Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիպի մասին լուրերը մամուլում չափազանցված են

Փետրվար 21,2013 17:50

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում այսպես կոչված խոզի գրիպի մասին տեղ է գտնում անհարկի խուճապ ստեղծող տեղեկատվություն։ Չափազանցված և չստուգված լուրերը բնակչության շրջանում կարող են առաջացնել լուրջ անհանգստություն` հիշեցնելով 2009 թվականի պանդեմիկ իրավիճակը, երբ նշված  գրիպը նոր էր մարդկային օրգանիզմի համար և առաջացնում էր հիվանդության զանգվածային և մահվան դեպքեր։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ),  ելնելով մի շարք հետազոտությունների արդյունքներից, դեռևս 2010 թվականից այսպես կոչված խոզի գրիպը` գրիպի Ա տեսակի H1N1պնդ ենթատեսակը, դասում է մարդկային սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին։ ԱՀԿ-ի  տվյալներով յուրաքանչյուր տարի սեզոնային գրիպի տարբեր տեսակներից (այդ թվում` Ա H1N1պնդ ենթատեսակից) աշխարհում մահանում է 3-5 մլն մարդ, որը կազմում է մահվան ընդհանուր դեպքերի գրեթե 1-2 տոկոսը։

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս շրջանառվում են գրիպի Ա (H1N1պնդ, H2N3) և Բ տեսակները։ Գրիպի յուրաքանչյուր տեսակի կամ ենթատեսակի դեպքում հնարավոր է հիվանդության միջին և ծանր ընթացք, ինչին կարող են նպաստել բժշկական օգնության ուշ դիմելը, ինքնաբուժմամբ զբաղվելը, ուղեկցող հիվանդությունների (հիվանդների առողջական վիճակ) առկայությունը, հիմնական (քրոնիկ) հիվանդությունների կլինիկական առանձնահատկությունները և այլն: Առավել խոցելի են քրոնիկ հիվանդություն ունեցողները, հղիները, երեխաները և տարեցները։ Եվ  հատկապես նրանք գրիպանման երևույթների առաջին իսկ նշանների դեպքում անհապաղ պետք է դիմեն բժշկական օգնության։

Տեղեկացնում ենք, որ հանրապետության բոլոր բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, որոնք բուժող բժշկի նշանակումով բոլորին հատկացվում են անվճար։

Հիմք ընդունելով գրիպի սեզոնայնությունը` ամեն տարի, աշնան- գարնան ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ուժեղացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային բոլոր միջոցառումները։

Հանրապետությունում իրականացվող ամենօրյա մշտադիտարկման արդյունքում վերջին շաբաթներին, 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ, սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ չի գրանցվել։

Ներկայումս լաբորատոր հետազոտությունների արդյունքում հանրապետությունում 30 հիվանդի մոտ հայտնաբերվել է գրիպի վիրուս` որից 7-ը`  Բ, 21-ը`  Ա տեսակի։ Իսկ Ա տեսակի դեպքերից 18-ի մոտ արձանագրվել է H1N1պնդ ենթատեսակը։

Հիվանդների հիմնական մասը բուժվել և առողջացումով դուրս է գրվել։ Մի շարք դեպքերում հիվանդների բուժումը կազմակերպվել է տնային պայմաններում։

Ինչ վերաբերում է հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացվող  կազմակերպություններում թոքաբորբով բուժվող հիվանդներին, ապա պետք է նշել, որ գրիպի յուրաքանչյուր սեզոնի համար դրանց արձանագրումն օրինաչափ է և դրանք ոչ միայն շնչառական վարակների բարդություններ  են, այլև ունեն այլ ծագումնաբանություն։

Ներկայումս հանրապետության, հիմնականում Երևանի հիվանդանոցներում, բուժվում է թոքաբորբով  12 հիվանդ, որից 3-ի վիճակը գնահատվում է ծանր և միջին ծանրության, մյուսների մոտ հիվանդությունն ունի թեթև ընթացք։

Այսօրվա տվյալներով հանրապետությունում արձանագրվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակից մահվան 2 դեպք, որոնք պայմանավորված են եղել ուշ դիմելիությամբ և ուղեկցող հիվանդություններով։ Նրանցից մեկը` 42-ամյա տղամարդը գրիպանման երևույթներ` հազ, կոկորդի ցավ, բարձր ջերմություն, ունեցել է դեռևս հունվարից, այդ վիճակով շարունակել է աշխատել հերթափոխային ռեժիմով  և չի դիմել բժշկական որևէ օգնության։ Ավելին` մի քանի անգամ դիմել է շտապօգնության ծառայությանը և  հրաժարվել  մասնագետների` հոսպիտալացվելու հորդորներից։ Բժշկին դիմել է միայն այն ժամանակ, երբ ունեցել է շնչառական խիստ անբավարարություն։

Ինչ վերաբերում է երկրորդ դեպքին, ապա  24-ամյա հղին մինչ գրիպանման երևույթների արձանագրումն ունեցել է երիկամային ախտաբանություն,  որի դեմ ստացել է հիվանդանոցային բուժում։ Դուրս գրվելուց հետո տանն ի հայտ է եկել առատ քրտնարտադրություն` զուգորդված ջերմությամբ, թուլությամբ և այլ ախտանշաններով։ Թոքաբորբի զարգացումը և հետագա բարդացումը պայմանավորված է եղել կնոջ վիճակով և ուղեկցվող հիվանդությամբ։

Մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դիահերձարանից արգելել են հղիի հուղարկավորությունը կազմակերպել մեկ օր ուշ, դիակը պահել փակ դագաղում և թույլ չտալ մոտենալ, ապա դա ծայրահեղ անհեթեթություն է այն պարզ պատճառով, որ գրիպի հարուցիչներն այնքան անկայուն են շրջակա միջավայրում, որ րոպեների ընթացքում ոչնչանում են` կորցնելով իրենց ակտիվությունը։

Իրավիճակի փոփոխության և նոր տվյալների առկայության դեպքում նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է`

•          Գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմեք բժշկական օգնության, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, կազմակերպե՛ք բժշկի այցը տուն

•          Եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը

•          Անհարկի, առանց բժշկի ցուցման մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք չեն օգնում վիրուսային ծագումնաբանությամբ հիվանդությունների ժամանակ

•          Մի՛ շփվեք գրիպանման երևույթներով հիվանդների հետ

•          Խստորեն հետևե՛ք անձնական հիգիենայի պահպանման կանոններին

•          Հագնվե՛ք եղանակին համահունչ

•          Պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը

•          Հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները:

ՀՀ առողջապահության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728