Ըստ ՀԱԿ անդամի՝ անվավեր քվեաթերթիկների քանակն ավելի շատ է եղել, քան ներկայացվել է
Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը կիսում է այն կարծիքը, որ անցած նախագահական ընտրությունները ՀՀ նորագույն պատմության շրջանում ամենաանհետաքրքիրն էին: Լյուդմիլա Սարգսյանն «անհետաքրքրության» իր պատճառներն է նշում. «Ի սկզբանե հստակ էր, թե ինչ է լինելու, եւ ամեն ինչ գնում էր գծված սցենարով: Չկային լուրջ մրցակիցներ: Կային մրցակիցներ, որոնք պետք է ապահովեին մրցակցության ֆոնը: Իրականում դա էր տեղի ունենում, եւ ՀԱԿ-ի չմասնակցելն այս ընտրություններին հենց այդ պատճառով էր: Հստակ էր, որ Սերժ Սարգսյանն ամեն գնով վերարտադրվելու է, ու դրա համար կային եւ էպոսագետ, եւ մնացյալ թեկնածությունները, որոնք էլ ապահովեցին կարծեցյալ մրցակցությունը: Եվ նրանց՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի մասնակցության արդյունքում նաեւ քիչ թե շատ ակտիվություն պետք է ապահովվեր ընտրությունների ընթացքում»: Սա, ըստ ՀԱԿ-ական պատգամավորի, ՀՀԿ-ական թեկնածուին խիստ անհրաժեշտ էր, որպեսզի ընտրությունները դիտարկող միջազգային կառույցների համար գոնե տեսանելի լիներ այն, որ Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ դեռ վստահություն կա: Մեր զրուցակիցը գտնում է, որ այն խնդիրները, որոնք դրված էին այս ընտրությունների համար, լուծվեցին. «լայց» տարբերակով, իհարկե, գործարկվեցին նախկինում փորձարկված բոլոր մեխանիզմները: Ծեծ-ջարդ չեղավ, քանի որ չկար այն լուրջ մրցակիցը, որի հետ Սերժ Սարգսյանն իրականում պայքար պետք է տաներ: Խնդիր կար ֆոն ապահովելու՝ ապահովվեց: Արդյունքում՝ Սերժ Սարգսյանը նշանակվեց, վերընտրվեց, թե ապահովեց իր հաջորդ շրջանի նախագահությունը, եւ դրանով ամեն ինչ ավարտվեց»:
ՀԱԿ պատգամավորը չի կիսում այն կարծիքը, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի քիչ ձայն էր հավաքել, քան այժմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նկատենք, որ ըստ պաշտոնական թվերի՝ 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքել էր 351 222 ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրություններում հավաքել է 536 769 ձայն: Այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը համարվում էր «հաղթող» թեկնածու, իսկ այժմ, նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի գնահատականներով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը համարվում էր «ոչ մրցակցային» թեկնածու: «Նախ՝ դա այդպես չէ: Ես վստահ չեմ, որ Րաֆֆին հավաքել է այդքան ձայն, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ այնքան էր հավաքել: Բայց այն ժամանակ այլ խնդիր էր լուծվում, հիմա՝ այլ: Այն ժամանակ բոլոր քաղաքական ուժերից թեկնածուներ կային, այդ թվում նաեւ ընդդիմադիր ներկայացող Արթուր Բաղդասարյանը: Այսինքն՝ այն ժամանակ մրցակցություն կար, եւ Սերժ Սարգսյանն իրական մրցակցին ոչնչացնելու խնդիր էր դրել: Րաֆֆիի պարագայում Սերժ Սարգսյանը վտանգ չէր տեսնում: Այս դեպքում նրան միայն պետք էին ֆոն եւ ակտիվություն: Ստացավ»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Իսկ այս օրերին Ազատության հրապարակում դրսեւորվող «Ժառանգության» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի դժգոհություններին Լյուդմիլա Սարգսյանն իր դիտարկումներն է անում. «Ես կցանկանայի, որ դա ավելի առարկայական դառնար: Կուզեի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանար տեր կանգնել իր ձայներին, եթե, իհարկե, համարում է, որ դրանից ավելի տոկոս է հավաքել: Կուզեի, որ նա կարողանար պայքարել, համառորեն առաջ գնար եւ կարողանար պահանջել ու հասնել ընտրությունների երկրորդ փուլի: Դա ինձ համար արդեն հետաքրքիր կլիներ: Հակառակ դեպքում, եթե սա ընդամենը մի գործընթաց է, որի արդյունքում ի վերջո Րաֆֆի Հովհաննիսյանը պիտի շնորհավորի Սերժ Սարգսյանին, միգուցե իր տոկոսներին համապատասխան՝ հետագայում նաեւ որոշակի պայմանավորվածություններ պիտի ձեռք բերի, դա ես արդեն անհետաքրքիր եմ համարում: Բազմաթիվ անգամներ դա մենք տեսել ենք»: Դիտարկմանը, որ 2008 թվականին Րաֆֆի Հովհաննիսյանը վեր կանգնեց ամբիցիաներից եւ կանգնեց Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ համաժողովրդական շարժման կողքին, Լյուդմիլա Սարգսյանը չհամաձայնեց. «Ես այդպես չէի ասի: Նա շատ պասիվ դիրք է ունեցել հետընտրական զարգացումների ժամանակ»: Իսկ հարցին՝ որպեսզի առավել արդյունավետ ուղղորդվի այսօր Ազատության հրապարակում կուտակված հանրությունն ու էներգիան, չե՞ն պատրաստվում ՀԱԿ-ը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը օգնել Րաֆֆի Հովհաննիսյանին, ՀԱԿ անդամն ասաց. «Ազատության հրապարակի մեծ մասը ՀԱԿ-ի համակիրներն ու անդամներն էին: Ես դա արդեն համարում եմ սատարում: Ընտրական տեղամասերում հանձնաժողովների մեր անդամների ակտիվ մասնակցությունը եւ ձայների պաշտպանությունը, հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի, նույնպես համարում եմ սատարում: Մենք հայտարարել էինք, որ չենք մասնակցում նախագահական ընտրություններին, եւ անկախ դրա պատճառներից՝ հանձնաժողովի մեր անդամների անաչառ աշխատանքով փորձեցինք նաեւ վերահսկել ընտրությունների ընթացքը եւ աջակցություն ապահովել այն թեկնածուներին, ովքեր ցանկանում էին մրցակցել Սերժ Սարգսյանի հետ: Այս պահի դրությամբ, կարծում եմ, դա բավարար է, իսկ երբ արդեն հստակ կդառնան Րաֆֆի Հովհաննիսյանի բուն նպատակները, եւ նա կփորձի ի պայքարը շարունակել, դա քննարկման թեմա է, որի արդյունքում մենք կկայացնենք մեր որոշումը: Եթե տեսնենք պայքար, կարծում եմ, որ մենք այդ պայքարին կմիանանք»:
Կարդացեք նաև
Նկատեցինք, որ մինչեւ ընտրությունների օրը ՀԱԿ-ից կոչեր էին հնչում՝ գնալ ընտրությունների եւ անվավեր դարձնել քվեաթերթիկը, մինչդեռ անվավեր քվեաթերթիկների քանակը, փաստորեն, նույնն է, ինչ որ 2008 թվականի ընտրությունների ժամանակ էր. ստացվում է՝ հասարակությունը ականջալուր չեղավ այդ հորդորներին: Տիկին Սարգսյանը հակադարձեց. «Մենք այն կարծիքին ենք, որ անվավեր քվեաթերթիկների քանակը ավելի շատ է եղել, քան ներկայացվել է: Տրցակով անվավեր քվեաթերթիկները դրվել են գործող նախագահի ձայների վրա: Նման կարծիքներ առիթ ունեցել եմ նաեւ «Ժառանգությունից» լսելու»: Ինչ մնում է կոչերին, տիկին Սարգսյանն ասում է, որ Լեւոն Զուրաբյանը սեփական կարծիքն է արտահայտել, նման հատուկ կոչ չի եղել: Ինքն այն կարծիքին է, որ մեր ընտրողները բավականին գրագետ են, եւ հստակ կողմնորոշող ուղղորդում անել պետք չէ, մարդիկ կընդունեն ճիշտ որոշում:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ