Այսօր թիվ 2 ընտրատարածքի 2/18 տեղամասի քվեաթերթիկների վերահաշվարկը տեղի չունեցավ: Հանձնաժողովի անդամները իրենց նախաձեռնությամբ երեկ վերահաշվարկի որոշում էին ընդունել, բայց այսօր արդեն քվեարկությամբ որոշեցին, որ դրա անհրաժեշտությունը չկա:
«Կարծում եմ չպետք է բացել, որովհետեւ ծանրաբեռնված աշխատանք ունենք այս արձանագրությունների հետ կապված»,- առաջարկեց հանձնաժողովականներից մեկը:
Հանձնաժողովի նախագահ Գուրգեն Խաչատրյանն էլ համաձայնեց առաջարկների հետ ու ասաց, քանի որ այս տեղամասի վերահաշվարկն անելու նախաձեռնությունն իրենցն է եղել ու օրենքին համապատասխանող պարկ է իրենց ներկայացված, ապա անհրաժեշտություն չկա բացելու:
«Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանն էլ չհամաձայնեց հանձնաժողովի որոշման հետ ու առաջարկեց բացել, բայց հանձնաժողովը մերժեց:
Կարդացեք նաև
«Այդպես չէ, հիշում եմ ձեր կայացրած որոշումը, որոշում եք ընդունել, որ այն տեղամասերում, որոնց պարկերը բերվել են բաց վիճակում, բացել: Այսինքն, ինչ, երեկ բաց էր, էսօր բաց չէ՞: Առանց այն էլ իմ առաջարկած 7 տեղամասերը չեք բացել, հիմա ինչն է խանգարում, որ այս մի տեղամասը, որ դուք եք որոշել, բացեք»,- հարցրեց պարոն Սաֆարյանը:
Հանձնաժողովի նախագահ Գուրգեն Խաչատրյանն էլ իրենց որոշումը այսպես բացատրեց. «Բացեցինք համապատասխան գրանցամատյանները եւ տեսանք, որ բողոք-դիմումներ չկային, իսկ Ընտրական օրենսգրքով էլ թույլատրվում էր նման դեպքում մերժել»: Նա իրենց որոշումը բացատրեց, որ պարկը աննշան է բաց ու դա տեխնիկական վթար համարեց. Ոչ մի խնդիր չկա, պարկը գրեթե անվնաս է.
«Ամենամեծ ցանկությամբ մեջ ոչ բյուլետեն կարող ես մտցնել, ոչ էլ հանել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ