Սիրիայի ակտիվիստների համաձայն, Դամասկոսի կենտրոնական մասում երկրում իշխող «Բաաս» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ հինգշաբթի օրն իրականացվել է պայթուցիկով բեռնված մեքենայի պայթյուն, որի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ:
Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, պայթյունի հետևանքով զոհվածների մեծ մասը եղել են խաղաղ բնակիչներ:
Պայթյունի հետևանքով վնասվել են դեպքի վայրի մոտակայքում գտնվող Ռուսաստանի դեսպանության պատուհանները:
Սիրիայի պետական լրատվամիջոցները «ահաբեկչական հարձակում» են անվանել պայթյունը, որն իրականացվել է մայրաքաղաքի խիտ բնակեցված ալ-Մազրաա թաղամասում:
Կարդացեք նաև
Սիրիայի ընդդիմությունն այս ընթացքում հանդիպումներ է անցկացնում Կահիրեում՝ նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության հետ խաղաղության բանակցություններ անցկացնելու նախաձեռնությունը քննարկելու նպատակով:
Ակտիվիստների համաձայն, Դամասկոսի արվարձաններից մեկում նախօրեին ապստամբներին հաջողվել էր խփել նույն թաղամասի ուղղությամբ դրանից քիչ առաջ հարձակում իրականացրած կառավարական ուժերի ռազմական օդանավերից մեկը: Օդանավի հարձակման հետևանքով, ըստ հաղորդագրության, զոհվել էր առնվազն 20 մարդ:
Ռազմական օդանավը ապստամբների կողմից խփելու մասին հաղորդագրությունն անհնար էր ենթարկել անկախ հաստատման:
Միավորված ազգերի կազմակերպությունն անցյալ շաբաթ տեղեկացրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ապստամբության սկզբից այդ երկրում զոհվել է արդեն 70 հազար մարդ:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան