Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գիտնականները բարձրաձայնեցին խնդիրների մասին

Փետրվար 21,2013 14:58

Եվ ակնկալեցին դրական տեղաշարժեր

Ընտրությունների ժամանակ ժողովուրդը ակնկալում է քիչ թե շատ դրական տեղաշարժեր՝ տնտեսական, սոցիալական, գիտակրթական, մշակութային եւ այլ ոլորտներում: Քանի որ մեր երկրի ամենացավալի խնդիրներից մեկը գիտության ցածր ֆինանսավորումն էր, փորձեցինք որոշ մտավորականներից ճշտել, թե ինչքանով էին ծանոթ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերին եւ ինչ առաջարկներ ունեն գիտակրթական բարեփոխումների վերաբերյալ:

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլ Պողոսյանը ծանոթ չէր նախագահի թեկնածուների ծրագրերին, սակայն նա առաջարկեց. «Լավ նայել մտավորականներին, խրախուսել երիտասարդ գիտնականներին՝ ֆինանսավորելով նրանց գործունեությունը: Հայաստանում գիտնականների մեծ մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, պետությունը պետք է աջակցի նրանց: Բարձրացնելով բուհերի ուսման վարձերը, ուսանողները ճնշվում են, իսկ քանի դեռ կրթությունը կառուցված է փողի վրա, կրթությունը չի զարգանա, հակառակը՝ ընկնում է կրթության որակը, մակարդակը»:

Պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Ալեքսանյանը, օրինակ, նշեց. «Նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերում գիտությանը նվիրված բաժինները ընտրություններից հետո հիմնականում չեն իրագործվում: Պատճառը ոչ թե գիտական ոլորտի չգնահատելն է, այլ երկրի սուղ ֆինանսները: Լինելով այդ ոլորտի ներկայացուցիչ, կարծում եմ, որ հստակ պետք է տարանջատվեն համալսարանական կրթությունը, բուհական եւ ակադեմիական գիտությունը: Գիտությանը հատկացվող գումարները բավական մեծ թիվ են կազմում, սակայն մոտավորապես 1%-ի շրջաններում է ֆինանսավորումը: Մեր երկրում անհրաժեշտ է գիտության ֆինանսավորման բարձրացում, որպեսզի այն չմղվի ետին պլան եւ չսահմանափակվի համալսարանական կրթությամբ: Խորհրդային շրջանում ակադեմիական գիտությանը 5-6% ֆինանսավորում էր հատկացվում, իսկ այժմ 1% է այն: Այսպիսի պայմաններում մենք չենք կարող ունենալ գիտակրթական լայն բազա: Ընդդիմության մասին բոլորովին չեմ ուզում խոսել, քանի որ առաջին նախագահի կառավարման ժամանակ էր, որ «քար գցվեց» գիտության վրա: Նախորդ երկու ադմինիստրացիաներն էլ ինչ-որ չափով դրական գործեր արել են, բայց դա շատ քիչ է: Գիտությունը մշտապես ֆինանսական աջակցման կարիք ունի, ինչքան շատ, այնքան արդյունքը բարձր: Իսկ այժմյան վիճակում այս ոլորտի արտագաղթը շատ մեծ չափերի է հասնում»:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Սահակյանն անդրադարձավ գիտության ոլորտում եւ ՀՀ ԳԱԱ- ում առկա խնդիրներին. «Քանի գնում, բարձրանում են ասպիրանտների ընդունման քննությունները, TOEFL կոչվածը մեր ուսանողների համար շատ բարդ է, նրանք չեն կարողանում այն հանձնել: Որերորդ տարին է՝ ասպիրանտների քանակը կտրուկ քչացել է, քանի որ չեն կարողանում հանձնել TOEFL: Ակադեմիայում ստեղծվում է հիմնարար գիտություն, որը կարգին ֆինանսավորման կարիք ունի: Ակադեմիայում պատուհան ենք փոխում, որի ծախսերը հոգում է տնօրինությունը, մենք առ այսօր ունենք մեր տպարանը, բայց ո՛չ թուղթ են տալիս, ո՛չ ներկ: Չնայած՝ մենք հիմա ավելի շատ գիրք ենք տպագրում, քան խորհրդային տարիներին: Բոլոր ծախսերը կատարում է ինստիտուտը: Սակայն լավ նորություն էլ կա, մեզ ընդգրկել են սոցիալական փաթեթի մեջ»:

ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գեւորգ Վարդանյանը լավատես է եւ հուսով է, որ դեռ կլինեն դրական փոփոխություններ. «Նախընտրական փուլում բոլորն էլ շռայլ խոստումներ են տալիս: Գովելի փաստ է, որ նախագահի որոշ թեկնածուներ խոսում են գիտության ցածր ֆինանսավորման մասին, սակայն ֆինանսավորման բարձրացումը մեծ հարցականի տակ է: Սերժ Սարգսյանը, իր նախագահության տարիներին, գիտության ոլորտում արել է որոշ բարեփոխումներ՝ կապված երիտասարդ գիտնականների հետ: Օրինակ՝ «Մատչելի բնակարան՝ երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» ծրագիրը: Կարեւոր խնդիր է նաեւ գիտական սարքավորումների հին լինելը, ինչը խանգարում է գիտության զարգացմանը: Բոլորս էլ հասկանում ենք, որ չունենալով կայուն հիմք, չունենալով երիտասարդների ներգրավվածություն գիտության ոլորտ, չունենալով նոր կադրեր, մեր երկրում գիտությունը հետզհետե «կմահանա»: Այսօր մեր երկիրը կանգնած է այդ վտանգի առաջ, սակայն ես լավատես եմ եւ մինչեւ հիմա կատարված քայլերը հույս են ներշնչում, որ գնալով իրավիճակը կկարգավորվի»:

Վահե Թորոսյանը, որ ՀՀ ԳԱԱ-ի երիտասարդ գիտնականներից է, նույնպես մտահոգված է մեր երկրում տիրող գիտության ծանր վիճակով. «Ակադեմիական գիտնականը պետք է միայն աշխատի ակադեմիայում, նա չպետք է դասավանդի, աշխատի բուհում՝ հաց վաստակելու համար: Եթե նա զբաղվում է այլ աշխատանքով, կորչում է գիտական աշխատանքի արդյունավետությունը: Հետաքրքրական է աշխարհահռչակ ականավոր բյուզանդագետ, ակադեմիկոս Հրաչ Բարդիկյանի օրինակը: Նա անգամ անկախության տարիներին հրաժարվեց դասավանդել՝ հավատարիմ մնալով ակադեմիական գիտնականի իր կոչմանը»:

ՎԱՐԴՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728