Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի դիտողություններն ու առաջարկությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` թանաքի վերաբերյալ

Փետրվար 21,2013 16:54

Հարգելի պարոն Մուկուչյան,

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո` անհետանում: Միջազգային փորձի ուսումնասիրությունից կարելի է եզրակացնել, որ ընտրախախտումների կանխարգելման արդյունավետ մեխանիզմ է հանդիսանում ընտրողների ստուգման երկաստիճան համակարգը, այսինքն` ոչ միայն ընտրական ցուցակների կազմման, վարման, դրանց հրապարակայնության, ընտրական տեղամասում ընտրողների ցուցակում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալների գրանցման կանոնակարգումները, այլև դրանց դրոշմակնքումը կամ ընտրողի մատների թանաքոտում (Եգիպտոս, Լատվիա, Հնդկաստան, Մեքսիկա, և մի շարք այլ երկրներ):

2012 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման գործընթացի հետ կապված խնդիրների վերաբերյալ ստացվել էին 64 ահազանգեր: Այդ ահազանգերը վերաբերել էին թե´ դրված դրոշմակնիքների` օրենքով սահմանված ժամկետից շուտ անհետացմանը և թե´ դրանց սահմանված 12 ժամից ավել մնալուն: 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ նույնպես ստացվել են 68 ահազանգեր, որոնք վերաբերել են անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման գործընթացին: Կրկին անգամ ահազանգերը վերաբերել են դրոշմակնիքի կամ շուտ անհետանալուն, կամ սահմանված 12 ժամից ավել մնալուն: Ահազանգերը վերաբերել են նաև նրան, որ դրված կնիքները անձանց ցանկության դեպքում հեշտությամբ հնարավոր էր ջնջել: Կնիքի հեշտությամբ ջնջվելը խիստ մտահոգիչ է այնքանով, որ այն չի համապատասխանում ընտրողների ստուգման երկաստիճան համակարգի նպատակին և ավելին, նպաստավոր պայմաններ է ստեղծում  իրավախախտների կողմից ընտրակեղծիքներ կատարելու համար:

Պատահական չէ, որ միջազգային մի շարք կազմակերպություններ դրական էին գնահատել 2011 թվականին ընդունված նոր ՀՀ ընտրական օրենսգրքի մեջ դրոշմակնքման վերաբերյալ դրույթի ներառումը, քանի որ այն  պետք է հանդիսանար ընտրախախտումների կանխարգելման մեխանիզմ: Սակայն ԿԸՀ-ի կողմից առ այսօր հնարավոր չի եղել ստանալ այնպիսի մի նյութ, որը կհամապատասխաներ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին և միջազգային չափանիշներին:

ՀՀ Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման և անցկացման, Ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 01.08.2012թ ներկայացված հաղորդագրությամբ առաջարկվել էր հանել Ընտրական օրենսգրքի դրոշմակնքման վերաբերյալ դրույթը: Միևնույն ժամանակ մի շարք միջազգային կազմակերպություններ հայտնել են այն կարծիքը, որ անհրաժեշտ է ընտրողների ստուգման երկաստիճան համակարգը, սակայն դրոշմակնիքի ինստիտուտի վերաբերյալ հայտնել են, որ  առավել դասական և փորձված միջոց է ընտրողների մատների թանաքոտումը, այլ ոչ դրոշմակնքման ինստիտուտը:

Ելնելով վերոգրյալից` խնդրում ենք 5-օրյա ժամկետում հստակեցնել, թե արդյոք հնարավոր է դրոշմակքնման համար այնպիսի նյութի ձեռքբերումը, որը կհամապատասխանի ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին և միջազգային չափանիշներին: Հակառակ դեպքում՝ գտնում ենք, որ այս խնդրի հետևանքով առաջացած ընտրախախտումների ռիսկի և հանրության մտահոգությունների բացառման համար անհրաժեշտ է փոփոխություն կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում` դրոշմակքնման փոխարեն նախատեսելով մեկ այլ մեխանիզմ, այն է՝ մատների թանաքոտումը:

Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Հարգելի պարոն Անդրեասյան

    Այս կնիքի պատմությունը առնվազն տարօրինակ է: Ինչո՞ւ պարզապես չկքել սովորական անանցելի թանակով: Անձնագրում տեղ շատ կա: Մարդը իր կյանքի ընթացքում, նույնիսկ եթե 100 տարի ապրի, ընդամենը 20 կնիք կստանա: Եվ ի՞նչ գաղտնիք է սա, որի իրավունքը պետք է պահպանել:
    Այդ առումով ավելի մեծ գաղտնիքի խախտում է կախել պատից մարդու անունը, ազգանունը, հայրանունը և հասցեն. բոլորը միասին: Ի դեպ ասեմ, որ 18-ի կնիքը, ինչպես և նախորդ խորհրդարանի ընտրությունների կնիքը անձնագրումս հստակ մնացել են: Հիշեցնեմ, որ այսօր 21-ն է: Դիմե՞մ ձեզ , որ վերականգնեք գաղտնիության իրավունքս, թե՞ դատի տամ ԿԸՀ-ն:

    Ավելի մեծ իմաստ ունի նաև կախել քվեարկության լրացված ցուցակները, որը անկասկած կլուծի բացակաների փոխարեն քվեարկելը: Սա էլ գաղտնիք չէ: Գաղտնիքը քվեարկելու թերթիկն է:
    Գաղտնիության գաղափարի փոխակերպումը ձեռնտու է հենց կեղծարարներին:

    Հաճույքով հիշում եմ մեր համատեղ աշխատանքը: Բառարանը վերջերս սպառվեց:Բայց համացանցում բազմաթիվ հղումներ կան դրան:

    Լավագույն մաղթանկներով
    Ալեքսանդր Աղաբեկյան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728