Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի իշխանությունը փողոցում ընկած է»

Փետրվար 21,2013 16:29

«Իշխանության խոստումները իրականություն չդարձան: Որակապես այս ընտրությունները չդարձան ամենալավ, ամենապայծառ, ամենաիդեալական ընտրությունները, գրեթե կրկնվեցին այն բոլոր կեղծիքները, որոնք անցած տարվանից մեզ ծանոթ էին»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:

 Վերլուծելով այս տարվա նախագահական ընտրությունները՝ Սուրեն Սուրենյանցը մի շարք դիտարկումներ արեց: Իր խոսքում նա նշեց, որ նույնիսկ խորհրդարանական ընտրություններից ավելի վատ ընտրություններ կայացան, քանի որ եղան լցոնումներ, վստահված անձանց նկատմամբ ճնշումներ եւ մի շարք այլ խախտումներ: Նա ասաց, որ իր գնահատականները շատ օբյեկտիվ են, քանի որ ինքը չի հարում ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Հաջորդ դիտարկման մեջ Սուրեն Սուրենյանցը նշեց, որ քաղաքային բնակչություն ունեցող բոլոր բնակավայրերում իշխանությունը կրել է կատարյալ պարտություն: Ընտրությունները ավելի հեշտ կեղծվում են գյուղերում եւ հետեւաբար իշխանությունը պարտվել է:

Սուրեն Սուրենյանցը համոզված է, որ Սերժ Սարգսյանը կշարունակի եւս 5 տարի պաշտոնավարել: Եվ չնայած Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները շատ են, եթե նա շարունակի կրկնել ընդդիմության նախկին սխալները, նա կկորցնի ընտրողների վստահությունը: Նրա կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է դիմի ավելի լուրջ քայլերի, քան միայն կանգնել հրապարակում եւ բացականչել. «Իշխանությունը փոխանցել ժողովրդին»: Օրինակ՝ հայտարարի, որ նախագահն ինքն է: Նա Րաֆֆի Հովհաննիսյանին համարում է մի գործիչ, որը չգիտի ինչ անել:

Սուրենյանցը նաեւ համարում է, որ խախտվել է իշխանությունների սցենարը եւ դրա հետեւանքով Րաֆֆի Հովհաննիսյանը ստացավ այդքան թվով ձայներ:

«Հայաստանի իշխանությունը որոշակի իմաստով հիմա փողոցում ընկած է: Դժբախտաբար, Հայաստանի պատմությունը ցույց է տվել, որ փողոցում ընկած իշխանությունը որեւէ մեկը չի կարող վերցնել»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:

Սուրենյանցը համարում է, որ Սերժ Սարգսյանը կարող էր ավելի լավ ձեւով գալ իշխանության, բայց նա փետրվարի 19-ը դիմավորեց այնպես, ինչպես Հայաստանի բոլոր նախագահները՝ 1996թ.-ից սկսած: Թերեւս դրան նպաստեցին իշխանության մեջ եղած այն շերտերը, որոնց նա ժամանակին չհեռացրեց իշխանությունից: Թեեւ իրեն ռոմանտիկ մարդ չի համարում, բայց հավատում է, որ Սերժ Սարգսյանը այս 5 տարիները կօգտագործի բարեփոխումների համար:

Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Բարեփոխումների համար առաջին հերթին խելք է հարկավոր:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728