Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանկապարտեզը մեջ-մեջ են արել

Փետրվար 21,2013 14:44

Ժողովրդական վարպետ Աշոտ Մարտիրոսյանին էլ փորձել են արանքից հանել

«Արդար պետություն» նշանակում է քաղաքացիների հետ կարեւոր հարցերը քննարկելու եւ արդարացի որոշումներ ընդունելու կարողություն: Արդար պետությունը պարտավոր է բոլորի համար երաշխավորել հնարավորությունների հավասարություն թե՛ քաղաքական ասպարեզում, թե՛ տնտեսության մեջ, թե՛ մշակութային կյանքում». սա մի հատված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրից: Քիչ տարբերությամբ՝ մոտավորապես այսպիսի տողեր կան նաեւ Ս. Սարգսյանի 2008 թվականի նախընտրական ծրագրում:

Ժողովրդական վարպետ Աշոտ Մարտիրոսյանը, որը զբաղվում է քարերի գեղարվեստական մշակմամբ եւ ունի հարյուրավոր ստեղծագործություններ, անցած հինգ տարիների ընթացքում, ստեղծագործական աշխատանքով զբաղվելու փոխարեն, թաղային համայնքի մանր ու միջին պաշտոնյաների հետ կռիվ է տվել՝ իրականում իրեն պատկանող արհեստանոց-նկուղը հետ ստանալու համար: Մի խումբ պաշտոնյաների մեքենայությունների արդյունքում վարպետը արհեստանոցը կորցրել է եւ այսօր դատարաններում փորձում է վերականգնել իր՝ այդ տարածքի սեփականատեր լինելու իրավունքը:

«Առավոտի» հետ զրույցում Աշոտ Մարտիրոսյանն ասաց, որ ներկայումս այս գործով քրեական գործ է հարուցված, եւ կան հետախուզման մեջ գտնվող պաշտոնյաներ: Շենգավիթ համայնքի նախկին փոխթաղապետ Արբակ Աբրահամյանը նրանց թվում է, իսկ ողջ պատմությունը սկսվել է Շենգավիթի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանի օրոք: Վարպետի խոսքերով՝ իր «գլխի տակ փափուկ բարձ» դնելով՝ թաղային համայնքի պատասխանատուները մի օր հայտնել են, որ նրա արվեստանոցը, որը գտնվում է Շենգավիթի թիվ 160 մանկապարտեզի նկուղում, այլեւս նոր տեր ունի: Աշոտ Մարտիրոսյանի 140 քմ տարածքը՝ գումարած 160 քառակուսի մետր, Շենգավիթի թաղապետարանի ավագանու որոշմամբ նվիրատվություն է արվել թիվ 202 մանկապարտեզի աշխատակից Արմենուհի Ասլանյանին:

Ավելի ուշ Շենգավիթի ոստիկանությանը տված բացատրություններում տիկին Ասլանյանը հայտնել է, որ «ընտանեկան պայմաններից ելնելով»՝ ինքն է դիմել Շենգավիթի թաղապետարան, որպեսզի իրեն թույլ տան բնակվել Չեխովի 20 հասցեում գտնվող չգործող մանկապարտեզի մասնաշենքում: Թաղապետարանը չի մերժել, եւ, ըստ մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի, ընդամենը մեկ տարի հետո այս տիկինը դիմել է մանկապարտեզի առաջին եւ նկուղային հարկերը սեփականաշնորհելու խնդրանքով, թաղապետարանն էլ բավականին առատաձեռն է գտնվել եւ միանգամից 300 քմ տարածքը Ա. Ասլանյանին նվեր է տվել: Աշոտ Մարտիրոսյանի համոզմամբ՝ իրականում այս գործի հետեւում այլ մարդիկ են կանգնած, եւ Ա. Ասլանյանն ընդամենը «կեղծ» անձ է հանդիսանում, քանի որ այս գործի հետքերը կորցնելու համար Ա. Ասլանյանն էլ իր սեփականությունը վաճառել է մեկ այլ քաղաքացու՝ Վարդուհի Սարգսյանին: Ներկայումս Վ. Սարգսյանը, որպես բարեխիղճ գնորդ, դիմել է դատարան՝ պահանջելով վտարել 1999 թվականից նկուղը զբաղեցրած Աշոտ Մարտիրոսյանին: Վարպետի խոսքերով՝ առաջին գնորդը՝ Ա. Ասլանյանը, մանկապարտեզի տարածքում ոչ մի օր չի բնակվել: Դրա ապացույցն, ըստ Աշոտ Մարտիրոսյանի, ջրի, էլեկտրաէներգիայի, տարածքի վարձավճարների կտրոնների բացակայությունն է: Մինչդեռ վարպետը 1999 թվականից ի վեր ունի պահպանված ջրի, հոսանքի եւ տարածքի համար վճարած վարձերի բոլոր այն կտրոնները, որոնք հավաստում են, որ տարածքը տնօրինել է ինքը: Բացի այդ, ժողովրդական վարպետն ամեն տարի Շենգավիթի թաղապետարանի հետ կնքել է տարածքի վարձակալության պայմանագիր:

Աշոտ Մարտիրոսյանը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ դեռեւս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք մի որոշում է դուրս եկել, որով ժողովրդական վարպետներին սեփականաշնորհվում էին այն տարածքները, որոնք տարիների ընթացքում շահագործվում էին նրանց կողմից: Սակայն երբ որոշումը ձեռքին Աշոտ Մարտիրոսյանը դիմել է Շենգավիթի թաղապետարան, նրան վստահեցրել են, որ մանկապարտեզի շենքը ենթակա չէ սեփականաշնորհման, եւ այդ մասին խոսք լինել չի կարող:

«Սեփականաշնորհել չէր կարելի, բայց նվեր տալ, փաստորեն, կարելի էր: Ես այդ տիկնոջը ոչ մի օր չեմ տեսել այդ տարածքում բնակվելիս»:

Նշենք, որ մանկապարտեզի մնացած տարածքները սեփականաշնորհվել են այլ անձանց եւս: Ուշագրավ է, որ թաղապետարանը նրանցից ամեն մեկին նույնպես հատկացրել է 100, 200, 300 քմ տարածք: Ընդ որում, «կեղծ» սեփականատերերը, որոնց անուններով ձեւակերպված են այդ տարածքները, նույնպես երբեւէ մանկապարտեզի տարածքում չեն բնակվել: Չնայած սրան, նրանց անուններով ինչ-որ ԺԷԿ-ից, որն ընդհանրապես կապ չունի մանկապարտեզի հետ, տեղեկանքներ են ներկայացվել տարբեր ատյաններ, սակայն քրգործի շրջանակներում պարզվել է, որ դրանք նույնպես կեղծ են: «Կեղծ» սեփականատերերի նկատմամբ ներկայումս դադարեցվել է քրեական հետապնդումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Սակայն քրեական գործով պարզվել է, որ կեղծ փաստաթղթերի օգտագործման միջոցով է, որ Շենգավիթի թաղապետարանի հաշվեկշռում գտնվող գույքը՝ մանկապարտեզը, գրանցվել է մանկապարտեզի հետ կապ չունեցող այդ մարդկանց անուններով: Պարզվել է նաեւ, որ այս գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է 135 միլիոն դրամի վնաս: Այս գործն այժմ դատարանում է եւ այլ իրավապահ մարմինների վարույթում:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728