Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակաշառքը վերադարձրել են

Փետրվար 21,2013 15:48

ԳԱԼԱ-ի սեփականատիրոջ ասելով, հեռուստաընկերությունը որոշ չափով հասավ ընտրակաշառքի դեմ պայքարելու իր նպատակին

Նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ Գյումրու անկախ լրատվական ալիքը հայտարարություն էր տարածել `բնակիչներին կոչ անելով չգնալ ստոր գործարքի ու չվաճառել իրենց ձայնը: Իսկ նրանց , ովքեր արդեն հասցրել էին ընտրակաշառք վերցնել, հորդորել էին այն բերել ստուդիա` հետագայում «կավատներին» վերադարձնելու պայմանով:

Aravot.am-ը ԳԱԼԱ-ի սեփականատիրոջից հետաքրքրվեց, թե եղա՞ն մարդիկ, որոնք հետևեցին իրենց այս հորդորին: «Իհարկե եղան , մենք նկարահանումներ ունենք, որոնց մի մասը հրապարակել ենք, մյուս մասը չենք հրապարակել դեռևս: Եղան դիմողներ, այդ հայտարարությունը շատ մեծ արձագանք ունեցավ, որովհետև շատ-շատ հեռախոսազանգեր, շատ հանդիպումներ եմ ունեցել, որոնց ընթացքում մարդիկ շնորհակալություն են հայտնել և իրենց երախտիքի խոսքն են ասել: Շատ մարդիկ եղան, ովքեր իրոք վերադարձրեցին էդ կաշառքը: Ես գիտեմ դեպքեր, ընդ որում ոչ մեկ, ոչ երկու: Ես գիտեմ դեպքեր, երբ մարդիկ պարզապես հետ են տվել գումարը: Կան մարդիկ, որոնք մեր հայտարարությունից հետո հրաժարվել են գումար վերցնելուց: Կան մարդիկ էլ, որոնք տարել ու հետ են տվել գումարը:Ես ընտրակաշառքի դեմ պայքարի նպատակին հասել եմ», -ասաց Վահան Խաչատրյանը:

Մեր այն հարցին, եթե ընտրակաշառքը ոչ թե 5000 դրամ լիներ, այլ ասենք 50 հազար դրամ, ի՞նչ եք կարծում, նույն պատկե՞րը կլիներ, թե՞, Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում կհաղթեր, մեր զրուցակիցն ասաց. «Ես չգիտեմ` ինչ պատկեր կլիներ, ինձ համար ձեռ առնելիք է ընտրակաշառք երևույթը ընդհանրապես. կապ չունի 5 հազար է, 50 հազար է , թե 500 հազար է: Սա ընդունելի չէ, թիվը էստեղ կապ չունի, ընտրակաշառք վերցնելը նսեմացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Եվ իշխանությունը, որը ուզում է ընտրակաշառքով քվե ձեռք բերել, այդ իշխանությունը բանի պետք չէ, չի հարգում առաջին հերթին ինքն իր քաղաքացուն, և երկրորդ հերթին ինքն իրեն: Իսկ միայն գիտեմ, որ Շիրակի մարզի ազգաբնակչությանը ու ընդհանրապես ՀՀ քաղաքացուն պետք է ուշադրություն դարձնել: Ես չեմ մտածում,որ Երևանի բնակիչը շատ ավելի բարվոք պայմաններում է ապրում, քան գյումրեցին: Ես չեմ մտածում էդպես, բայց խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները պետք է սկսեն աշխատել ժողովրդի հետ, սկսեն ոչ թե իմիտացիա անել, որպեսզի միջազգային կառույցները էս կամ էն գնահատականը տան, այլ աշխատեն հասարակ քաղաքացու հետ: Դա մի բարդ բան չէ, շատ հասարակ ձևով կարելի էր անել, Սերժ Սարգսյանը իր ընտրված 1-2 տարվա ընթացքում ,ինչ-որ տեղ ներելի էր, որ ինքը չէր անդրադառնում , որովհետև ինքը դժվարին պայմաններում է ընդունել իշխանությունը, ինքը լեգիտիմ չի եղել, մինչև հիմա էլ լեգիտիմ չէ:

Եվ էդ պայմաններում շատ դժվար է աշխատել, երբ որ լեգիտիմ չես:Բայց երկու տարի հետո, երբ որ իր հարցերը բոլոր քաղաքական գործիչների հետ կարգավորեց և արդեն չուներ լուրջ ընդդիմություն, էդ ժամանակահատվածում ինքը ուներ շանս ժողովրդի հետ աշխատելու: Ինքը դրա փոխարեն, սկսեց ամայացնել քաղաքական դաշտը: Եվ իրեն թվում էր, թե ամայացնելով քաղաքական դաշտը, ինքը կունենար լուրջ հաջողություն: Սա տիպիկ կոմունիստական կուսակցության ներկայացուցչի աշխատելաոճ է, ինքը չի հասկանում ինչ է ժողովուրդը, իրական դեմոկրատիան: Չի ուզում փոխվել և աշխատել նոր ոճով:

Ուլյանով Լենինը ուներ մի բանաձև. ասում էր. «Ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ ներքևները չեն կարող ապրել առաջվա պես, վերևները չեն կարող կառավարել նորովի»: Լենինը սա բնորոշում էր որպես հեղափոխական սիտուացիա, հիմա մեզ մոտ այդ սիտուացիան է :Եթե վերևները չկարողանան արագ հասկանալ և ուղղել իրենց սխալները, և ինչ-որ բան անեն, որ ներքևները սկսեն իրենց լավ զգալ, ուրեմն ներքևից կքշեն էս իշխանություններին»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728