Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որոշակի անորոշություն

Փետրվար 22,2013 10:31

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնելու է Սերժ Սարգսյանի հետ նախօրեին ունեցած հանդիպման մանրամասները, որ կայացել էր նախագահական նստավայրում: Այդ հանդիպումից անմիջապես հետո, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: Այս հանդիպման մանրամասները ևս հայտնի չեն, թեև հասարակությանը, իհարկե, դրանք պակաս են հետաքրքրում, քան Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը: 

Այնուամենայնիվ ուշագրավ է, թե ինչքանով է ՀՅԴ ղեկավարների հետ հանդիպումը կապված Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հետ, և Րաֆֆի Հովհաննիսյանը ուղղակի ժամանակագրակա՞ն առումով է Սարգսյանի հետ հանդիպումից հետո հանդիպել դաշնակցականների հետ, թե՞ պարզապես այդպես է ստացվել ընդամենը ժամանակագրական առումով: Հետաքրքրական է նաև, թե ո՞ւմն է եղել նախաձեռնությունը, և արդյոք կլինե՞ն նոր հանդիպումներ այլ քաղաքական ուժերի, մասնավորապես` «Բարգավաճ Հայաստանի» և Հայ ազգային կոնգրեսի հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը այս մասին խոսում է ընդամենը անորոշ ակնարկներով, ինչպես և ցանկացած այլ հեռանկարի մասին: ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ընդհանրապես լուռ են: ՀԱԿ-ը հայտարարությամբ է հանդես եկել նախագահական ընտրությունների վերաբերյալ` չտալով Րաֆֆի Հովհաննիսյանի անունը, իսկ ԲՀԿ-ն ընդհանրապես ոչինչ չի ասել: Իսկ մասնավոր կարծիքների մակարդակով թե° ՀԱԿ-ականները, թե° ԲՀԿ-ականները բավական բացասական են անդրադարձել «Ժառանգության» առաջնորդի գործողություններին, առնվազն թերահավատորեն: Այս ամենից հետո դժվար է պատկերացնել, որ այդ ուժերը որևէ կերպ պատրաստակամություն կհայտնեն միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին: Մյուս կողմից, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը դեռ չի որոշակիացրել իրեն հետընտրական իրավիճակում և ակնհայտորեն որոնումների մեջ է, ինչի հետևանքով անորոշություն է նաև շրջապատում:

Այս պայմաններում ավելորդ է խոսել միացումների կամ բաժանումների մասին, քանի դեռ չկա որոշակի առանցք, որը կօգնի շրջապատին կառուցել տրամաբանական եզրակացություններ և դրանց հիման վրա կայացնել հետընտրական զարգացումների մասնակցության վերաբերյալ կոնկրետ որոշումներ: Սակայն մյուս կողմից, իհարկե, հարց է առաջանում` իսկ պե՞տք է արդյոք, որ օրինակ` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն միանան: Ամենայն հավանականությամբ, այդ միացումը քանակական նպաստից բացի, որևէ այլ բան հազիվ թե տա, քանի որ որակական իմաստով ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, ըստ էության, հանդիսանում են վաղուց սպառված քաղաքական համակարգի խոսուն ներկայացուցիչներ, և այս իմաստով շատ դժվար է պատկերացնել, որ նրանք որակապես կարող են մեծ նպաստ բերել հետընտրական զարգացումներին: Եթե նրանք որևէ բանի ունակ լինեին, ապա կանեին նախընտրական իրավիճակում: Իսկ ներկայիս հետընտրական իրավիճակում պետք են որակական նոր լուծումներ, որոնք իրենց հետ կարող են բերել նաև քանակ կամ կարող են փոխհատուցել քանակը:

Հակառակը սովորաբար չի լինում: Սակայն այս ամենի համար, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ պետք է որոշակիացնի որակի չափանիշները: Առայժմ որոշակի է մի բան՝ անորոշությունը:

Մուսա Միքայելյան

«Ժամանակ»

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728