Ղազարյանների ընտանիքը 5 տարի առաջ եւս զինծառայող է կորցրել
Փետրվարի 19-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանական դիրքերում զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Գոռ Արթուրի Ղազարյանը: Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը հայտնեց, որ Բերդավան է տեղափոխվել զինվորի դին, Ռուսաստանից ժամանել են նրա ծնողները:
Ա. Գաբրիելյանն ասաց, որ Ղազարյանների ընտանիքը Ռուսաստան` Կրասնոդար է տեղափոխվել 90-ական թվականներին, երբ Գոռը 2-3 տարեկան էր: Գոռ Ղազարյանը Ռուսաստանից Հայաստան էր եկել զինվորական ծառայության պարտքը կատարելու համար: Բերդավանում բնակվում է Գոռի հորեղբոր` Կառլեն Ղազարյանի ընտանիքը: 2008թ. սեպտեմբերի 15-ին սահմանամերձ Ոսկեվան գյուղի խաչմերուկում արտասահմանյան ավտոմեքենայի ուժգին հարվածից զոհվել էր պայմանագրային զինծառայող, անչափահաս երեք երեխայի հայր, 44-ամյա Կառլեն Ղազարյանը:
Գոռ Ղազարյանը ազգային բանակ էր զորակոչվել 2011թ. աշնանը: Նրա հուղարկավորությունը կկայանա փետրվարի 22-ին:
Կարդացեք նաև
Նոյեմբերյանի զինկոմիսարիատից տեղեկացանք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հոգալու է զինվորի թաղման հետ կապված բոլոր ծախսերը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ