Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «Մհեր Սեդրակյանը խախտել է օրենքը» (Տեսանյութ)

Փետրվար 21,2013 13:02

Լրագրող Մհեր Արշակյանի համար հանձնաժողովի որոշումն անհասկանալի է

Քիչ առաջ ԱԺ էթիկայի հանձնաժողովը որոշում կայացրեց, որ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանը կատարել է ԱԺ կանոնակարգի 6-րդ հոդվածի «ը» կետով նախատեսված խախտում, այն է՝ պատգամավորը պետք է  հարգալից վերաբերմունք ցուցաբերի ոչ միայն իր ընդդիմախոսների նկատմամբ, այլեւ այն անձանց հետ, ում հետ շփվում է ի պաշտոնե: Այս մասին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ նիստից հետո: Նա ասաց, որ այս հայտարարությունը կարվի ԱԺ առաջիկա նիստերից մեկում:

Հարցին՝ այսինքն, դա կոչի նման է լինելու, որ նա այլեւս չխախտի՞ օրենքը՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ընդհանրապես հանձնաժողովի նիստերը այդ առումով նրա համար է, որ  մենք ի վերջո ձեւավորում ենք մեր վարքագիծը: Դրանք միշտ մեկնաբանման ենթակա են եւ կարեւորվում են ցանկացած խորհրդարանում, որ ձեւավորվում է նոր վարքագիծ, որ գործընկերները սահմանում են ավելի մանրացված կանոններ՝ ցանկացած իրավիճակի հետ կապված»:

Նշենք, որ լրագրող Մհեր Արշակյանը նույնպես հրավիրված էր նիստին: Այդ միջադեպի հարցը, ըստ հանձնաժողովի օրակարգի, պետք է քննարկվեր ժամը 9:30- 10: 30: Մհեր Արշակյանը հանձնաժողովում է եղել ժամը 10:00-ին: Նա դուռը բացել է, հայտնել է, որ ներկա է եւ որեւէ արձագանք ներսից չի ստացել: Հանձնաժողովը գտել է, որ նա բացակա է, քանի որ ուշացել է կես ժամ:

Մհեր Արշակյանը մեզ հետ զրույցում հարցին՝ բավարարո՞ւմ է հանձնաժողովի որոշումը՝ պատասխանեց. «Որոշումը դժվարանում եմ ասել՝ ինձ բավարարում է, թե ոչ: Որոշում էր, էլի»:

Թե ինչ ակնկալիքներով էր  եկել Մհեր Արշակյանը՝ նա ասաց, որ եկել էր առանց ակնկալիքների, եկել էր ներկայացնելու այն, ինչ իրենց կհետաքրքրի. «Ինչպես պարզվեց, իրենց իմ փաստարկները առանձնապես հետաքրքիր չէին եւ, որ իրենք գիտեն արդեն, թե ինչ բան է պատգամավոր: Ինձ չլսեցին: Ես ժամը 10-ին այստեղ էի, ես կես ժամ ժամանակ եւս ունեի լսելու, թե իրենք ինչ են մտածում եւ իրենք էլ լսեին, թե ես ինչ եմ մտածում: Բայց իրենց չի հետաքրքրում, թե ես ինչ եմ մտածում: Փաստորեն, որոշում ընդունվեց, որ Մհեր Սեդրակյանը խախտել է օրենքը»:

Թե ինչ է տալու այդ որոշումը եւ արդյո՞ք կփոխվի Մհեր Սեդրակյանի վարքագիծը դրանից հետո՝ լրագրողը պատասխանեց. «Դա արհեստական որոշում է, որովհետեւ իրենք չեն կարող 50-նն անց  մարդու համար կայացնել մի այնպիսի որոշում, որ ինքը սկսի հաշվի նստել էթիկայի  կանոնների հետ: Ինքը այդ կանոնների հետ ԱԺ պատերից ներս հավանաբար կսկսի հաշվի նստել այլ մարդկանց ներկայությամբ եւ հավանաբար որոշ մարդկանց տեղում հուշելու, բայց ինքը չի կարող էթիկայի կանոնների մեջ մնալ 24 ժամ»:

Մհեր Արշակյանը նաեւ ասաց. «Ես չգիտեմ, թե Մհեր Սեդրակյանի արածն ինչու է պատգամավորին անհարիր վարք եւ ինչու այն քաղաքացու պարզ քրեական հանցագործություն չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728