխորհրդի անդամ ենք: Ինչպես նաև` ռուսները: Ինչպես նաև` թուրքերն ու ադրբեջանցիք: Փաստորեն, մենք մեր հավերժական թշնամիների հետ մի ընտանիքի մեջ ենք ընդգրկված, բայց Եվրոխորհրդում ընդգրկված լինելով` մեզնից շատերը Եվրասիայի տեսլականով են տապակվում ու տոչորվում:
Այսինքն, մենք ոչ կարգին ռուսամետ ենք, ոչ էլ կարգին արևմտամետ: Այսինքն, մենք ոչ Մերձբալթիկա ենք, ոչ էլ` Բելառուս: Փաստորեն, մեր արևմտամետ կամ ռուսամետ լինելն էլ է Ռուսաստանից ու Արևմուտքից կախված: Իրենք կնստեն ու մեր փոխարեն կորոշեն` ինչամետ պիտի լինենք: Իսկ եթե հանկարծ իրենք իրար հետ լեզու չգտնեն, վերստին չափազանց բարդ իրավիճակում կհայտնվենք, և չափազանց բարդ իրավիճակում հայտնվելով` վերստին հայացքներս կհառենք հյուսիս:
Որովհետև երկու հարյուր տարվա իներցիան ավելի գործուն է, քան քսանհինգ տարվանը:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
Հ.Գ. Ինչ վերաբերում է կոնկրետ մեր քաղաքական գործիչներին ու քաղաքական վերնախավին, նրանք հիմնականում պատեհապաշտ են, և շատերն իրավիճակի բերումով են ռուսամետ կամ արևմտամետ: Քամին որ կողմից փչում է, էդ ուղղությամբ էլ գնում են: Բացառությամբ մի քանիսի, որոնց լուրջ չենք վերաբերվում:
Մեր քաղաքական գործիչներին ու քաղաքական վերնախավը, նրանք հիմնականում…
Փողաաաապաշտ են…