ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կայքէջը տեղեկացնում է, որ մականախաղի «Այրուձի» թիմը փետրվարի 15-ից 17-ը Հունաստանում կայացած Եվրոպայի ակումբային առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը, ինչը վերջին 22 տարում Հայաստանում հարուստ ավանդույթներ ունեցող մարզաձեւի ամենանշանակալի հաջողությունն է եւ վկայում է մականախաղի վերածննդի մասին:
Հունաստանում մեր թիմի մրցակիցները եղել են տանտերերի, Բուլղարիայի, Վրաստանի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի Լեհաստանի եւ Սերբիայի լավագույն ակումբները, որոնց պայքարում միայն Հայաստանն ու Լեհաստանն են «Champions Challenge»-ի խաղերին մասնակցելու իրավունք նվաճել: Հայաստանի մականախաղի ֆեդերացիայի նախագահ Խաչատուր Գիլոյանի խոսքերով, հայ մականորդները մարտական են տրամադրված եւ պատրաստվում են հաջող հանդես գալ նաեւ հուլիսի 21-ից 26-ը կրկին Հունաստանում կայանալիք ազգային հավաքականների Եվրոպայի առաջնությունում, որտեղ խաղալու են Բուլղարիայի, Կիպրոսի, Վրաստանի, Հունաստանի եւ Լիտվայի ընտրանիների հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ