Երեկ մինչեւ ժամը 17։00-ը Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպում տեղի չի ունեցել: Թերեւս հենց այդ պատճառով էլ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում նշել է, որ իր աջակիցների հետ մնալու են հրապարակում, իսկ այսօր դիմավորելու են Սերժ Սարգսյանին` կազմակերպելու իշխանության փոխանցման արարողությունը:
Ր. Հովհաննիսյանի՝ մինչեւ ժամը 17։00-ը Սերժ Սարգսյանին հանդիպելու ուղղված առաջարկին ի պատասխան՝ երեկ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ Ս. Սարգսյանը «պատրաստ է ընդունել Հովհաննիսյանին իրեն հարմար ժամի»՝ միաժամանակ ընդգծելով, որ կարիք կա պարզություն մտցնելու հանդիպման նպատակի մասին «պարոն Հովհաննիսյանի հնչեցրած բավականին անհասկանալի ձեւակերպումների մեջ»։ «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե հաշվի առնելով, որ Ր. Հովհաննիսյանը ավելի շատ ձայն է հավաքել, քան նախորդ ընտրություններում մասնակցած մյուս ընդդիմադիր թեկնածուները՝ հնարավո՞ր է, որ որոշակի համագործակցության առաջարկ արվի նրան, ԱԺ փոխնախագահ, իշխող ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Համագործակցությունը միայն պաշտոն բաժանելը չէ, պետք է լինի քաղաքական ծրագիր, ռազմավարություն: Մեր օրակարգում այս պահին նման հարց չի քննարկվել»: Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը, վերլուծելով հետընտրական իրավիճակը, ուշագրավ հայտարարություն է արել՝ նկատելով, թե եթե Ր. Հովհաննիսյանը մասնակցի մի քանի ամսից կայանալիք քաղաքապետի ընտրություններին, եւ այդ ընտրությունների ընթացքում եւս ապացուցի, որ ինքը ձեռք է բերել այդ ձայները, ապա լրջագույն փոփոխություն կարձանագրվի քաղաքական դաշտում:
Այսպիսով՝ քաղաքական գործընթացները կարծես սկսում են ավելի ու ավելի հստակ ուրվագծվել: Իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ս. Սարգսյանը Ր. Հովհաննիսյանի՝ որպես ընդդիմադիր նոր առաջնորդի դերը տեսնում է ոչ թե կառավարությունում, այլ Ազատության հրապարակում:
Այս կերպ Ս. Սարգսյանը կարող է ապացուցել, որ, օրինակ, տարբերվում է Ռոբերտ Քոչարյանից եւ հետընտրական հանրահավաքներին չի խոչընդոտում, մարտի մեկեր չեն պատահում: Ավելին, Ս. Սարգսյանի համար նույնիսկ նախընտրելի կլինի, որ մի քանի ուժեր՝ ՀԱԿ-ից, ՀՅԴ-ից ու ԲՀԿ-ից էլ միանան Ր. Հովհաննիսյանին Ազատության հրապարակում: Տարբեր քաղաքական ուժերի մեկ տեղում կենտրոնացնելով՝ նա միջազգային հանրությանը լրացուցիչ անգամ կապացուցի, որ ոչ միայն նախագահական ընտրություններն էին «մրցունակ», այլեւ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնող, 2008-ի համեմատությամբ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից ավելի շատ ձայներ ստացած Ր. Հովհաննիսյանի գլխավորությամբ Հայաստանում «մրցունակ» ընդդիմություն կա, որը դեռ քաղաքապետի ընտրություններում կարող է իրեն դրսեւորել:
Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ դիմել է Ազատության հրապարակում հավաքվածներին. «Պատրա՞ստ եք երկարատեւ պայքարի, պատրա՞ստ եք մինչեւ հաղթանակ, ազատ, անկախ, ամբողջական, պատրա՞ստ եք…»:
Այս հարցը թերեւս իր մտքում հնչեցնում է նաեւ Սերժ Սարգսյանը. «Րաֆֆի, իսկ դու պատրա՞ստ ես երկարատեւ պայքարի…»:
2013-ի նախագահական ընտրություններում հրապարակը որոշ ժամանակ «թեժ» պահելը, Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ նոր ընդդիմադիր առաջնորդի «հաղթանակը» մյուս ընդդիմադիրների նկատմամբ, թերեւս Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ փուլի առաջին նպատակներից մեկն է:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Պինդ ճակատով, հաստ կողով,թուքն անձրևի հետ շփոթած լոխին չի հաջողվի ,,սլիվոչնի,, յուղի պես հալել մտածող Րաֆֆուն;