Փետրվարի 21-ին մեկնարկեց «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով երիտասարդ գիտնականների գիտաժողովը։ Եռօրյա այս գիտաժողովը համատեղ կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորումը և ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը։
ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Կառլեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ գիտաժողովի ընթացքում քննարկվելու են տնտեսագիտությանը վերաբերող տարաբնույթ հարցեր։ Այս համաժողովի միջոցով փորձելու են հնարավորություն տալ երիտասարդ մասնագետներին ներկայացնելու իրենց հետազոտությունները և լսելու փորձառու մասնագետների կարծիքը դրանց վերաբերյալ։ Գիտաժողովին մասնակցում են ավելի քան 70 երիտասարդ տնտեսագետներ, որից 20-ը՝ արտասահմանից։ ՙԳիտաժողովի նպատակներից է աշխուժացնել գիտական կյանքը և ակտիվացնել հատկապես տնտեսագիտական համայնքին, որովհետև մեր երկրում և առհասարակ աշխարհում տեղի ունեցող զարգացումները դժվար է պատկերացնել առանց տնտեսական գործընթացների՚,- նշեց Կառլեն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ երիտասարդ մասնագետների տնտեսական վերլուծությունները կներկայացվեն համապատասխան մարմիններին, որոնք օգտակար կլինեն պետական տնտեսական քաղաքականությունն իրականացնելիս։
Տնտեսագետ Վարդուհի Գյոզալյանը կարևորեց գիտաժողովի անցկացումը։ Նա իր զեկույցում անդրադառնալու է ՀՀ տնտեսությունում արդյունաբերության ունեցած ներուժի բացահայտմանը։ ՙՄեր տնտեսության մեջ տեղի ունեցան կառուցվածքային բավականին մեծ տեղաշարժեր հատկապես հետճգնաժամային փուլում, ինչն իր հետ բերեց մի քանի ոլորտների դերի վերագնահատման։ Այս առումով, կարծում եմ, իմ վերլուծությունները որոշակիորեն բացահայտել են արդյունաբերության ունեցած մեծ պոտենցիալը ՀՀ տնտեսության խթանման գործում՚,- նշեց Վարդուհի Գյոզալյանը։
Նշենք, որ «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով գիտաժողովն իրականացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող ՙԱջակցություն՝ երիտասարդ գիտնականներին՚ ծրագրի շրջանակներում։
Կարդացեք նաև
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն