Ավանդապես հենց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը մեկնարկում է հերթական տարվա միջոցառումները: Այս անգամ թումանյանասերներին հյուրընկալել էր «Էդիթ-Պրինտ» հրատարակչության՝ Տիգրան Մեծի 65 հասցեում գտնվող գրախանութը՝ ներկայացնելով հրատարակչության եւ «Լոռվա ձոր»-ի համատեղ թումանյանական հրատարակությունները:
«Երեք տարում դրանց թիվը հասել է 38-ի՝ ընդգրկելով մեծ բանաստեղծի գրական ժառանգության, կյանքի եւ գործունեության բոլոր շերտերը,- մեր զրույցի ժամանակ ասաց «Էդիթ-Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը,- այս գործընթացը առաջիկայում եւս պետք է շարունակենք՝ նոր թումանյանական ստեղծագործական շերտեր հրատարակելով»:
Թումանյանական թեմաներով բանախոսները՝ բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը, արձակագիր Վալերի Պարանյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդվիգ Կարապետյանը, Թումանյանի ազգական, ակադեմիկոս Հանրի Ներսիսյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը եւ ուրիշներ, խոսեցին այն արժեհամակարգի մասին, որը փոխանցել է մեզ մեծ լոռեցին, եւ այն մեզ այսօր, քան երբեւէ անհրաժեշտ է:
«Մեր 2013 թվականի բոլոր միջոցառումների ոգին հենց դա է լինելու,- մեր թղթակցի հետ զրույցում ընդգծեց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը,- այլ կերպ չի կարող լինել: Թումանյանի թողած արժեհամակարգը շատ հզոր ու խորն է, եւ այն անընդհատ պետք է փոխանցել սերնդեսերունդ: Մենք ձգտում ենք, որ այն տիրապետող լինի մեր բոլոր միջոցառումներում»:
Կարդացեք նաև
ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ