Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենաշատը դելֆինների խաղն եմ խաղում». Որո՞նք են երեխաների ամենասիրելի խաղերը

Փետրվար 21,2013 19:09

Մանկության ամենավառ հիշողություններից մեկն էլ մանկական խաղերն են: Արագ ավարտում էինք դասերը, վազում բակ ու որոշում` ինչ խաղալ: Այդ ժամանակ հաստատ չէինք էլ պատկերացնում, որ խաղերն ու խաղալիքները ճշգրիտ արտացոլում են մեր հոգեկան կերտվածքի առանձնահատկությունները:

«Փոքր տարիքում, երբ իմ հասակակիցները տուն տունիկ ու տիկնիկ էին խաղում, ես բակի տղաների հետ ֆուտբոլ էի սիրում խաղալ, – ասում է 18-ամյա Նարինեն, – նստում էի հեռուստացույցի առջև ու մուլտֆիլմի փոխարեն պապիկիս հետ միասին ֆուտբոլ նայում, այլ խաղեր ևս կային, որոնք շատ էի սիրում՝ հալամուլա, պահմտոցի… բայց ֆուտբոլն առանձնանում էր, անգամ ուզում էի ինձ ֆուտբոլի տանեն, բայց ծնողներս չցանկացան»:

 «Лягушка եմ շատ խաղացել, ռեզին, 7 քար, հալամուլա – ասում է 24-ամյա Աստղիկը, – ժամ ունեինք, մինչև այդ ժամը բոլորս կազմ պատրաստ պետք է լինեինք բակում ու խաղայինք»: Հիշում է մի անգամ էլ դասերը չէր սովորել ու տնից դուրս եկել, մայրն էլ բարկացել էր վրան ու արգելել 1 շաբաթ տնից դուրս գալ. «Շատ դաժան պատիժ էր ինձ համար դա», – ժպտում է 🙂

22-ամյա Էլենի սիրելի խաղն էլ «Բադերն ու որսորդն» էր, ասում է՝ բակի ամենալավ խաղացողն էր, բոլոր երեխաները ուզում էին իր թիմից լինել  🙂 Հանդեսներ ևս կազմակերպում էր բակում. «Սցենարներ էի գրում ընկերուհիներիս հետ, բակի տատիկներին կանչում էինք որպես հանդիսատես ու հանդես անում, երգում պարում», – հիշում է նա:

Մանկության խաղերի մասին հիշողությունները բազմազան են: Մեզանից յուրաքանչյուրն էլ կհիշի բակում խաղացած խաղերը, «կռիվները», խաղի ժամանակ վնասած ձեռքը կամ ոտքը… մինչդեռ այսօրվա երեխաները հավանաբար էլ չեն թվարկի այն խաղերը, որոնք վերը նշվեց: Այս սերունդը հակված է ավելի շատ համակարգչային խաղեր խաղալուն:

«Մաշան ու արջը», «Օղակներով խաղը», – 9 -ամյա Ռոբերտն այսպես պատասխանեց այն հարցին, թե որն է իր ամենասիրելի խաղը: Համակարգչային խաղեր խաղալ շատ է սիրում, ողջ ազատ ժամանակն անցկացնում է օն-լայն խաղեր խաղալով: Հարցին, թե բակում չի՞ խաղում, նա պատասխանեց. «Դե հիմա ցուրտ է, մաման չի թողնում դուրս գամ, բայց տաք եղանակին մեկ -մեկ դուրս եմ գալիս, բայց ավելի շատ համակարգչով եմ խաղում»:

11-ամյա Մարին ևս համակարգչային խաղերի սիրահար է. «Ամենաշատը դելֆինների խաղն եմ խաղում», – ասում է նա: Հարցին, թե ինչու՞, պատասխանեց. «Որովհետև ես դելֆիններ շատ եմ սիրում, բայց չեմ կարող իրականում խաղալ նրանց հետ, դրա համար համակարգչի միջոցով եմ խաղում»: Ասում է, բակում ևս խաղում է, բայց երբ խնդրեցի թվարկել բակային խաղերը՝ սկսեց մտածել. խաղացանկում միայն «Բադերն ու որսորդն» էր և պարանը:

Ամերիկացի և բրիտանացի գիտնականները պնդում են, որ համակարգչային և տեսախաղերը մարդու կյանքի վրա դրական ազդեցություն են ունենում: Ուսումնասիրության համաձայն, խաղերը բարձրացնում են մի շարք որակներ, որոնք մարդիկ օգտագործում են առօրյա կյանքում, – տեղեկացնում է Panorama.am-ը:
Ըստ գիտնականների, խաղերը նպաստում են կրթությանը, ինքնագնահատականի բարձրացմանը, կորդինացիայի լավացմանը: Ապացույց չկա, որ տեսախաղերը, եթե, իհարկե, դրանցով զբաղվես չափավոր, բացասաբար են ազդում:

Մեկ այլ ուսումնասիրության համաձայն, խաղերը, որոնցում մարդիկ սուպերհերոսների դեր են կատարում, օգնում են նրանց առօրյա կյանքում օգտակար լինել հասարակությանը:

Դրականի կողքին գրեթե միշտ լինում է նաև բացասականը, դա նշանակում է, որ  համակարգչային խաղերը բացասական ազդեցություն ևս ունենում են, ինչպես օրինակ` Չինաստանում 10-ամյա աղջնակի դեպքը, երբ խանութ էր թալանել. «Այդ քայլին երեխային դրդել է համակարգչային խաղերի նկատմամբ սերը` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ խանութում տեսախցիկ է տեղադրված, այս մասին հայտնել է tert.am-ը: Հայտնաբերելով փողերի կորուստը՝ վաճառողը նույն վայրկյանին դիմել է ոստիկանություն և նրանց փոխանցել բոլոր նյութերը: Ինչպես նշվում է՝ աղջկան հաջողվել է գողանալ 1600 դոլարին համարժեք գումար:

Հետաքրքիր է, որ աղջիկը ավելի ուշ վերադարձել է նույն խանութ` վիրտուալ փողեր գնելու, որոնցով հնարավոր է վճարել Tencent QQ-ի խաղերում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով աղջկա տարիքը` նա սահմանված պատիժը չի կրի: Աղջիկը ստիպված է եղել վերադարձնել իր մոտ մնացած գումարը, ինչպես նաև բարոյախրատական խոսքեր լսել ոստիկանությունից և տատիկից:

Այսպիսով, համակարգչային խաղե՞ր, թե՞ բակային, նախասիրության հարց է, կարևորն այն է, որ խաղը լինի արդյունավետ, իսկ ազդեցությունը՝ դրական:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728