Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո շատերն էին Ֆեյսբուքյան հարթակում զարմացած հարցնում, ոմանք էլ ուղիղ մեղադրանքներ ուղղում Րաֆֆի Հովհաննիսյանի հասցերին, թե ինչո՞ւ նա «չէ» պատասխանեց Սերժ Սարգսյանի հարցին՝ հանդիպումն անցկացնել լրագրողների ներկայությա՞մբ, թե՞ առանց նրանց:
Իրադարձությունների ժամանակ ներկա լրագրողները հետո պատմում էին, որ երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հասել է նախագահական նստավայր, նա հատուկ հետաքրքվել է՝ եթե Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի կողմից լինելու է լուսանկարիչ եւ օպերատոր, ապա ինքն էլ իր կողմից է ցանկանում մեկ լուսանկարիչ եւ մեկ օպերատոր ունենալ, կամ ընդհանրապես բաց հանդիպում լինի: Սակայն ընտրության իրավունքը թողել է գործող նախագահի հայացողությանը՝ «ինչպե՞ս է կամենում»: Քիչ հետո նրան է մոտենում արարողակարգի ղեկավարը եւ ասում, որ իրենք լինելու են միայն երկուսով, առանց լուսանկարչի եւ օպերատորի: Րաֆֆի Հովհաննիսյանը ճշտում է՝ դա նախապայմա՞ն է: «Այո»,-ասում է արարողակարգի պետը:
Այս ամենի մասին կարող եք դիտել 7or.am-ի տեսանյութում:
Ի դեպ, քիչ առաջ նախագահական նստավայրից պարզաբանում ստացանք հանդիպման լուսաբանման ձեւաչափի վերաբերյալ: Այնտեղ ասվում է.
Կարդացեք նաև
«Հանրապետության նախագահի հանդիպումների լուսաբանման ձևաչափը մշտապես սահմանվում է կանխավ: Պարոն Հովհաննիսյանի հետ հանդիպման լուսաբանման ձևաչափն էլ հանդիպումից առաջ քննարկվել է և պայմանավորվածություն է ձեռք բերվել Նախագահի անձնական օպերատորների և պարոն Հովհաննիսյանի օպերատորների արարողակարգային տեսանկարահանման ձևաչափի մասին, ինչը և իրականացվել է հաստատված արարողակարգի սահմաններում: Ինքը՝ պարոն Հովհաննիսյանը, հրապարակային խոսքի կողմ է արտահայտվել հենց հանդիպման ընթացքում և մամուլում տարածվող կարծիքները հակառակի մասին չեն համապատասխանում իրականությանը»: