Երեկ՝ փետրվարի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ըստ shamshyan.com– ի ժամը 10:00-ի սահմաններում Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» ռեստորանահյուրանոցային համալիրից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ հյուրանոցի սենյակներից մեկում մահացած անձինք կան:
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ խումբը, մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի խումբը, բաժնի պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է Լոռու մարզի Գյառգառ գյուղի բնակիչ 30-ամյա Գրիշա Զալինյանի, Վարդաբլուր գյուղի բնակիչ 32-ամյա Սարգիս Ղուկասյանի, Ստեփանավան քաղաքի բնակիչ 22- ամյա Էլմիրա Ստեփանյանի և Վանաձոր քաղաքի բնակիչ 42-ամյա Արմինե Ռևազյանի դիերը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, մահացածների վրա բռնության հետքեր չկան, և մահվան պատճառը եղել մոլոքսիդ տեսակի թունավորումից, այսինքն՝ քաղաքացիների մահվան պատճառը եղել է գազի վառարանի ոչ ճիշտ օգտագործումը:
Կարդացեք նաև
Երեկ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի քննիչ Սերգեյ Սերոբյանի որոշմամբ, ռեստորանային համալիրի տնօրեն, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 62-ամյա Սամվել Թորսոյանը ձերբակալվել է: Նշված ռեստորանահյուրանոցային համալիրը պատկանում է Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին, ում եղբայրը ներկայիս Ստեփանավանի քաղաքապետն է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ նշված հյուրանոցառեստորանային համալիրում տեղի են ունեցել նման ողբերգական դեպքեր: