1997 թվականի հունվարի 14-ին Գ-3 թաղամասում 4 անձ դարանակալում են, ռադիոկապով հայտնելով Կենտրոն համայնքի նախկին դատախազ Վ. Շահինյանի եղբոր մուտքին մոտենալու մասին: Մուտքում նրանք զենքի գործադրմամբ, հարձակվելով, բռնություններ կիրառելով, դեմքին գազ փչելով, խլում են Ա. Շահինյանի մոտ գտնվող 130 000 դոլար գումարը, եւ դիմում փախուստի:
Մի քանի օր հետո Ա. Շահինյանին զանգում են հեռախոսով, Սարյանի արձանի մոտ հանդիպում` վերադարձնելով գումարը:
Անցյալ տարվա նոյեմբերին այդ գործով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 7 տարվա ազատազրկման է դատապարտվում Արման Կառլենի Գրիգորյանը: Ըստ տուժողի 15 տարի հետո դատարանում տված ցուցմունքի, դեմքին գազ փչողը Արման Կառլենի Գրիգորյանն էր:
Դեռ 1997թ-ին Երեւանի դատախազության քննիչի որոշմամբ կալանք է ընտրվում Արման Գառնիկի Գրիգորյանի նկատմամբ: Վերջինի նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Ոստանիկ Անջոսյանի, Աշոտ Ղազարյանի, Արսեն Քոչարյանի եւ Արման Գրիգորյանի գործով անջատվում է քրեական գործի մասը:
Նույն տարի էլ կասեցվում է Արման Գառնիկի Գրիգորյանի մասով նախաքննության կատարումը մինչ նրա հայտնաբերումը:
2010թ.Վիեննայում ՀՀ դեսպանատան միջոցով ստացված տեղեկության համաձայն, Հայաստանի քաղաքացի Արման Կառլենի Գրիգորյանն ազատվում է Քորնոյբուրգի դատարանով պատժի կրումից, եւ հանձնվում Հայաստանին:
Արման Գառնիկի Գրիգորյանի դեմ հարուցված եւ կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվում է:
Դատապարտյալ Արման Կառլենի Գրիգորյանի պաշտպանը՝ Գեւորգ Ստեփանյանը բողոք է բերում, ինչպես վերաքննիչ, այնպես էլ վճռաբեկ դատարաններ: ՀՀ վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողնում առաջին ատյանի դատավճիռը, իսկ վճռաբեկ դատարանը վերադարձնում է բողոքը, այն թողնելով առանց քննության:
Ըստ պաշտպանի, նախաքննությունն իրականացրած մարմինը իր պաշտպանյալին «շփոթել» է: «Քրեական գործում բացակայում են տեղեկանքները, որոնք պետք է նշված լինեին անձին ճանաչման ներկայացված արձանագրություններին՝ ֆոտոլուսանկարներում ցույց տրված անձանց ինքնության մասին անհրաժեշտ տվյալներում: Անհասկանալի են, ովքեր են պատկերված լուսանկարներում, ինչն է հիմք ընդունել քննիչը, տեղեկանք կազմելով, թե լուսանկար 3-ում պատկերված աձը Արման Գառնիկի Գրիգորյանն է: Քրեական գործում բացակայում է նրա անձնագրի թիվ 1 ձեւը: Մինչդեռ, իմ պաշտպանյալը Արման Կառլենի Գրիգորյանն է, եւ նա այդ հանցագործությունը կատարած անձը չէ»:
Ավելին, ըստ պաշտպանի, Արման Կառլենի Գրիգորյանը 1996-ի նոյեմբերից բացակայել է հանրապետությունից: Սադախլոյից գնացել է Բաթումի, ապա Սոչի, ապա՝ Կալուգա: Կալուգայում բնակվել է Լարիսա Զուեւայի հետ, ով կարող էր հաստատել իր ալիբին:
1997-ից մինչ 2005թ.նախաքննության արձանագրությունները եւ որոշումները եղել են Արման Գառնիկի Գրիգորյանի տվյալներով:
Մեր այն հարցին, որ նախաքննության ժամանակ առերեսումներ եղե՞լ են, պաշտպանն ասաց. «Վարույթն իրականացնող մարմինը քաջ գիտակցելով, որ առերեսումներ կատարելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վտանգում է մեղադրանքը, որն անխուսափելիորեն կփլուզվեր, պարզապես առանց հիմնավորելու, պատճառաբանելու, մերժել է՝ դրսեւորելով բացահայտ կողմնակալ դիրքորոշում: Քննիչը չի ստուգել իմ պաշտպանյալի ալիբին»:
Պաշտպանը հղում է կատարում ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածին, համաձայն որի անձը ենթակա է քրեական պատասխանատվության, միայն անձամբ կատարած հանցանքի համար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ