Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստագետներից ոմանք հիասթափված են

Փետրվար 21,2013 14:55

Ոմանք էլ փոփոխություններ են ցանկանում

«Առավոտը» ճանաչված արվեստագետներից հետաքրքրվեց, թե նախագահական ընտրություններից հետո ի՞նչ փոփոխություններ են ակնկալում մշակույթի ոլորտում:

Նախիջեւանագետ Արգամ Այվազյանը նշեց, թե ինքն անձամբ հիմնավոր փոփոխություններ չի ակնկալում. «Ինչ խոսք, մասնակի, կոսմետիկ փոփոխություններ կլինեն, բայց հիմնավոր՝ գոնե առաջիկա 5 տարում, չեն լինի»:

Բեմադրիչ Ռուբեն Բաբայանի խոսքերով՝ «Այն ամենն, ինչ  որդեգրում ենք իբրեւ  արժեքներ եւ հայտարարում աշխարհին, հենց դրանք էլ պիտի մեզ համար դառնան իսկապես իրական արժեքներ, եւ, բնականաբար, մենք էլ պետք է ապրենք ու ստեղծագործենք այդ արժեքների շրջանակում»:

Դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը հայտնեց, թե ինքը ոչ մի լավ բանի չի սպասում. «Երբեք հույսս չեմ կապել իշխանության կամ որեւէ իշխանավորի հետ: Այն՝ ինչ եղավ այսօր (նկատի ունի ընտրությունների արդյունքները), սրտովս չէ: Համոզված եմ, որ անցած 5 տարիների մշակութային քաղաքականությունը կրկնվելու է առաջիկա 5 տարիներին: Թատրոնի մշակի գործը ուղիղ համեմատական է մարդու բարոյական տեսակի հետ: Իսկ, միանշանակ, ունենք առողջ ժողովուրդ, որը, ցավոք, հարյուր տոկոս չի կազմում: Սակայն կարեւորը քանակի մեջ չէ, այլ որակի: Մեր մշակույթի պահպանման, զարգացման գործում, վստահ եմ, ժողովրդիս առողջ հատվածը, որը երբեք հայրենիքը տանուլ չի տվել, չի էլ տա: Ավելացնեմ, որ ժողովրդի ձայնը լսող է պետք, իսկ այդ ձայնը մշտապես հնչեցնում է իր ասելիքը: Գիտե՞ք, շատ հեշտ է կառավարել զանգվածի, որը պարզապես զոմբիացված է: Այնպես չստացվի, թե բացարձակ հիասթափված եմ: Ասել եմ ու կասեմ՝ հույսս կապում եմ ժողովրդիս առողջ զանգվածի հետ»:

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը համոզված է, որ կինոն պետք է դառնա մշակութային քաղաքականության առաջնային դեմքը. «Ոչ միայն իմ, այլեւ համախոհներիս նպատակն է հիմնել կինոթանգարան: Ախր մենք պարծենալու շատ բան ունենք. Համո Բեկնազարյանից սկսած մինչեւ այսօրվա երիտասարդ կինոգործիչները: Հույսով եմ, որ 1-2 տարում այս հարցն իր լուծումը կստանա: Կուզեի նաեւ, որ բացվեին նոր կինոթատրոններ, հիմնվեին նոր փառատոներ… Քաղաքակիրթ երկրների օրինակով, ի վերջո, պետք է հասկանալ, որ  սեփական ժողովրդին անհրաժեշտ է կինոկրթությունը»:

Դերասան Հրանտ Թոխատյանը հայտնեց, որ ինքն իսկապես ակնկալում է հիմնավոր, բնականաբար՝ լավ փոփոխություններ. «Յուրաքանչյուրս իր հերթին, նախագահն էլ պետք է ձգտի դրական փոփոխությունների»:

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն ասաց. «Որ արվեստագետին կթվա, թե ինքը լավ կամ ուշագրավ գործ է անում, սխալվում է: Տեսեք՝ ինչ է կատարվում համաշխարհային արվեստում: Աչքի լույսի պես են պահում լավ ու կայացած հինը: Առաջադեմ երկրների հերթական նախագահը գալիս է, բազմում գահին ու շարունակում նախորդի «դասական» գործը, ինչը հնարավոր է միայն կայուն ու հաստատուն օրենքների շնորհիվ: Այնպես որ, ինչպես մշակույթի ցանկացած   ոլորտի արվեստագետ, այնպես էլ նորընտիր նախագահը պետք չէ, որ հեծանիվ հորինի»:

Նկարիչ Շոթա Ոսկանյանը երազում է, որ պետությունը ուշադրություն դարձնի հատկապես ուսանող արվեստագետներին. «Օրինակ՝ չէի ուզենա, որ նկարիչ ուսանողը ուսման վճարի պատճառով դուրս մնա բուհից: Ուշադրության կենտրոնում պետք է  պահել նաեւ տարեց նկարիչներին: Գուցե նրանցից շատերը Խանջյան կամ Սարյան չեն, բայց էդ արվեստագետները ահագին բան են արել… Պետք է վերանայել  արվեստագետ դասախոսների աշխատավարձերը, նկարիչներին արվեստանոցներ տրամադրելու հարցը: Ի վերջո, պետք է լուծել Նկարիչների միության հարցը, իմանանք՝ կա՞, թե՞ չկա»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728