Լրահոս
Օրվա լրահոսը

Գոյություն ունի մի տարբերակ, որը հավասարապես ընդունելի կլինի ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի համար

Փետրվար 21,2013 12:29

Ներքաղաքական կյանքում անորոշությունը պահպանվում է։ Հայ հասարակությունը, շունչը պահած, սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերին, այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանն, անկախ իրենից, դարձել է Հայաստանի ամենաառանցքային քաղաքական ֆիգուրը։ Այս իրավիճակն, իհարկե, իր մեջ նաեւ զավեշտի տարրեր է պարունակում, բայց ամեն դեպքում՝ պետք է հաշվի նստել առկա իրողությունների հետ։ Վերջին հաշվով, պետք է հարգել ժողովրդի ընտրությունը։ Ճիշտ է, հայտնի հեքիաթի հերոս Քաջ Նազարն էլ էր «իրադարձությունների բերումով» վագր հեծել ու վերջում դառել թագավոր, բայց դասական ժաղովրդավարության տեսանկյունից նա միանգամայն լեգիտիմ էր. համենայն դեպս՝ ժողովուրդն իր հոժար կամքով էր նրա մասին երգեր հյուսում։

Բայց վերադառնանք Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերին։ Իշխանական թեւից արդեն իսկ առաջարկներ են հնչում՝ առայժմ ակնարկների ձեւով, բայց դրանք ակնհայտորեն հետախուզական նպատակներ ունեն, փորձում են պարզել Րաֆֆի Հովհաննիսյանի «բերնի գոլը»։ Օրինակ՝ ակնարկում են, որ կարող են Երեւանի քաղաքապետի պաշտոնը տալ «Ժառանգությանը» (մայիսին ընտրություններ են), ակնարկներ են հնչում Րաֆֆի Հովհաննիսյանին վարչապետ կամ ԱԺ նախագահ նշանակելու մասին եւ այլն։ Րաֆֆիի «թեւից» էլ ակնարկում են, որ իրենց քայլերն ավելի օրիգինալ են լինելու։ Փորձենք հասկանալ։

Նախ՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնի մասին։ Այդ խայծը չափազանց պարզունակ է, եւ Րաֆֆին այն հաստատ կուլ չի տա։ Բանն այն է, որ եթե նա հիմա իր ձայներին տեր չկանգնի, առաջիկա երեք ամիսների ընթացքում նրա հսկայական վարկանիշը կփոշիանա, եւ մայիսին նա անգամ 10 տոկոս չի հավաքի։ Սերժ Սարգսյանն էլ, ինչպես հայտնի է, «քցելու» համար մի հատ է, այնպես որ՝ այս տարբերակը չի աշխատի։

Վարչապետի պաշտոնը Րաֆֆիին հաստատ չեն տա։ Տնտեսությունն ի վերջո բարդ համակարգ է, բացի այդ էլ՝ Սերժ Սարգսյանը մտադիր է Հայաստանի սարերը ոչ թե շարժել, այլ վարձակալությամբ տալ իրանցիներին։ Էլ չենք խոսում այն մասին, որ հովիվների հետ ձեռքով բարեւելու արդյունքում կովերի կաթնատվությունը հազիվ թե բարձրանա, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն այլ տեխնոլոգիաների կարծես թե չի տիրապետում։ Ճիշտ է, գործող վարչապետը նույնիսկ դրա՛ն չի տիրապետում, բայց նա գոնե հաջողությամբ կազմակերպում է երկրի թալանը, իսկ դա Սերժ Սարգսյանի համար շատ կարեւոր է։ Այնպես որ՝ վարչապետի պաշտոն Րաֆֆիին չեն առաջարկի։ Կարող են առաջարկել փոխվարչապետի պաշտոն, բայց դրան էլ արդեն Րաֆֆին չի համաձայնվի եւ ճիշտ էլ կանի։

ԱԺ նախագահի պաշտոն գուցեեւ աոաջարկեն։ Հայաստանում դա անշառ, համարյա ձեւական պաշտոն է։ Օրինակ՝ Տիգրան Թորոսյանը կամ Սամվել Նիկոյանը զբաղեցնում էին այդ պաշտոնը, բայց իշխանական համակարգում երկրորդական-երրորդական դեմքեր էին։ Ճիշտ է, Րաֆֆի Հովհաննիսյանին

կարող է գայթակղել պաշտոնապես պետության երկրորդ դեմքի կարգավիճակը (համապատասխան արտոնություններով, Անվտանգության խորհրդի անդամությամբ եւ այլն), բայց այդ պաշտոնը նրան իշխանական որևէ իրական լծակ չի տա, այնպես որ՝ նման գործարքի գնալով նա կխաբվի։

Ուրեմն ո՞րն է առավել հավանական տարբերակը։ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներն արդեն իսկ հայտարարում են, թե մտադիր չեն մագլցել ԱԺ ցանկապատների վրա, այսինքն՝ առճակատման տարբերակը բացառվում է։ Բանակցությունների ճանապարհով էլ, հասկանալի է, Սերժ Սարգսյանն իշխանությունը չի զիջելու։ Բայց բանակցելու թեմա, այնուամենայնիվ, կա։ Օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է փողոցային պայքարից հրաժարվելու դիմաց արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջել (այն հույսով, որ նոր խորհրդարանում էլ 37 տոկոսին համապատասխան մանդատներ կունենա), եւ Սերժ Սարգսյանը, պատկերացրեք, կարող է մեծ սիրով ընդառաջել նրան։ Ինչո՞ւ։ Որովհետեւ դա նրան հնարավորություն կտա ձերբազատվել ԲՀԿ-ի հսկայական խմբակցությունից եւ այն փոխարինել «Ժառանգության» նույնքան մեծաթիվ խմբակցությամբ։ Այսինքն՝ տեսականորեն գոյություն ունի մի տարբերակ, որը հավասարապես ընդունելի կլինի ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի համար։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Քաջ Նազարի ազգը բոլորի մեջ Նազար է փնտրում, երևի ազգային հենքից է;Նազարին բռնապետ դարձնում են,հետո հասկանում; Այս պահին ժողովուրդը իր ընտրությունը կատարել է, Նազար-Բռնապետից փրկվելու հույսով;Սերժը չի զիջելու, ասում եք;ՈԴ-ն թող մտածի իր համար;Րաֆֆին հաղթելու է;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728